Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
ՆերքաղաքականՆԳՆ-ն ներկայացրել է, թե ինչպես կարող են Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձինք փոխհատուցում ստանան:
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։
Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։
Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։
Ընդունված կարգի շրջանակներում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ Պատճառված մյուս վնասների փոխհատուցման հարցերն առաջիկայում կկարգավորվեն։
Ե՞րբ կարելի է դիմել փոխհատուցում ստանալու համար։
Փոխհատուցում նշանակելու և վճարելու համար անձը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումի ներկայացման մանրամասների մասով կտրվի պարզաբանում, կմշակվեն ձևաչափեր։
Ի՞նչ եղանակով և չափով են փոխհատուցվելու շահառուների վնասները։
- Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։
- Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք ստանում են փոխհատուցման գումար վերանորոգման համար, ինչպես նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար։
Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝
1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։
Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝
1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Ե՞րբ է տրամադրվելու փոխհատուցումը։
Դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Որոշման մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման հաստատման դեպքում վկայագիրը համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուի դիմումի հաստատումից հետո՝ երկամսյա ժամկետում։ Մնացյալ վճարումները կատարվում են համապատասխան պայմանների պահպանմամբ՝ մասերով և անկախիկ վճարման սահմանաչափի կիրառմամբ։
https://iravunk.com/sim/?p=287540&l=am/