Կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը. Մելիք-Շահնազարյան
Ներքաղաքական«Իրավունք»-ի զրուցակիցն է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:
— Որքանո՞վ եք իրատեսական համարում Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցությունը:
— Ես այս պահին նման հնարավորություն չեմ տեսնում Հայաստանի համար, ինչպես նաեւ դրա նպատակահարմարությունը չեմ տեսնում։ Ակնհայտ է մեկ բան, որ իշխանությունները ինչ-որ քարոզչական թեզեր, անիրատեսական ապագա խոստանալու մարտավարություն են կիրառում՝ առավել օրհասական եւ կարեւոր խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելով: Եվ դա նաեւ փորձում են խաղարկել հակառուսական իրենց մոտեցումներն արդարացնելու համար՝ այդ գործոնը օգտագործելով նաեւ Արեւմուտքից որոշակի աջակցություն ստանալու հարցում, բայց ոչ ավելին։ Այսինքն, Հայաստանը Եվրամիության անդամ չի լինելու։ Սա միանշանակ է եւ չի լինելու բազում խնդիրների եւ այլնի պատճառով: Ու նաեւ այն պատճառով, որ Հայաստանին իսկապես այս փուլում դա պետք չէ։
— Այդուհանդերձ, իշխանամերձ շրջանակների միջոցով փորձ է արվում քաղաքական օրակարգում դնել՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Չեմ կարծում, որ դա անցկացվում է հենց այդ հարցով։ Այսինքն, դա մարդկանց խաբելու եւ հանրաքվեին մասնակցության տոկոս ապահովելու միջոց է ընդամենը, բայց ոչ ավելին։ Իրականում այդ հանրաքվեում կարծում եմ, որ իշխանություններն ավելի վտանգավոր հարցեր կդնեն։ Մասնավորապես, Ադրբեջանին ավելի մեծ տարածքային զիջումներ կամ՝ Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխություն եւ այլն, եւ այլն։ Եվրամիության անդամակցությունը զուտ մարդկանց խաբելու եւ հանրաքվեի բերելու մարտավարություն է: Դրա համար ես ինքս այդ գաղափարին շատ բացասական եմ վերաբերում եւ կարծում եմ՝ հանրաքվեով նման բաները չպետք է որոշվեն։ Նման հարցերն անհրաժեշտ է սկզբից բանակցել եւ նոր հստակ խոստումներ ունենալ ու հետո նոր որոշել ժողովուրդն այդ հարցին պատասխանի՞, թե՝ ոչ, որպեսզի չստացվի, որ հանրաքվեի ընթացքում, պայմանական ասած, ժողովուրդը նման ցանկություն հայտնի, բայց հետո եվրոպական չինովնիկներն ասեն, որ՝ չէ, դա հնարավոր չէ։
— Եթե, ամեն դեպքում, հանրաքվե անցկացվի, չե՞ք կարծում, որ ընտրության հավասար հնարավորություններ պետք է ստեղծվեն մեր համաքաղաքացիների համար, եւ դրվի ընտրության երկու տարբերակ՝ գնալ Եվրամիությո՞ւն, թե՞ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետություն։
— Կարծում եմ, որ սխալ է մեր ժողովրդին նման ընտրության առջեւ կանգնեցնելը։ Հայ հասարակությունն իր ընտրությունը կատարել է՝ դա անկախ եւ հզոր պետականությունն է, մաքսիմալ ինքնիշխան։ Այստեղից հարց է առաջանում, թե ինչու է պետք այլ ընտրության առջեւ դնել։ Ես ինքս դեմ եմ այդ մոտեցմանը եւ կարծում եմ՝ այդ հարցով հանրաքվե անցկացնելու ոչ մի անհրաժեշտություն, ոչ մի կարիք եւ նաեւ նման նպատակադրումներ Հայաստանն իր առջեւ չպետք է դնի։
— Անդրադառնանք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը. կարելի՞ է համարել, որ այն չհաջողեց, թե՞ դեռեւս հույսեր կան: Ի վերջո, նոր քաղաքական զարգացումներ կլինե՞ն աշնանը, թե՞ մինչեւ 2026 թվականը Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել։
— Այնքան էլ համաձայն չեմ այն գնահատականին, որ չհաջողվեց։ Հաջողվեց բազում խնդիրներ լուծել այս շարժման ընթացքում։ Խնդիրներից մեկը՝ իշխանափոխությունը չի հաջողվել դեռեւս, բայց նաեւ չեմ կարող ասել, որ շարժումը դադարեցված է, եւ զարգացումներ չկան։ Մենք գիտենք, որ առաջիկա օրերին լինելու է հավաք, լինելու են մարզային այցեր, սրբազանը դրա մասին հայտնել է, շարունակվում են նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ, տարբեր խմբերի հետ համակարգման աշխատանքներ եւ այլն։ Ինքը գործընթաց է, որն ընթանում է դեռ, եւ չէի ասի, որ ամեն ինչ ավարտված է։ Այո՛, հասկանում ենք, որ ամռան ամիսներով պայմանավորված՝ սովորաբար քաղաքական գործընթացները դանդաղում են Հայաստանում եւ ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, բայց չեմ բացառում իրադարձությունների անսպասելի զարգացում եւս: Դրա համար չեմ մտածում, որ պետք է հուսահատվել եւ կարծել, որ իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը 2026-ի ընտրություններն են։ Ո՛չ, ես համոզված եմ, որ կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը։ Այո՛, սպասումներն առավել քան շատ են աշնան ամիսների՝ սեպտեմբերի եւ հոկտեմբերի հետ կապված, սակայն չեմ բացառում, որ դա ավելի շուտ էլ տեղի կունենա։
— Ձեզ համար պա՞րզ է, օրինակ, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հետ կապված՝ Բագրատ սրբազանի շարժումն ինչպիսի՞ դիրքորոշում ունի։
— Պետք է լինի նախ խաղաղության պայմանագիր, մշակվեն ամբողջական սկզբունքները, ոչ թե` հատվածական։ Տավուշի համար մի սկզբունք պետք է լինի, Սյունիքի համար՝ այլ սկզբունք։ Հետո նոր արդեն ունենալով միջնորդների մասնակցությամբ ստորագրված հիմնարար փաստաթուղթ՝ նոր սկսենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից։ Ի դեպ, այդ գործընթացի տրամաբանությունն էլ պետք է լինի խաղաղության պայմանագրում ներառված, թե ի՞նչ սկզբունքներով է դա արվելու։ Ամբողջ հարցն այն է, որ հիմա սահմանագծում եւ սահմանազատում չի իրականացվում։ Իրականացվում է Հայաստանի տարածքների հանձնում Ադրբեջանին։ Ի դեպ, սրբազան պայքարի եւ այս շարժման հիմնական պահանջներից մեկն էլ հենց դա է, որ չլինի ուղղակի հանձնում, այլ լինի այդ ամենը բանակցություններով՝ հաստատված պայմանագրի հիման վրա, որպեսզի դա լինի վերջնական, եւ հաշվի առնվեն երկու կողմերի ու ոչ միայն ադրբեջանական կողմի շահերը։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=287302&l=am/