Էդ թողեցիք, եկաք, որ Ղարաբաղ ազատագրեք ու նորի՞ց գնաք. Հակոբ Չաքրյան
Ներքաղաքական«Իրավունք»-ի զրուցակիցն է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ:
— Կարո՞ղ ենք համարել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցով էր պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը:
— Փաշինյանն ինչո՞ւ պետք է պայմանավորվի: Հայաստանն ի՞նչ է, Էրդողանի՞ն է ենթարկվում՝ որեւէ պետության անկախության ճանաչման որոշում կայացնելիս: Իսրայելի համար էլ չէ այն միտումը, որ նա Ադրբեջանին է միշտ աջակցել: Պարզապես արդարացնու՞մ եք, թե՞ ոչ. այս կողմից պետք է նայենք: Աշխարհում ավելի քան 100 երկիր, 60 ամերիկյան երկրներ, նույնիսկ Իսպանիան՝ Իսրայելի հարձակումները որակեցին որպես ցեղասպանություն: Ի՞նչ պարտադիր է, որ Փաշինյանը գնա եւ Էրդողանի հետ էլ պայմանավորվի: Չեմ կարծում: Երեւի թե, ընդդիմությունն էլ մեղադրելու բան չունի, եւ այդ ամենից է կառչել:
— Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսի պրոթուրքական եւ պրոադրբեջանական դրսեւորումներ է ցուցաբերել, որ գուցե մեղադրելու չէ՞ մարդկանց ունենալ նման կասկածներ:
— Հայաստանի արտաքին քաղաքականությունը պրոադրբեջանական չի եղել: Պրոադրբեջանական է եղել Արցախի Հանրապետության «քնձռոտ» վերնախավի ղեկավարների շարքը: Եթե հիշում եք, Էնթոնի Բլինքենը հրավիրել էր Վաշինգտոն Ղարաբաղ-Ադրբեջան հանդիպում կազմակերպելու, սակայն դա մերժեցին: Մեծ վայնասուն բարձրացվեց, ղարաբաղյան կլանը ձայնակցեց վայնասունով, հետո Բլինքենն ասաց, որ եթե չեք ուզում Վաշինգտոնում, բերեք երրորդ երկրում կազմակերպենք հանդիպման վայրը: Ղարաբաղ-Ադրբեջան հանդիպման համար ընդունվեց Բուլղարիան, եւ Ղարաբաղի վիժվածքները դա էլ մերժեցին: Շահրամանյանը ստորագրեց՝ սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետությունը կազմալուծելու մասին հրամանագիրը, սակայն մինչ դեկտեմբերի 1-ը ժամանակ կար: 2,5 ժամ ժամանակ էին տվել, որ ազատեն: Ինչ-որ կար-չկար թողեցին եւ եկան, ու տարօրինակն այն է, որ Հայաստան գալուց հետո նոր սկսել են Ղարաբաղ ազատագրել: Էդ թողեցիք, եկաք, որ ազատագրեք ու նորի՞ց գնաք: Ազատագրել ի՞նչ է նշանակում: Հայաստանը նորի՞ց գնա պատերազմի Ադրբեջանի դեմ, թե՞ ինքը զոհեր տա: Եթե հիշում եք, դիրքերում ղարաբաղցի զինծառայողներին պաշտպանում էին հայաստանցի զինծառայողները: Նրանք էլ զոհվում էին, իսկ ղարաբաղցիները մարդկանց գնում փողոցից թափած խնձորը հավաքելու համար էլի բողոքում էին, կամ ավելի ստոր քայլի էին գնում: Հատուկ հրավիրում էին հողամաս, մի քանի ողկույզ խաղող էին պոկում տալիս էին ձեռքը, հետո գնում բողոքում էին ու մարդկանց բռնում էին: Հենց մեր հայաստանցի զինծառայողներին: Հետո զանգում էին, թե տղան նման բան է արել, որպեսզի գնային մի քանի հազար դոլարով ազատեին: Այդպիսի ստորություն ոչ բոլոր ժողովուրդներն են ունակ, բայց ղարաբաղցիները, որ ասում են հայ չենք, ղարաբաղցի ենք, արդեն չգիտեմ…
— Վերադառնանք նախորդ հարցին` ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանը հենց հիմա ճանաչեց Պաղեստինի պետությունը, այլ ոչ թե, օրինակ, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո:
