Արթուր Վարդանյանը քաղբանտարկյալ է. ակնկալում եմ ամենքի արձագանքը. կինը փակագծեր է բացում
ՀանդիպումՈւղիղ մեկ շաբաթ է, ինչ Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա տիկնոջ՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ հետ:
«ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՐԻՔԸ ՉԿԱՐ ԱՅԴ «ՇՈՈՒ»-Ի, ԱՅՆ ԷԼ` ԱՅԴՊԵՍ ԳԱԶԱՆԱԲԱՐ…»
— Թույլ տվեք նախ հետաքրքրվել Ձեր առողջությամբ, որովհետեւ տեղյակ ենք, որ վնասվածքներ ունեիք: Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ:
— Երեկոյան զբոսնում էինք, եւ Ռիա մոլում շատ պատահական մեզ մոտեցան քաղաքացիական հագուստով մարդիկ: Սկզբում նույնիսկ մտածեցի, թե Արթուրի ծանոթներն են, մոտենում են բարեւեն, բայց նրանք հանկարծակի ոլորեցին նրա ձեռքերը, հետո ավելացան եւս մի քանիսը: Այնպիսի արագությամբ շրջապատեցին Արթուրին, որ այլեւս նրան չէի կարողանում տեսնել: Այդ ընթացքում, երբ ես շփոթված փորձում էի հասկանալ, թե ինչ մեքենայով եւ որ ուղղությամբ են տանում ամուսնուս, շատ պատահական վայր ընկա եւ վնասվեցի: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ ընդգծել: Ամենացավալին այն էր, որ Արթուր Վարդանյանը թաքնված չէր, հետախուզման մեջ չէր, նա քաղաքական, հանրային գործիչ է, եւ ցանկացած պահի, եթե նրան ներկայացվեր որեւէ ծանուցում, նա ինքը կներկայանար: Կամ եթե այդպես փողոցում պետք է մոտենային, կարելի էր գոնե քաղաքակիրթ ձեւով ներկայանալ, ասել ինչ խնդիր կա, եւ Արթուրը նրանց հետ կգնար ոստիկանության բաժանմունք: Բացարձակ կարիքը չկար այդ «շոու»-ի, այն էլ` այդպես գազանաբար… Ես միայն ոստիկանական բաժանմունքում եմ իմացել, որ ոստիկաններ են եղել Արթուրին առեւանգողները, նրանք այնպես հարձակվեցին, որ անհասկանալի էր՝ արդյոք իրավապահ կառույցի ներկայացուցիչներ են, թե փողոցից ինչ-որ մարդիկ