— Նպատակահարմա՞ր էր Պաղեստին պետության ճանաչումը Հայաստանի կողմից 44-օրյա պատերազմում: Պատերազմը թողած` պետք է Պաղեստինի անկախությունը ճանաչեր եւ հայտնվեր ծիծաղելի կացության մե՞ջ: Մի պետություն, որն ընկել է պատերազմի մեջ եւ չորս կողմից խեղդում են: Թուրքերը` մի կողմից, թուրքերի բերած սիրիացի վարձկանները` մյուս կողմից եւ այդ ամենը թողած`պետք է անկախություն ճանաչե՞ր:
— Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը նշել էր, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը՝ լրջագույն հետեւանքների կբերի: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այստեղ մահմեդական աշխարհի համակրանքը շահելն է: Թե չէ ուզում է ասել, որ մենք չենք չեղարկելու: Եթե ճանաչում ենք, ապա ճանաչում ենք, եւ դա կմնա որպես մեր արտաքին քաղաքականության առանցքային կետերից մեկը: Մենք մենակ չենք: Ավելի քան 148 երկիր ճանաչել է ու նրանցից մեկն էլ Հայաստանն է: Պաղեստինի անկախությունը ճանաչելն արդեն հասունացել էր: Պաղեստինի խնդիրը պետք է չմոռանանք, որ դեռեւ 1948 թվականին է ծագել, քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որ Իսրայելին ճանաչեց՝ ճանաչել էր նաեւ 2 պետության ստեղծումը: Մյուսն էլ Պաղեստինի պետության ստեղծումն էր: Իսրայելը ստեղծվեց, դարձավ պետություն, ճանաչում գտավ, բայց պաղեստինյան պետություն չէր ստեղծվել:
— Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ Հայաստանը սրանով թիրախավորեց Իսրայելի հայ համայնքին` հաշվի առնելով նաեւ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ առկա խնդիրները Երուսաղեմում:
— Ինչ ուզում են անեն, Պաղեստինին ճանաչեն, թե` չճանաչեն, Իսրայելի համայնքի դեմ բացասական վերաբերմունք, անգամ թշնամական վերաբերմունք էլ դրսեւորեն, միեւնույնն է, այս ամենը չի թաքցվել երբեւէ: Մարդկանց տներից վտարել, ինչ ստորություն ասես արել են: Հետո մենք չենք կարող Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշել համայնքներով: Դա իրենց քաղաքացիներն են չէ՞, ՀՀ քաղաքացիները չեն: Հետեւաբար, Հայաստանի ինքնուրույն քաղաքականություն որոշողը պետք է իրականացնի իր քաղաքականությունը, այլ ոչ թե նայի, թե վայ այստեղ հայ կա, այնտեղ` չկա: Այժմ բոլորին մենք չենք կարող հաշվի առնել: Այսինքն, դա պարտավորություն չէ Հայաստանի համար, նա ինքը պետք է հարգի իր քաղաքացիների իրավունքները եւ ոչ թե` մենք: Եթե եզրափակենք, ապա պետք է արձանագրենք, որ թվով 148 երկիր ճանաչել է Պաղեստինի անկախությունը, ուստի` շատ դեպքերում հարց է առաջանում, որ եթե այժմ էլ չճանաչեինք, ապա էլ ե՞րբ: Պահն էլ հարմար է, քանի որ այդ ճանաչման հարցը նաեւ միջազգային օրակարգում է եւ նախընտրելի է, որպեսզի հենց այժմ ճանաչենք, քանի որ այդ շարժումն այլ ժամանակ կմարի եւ, հետեւաբար ամբողջ աշխարհը չի ճանաչի: Այսինքն, էլի եմ շեշտում` պահը հարմար էր ճանաչելու համար:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=287024&l=am/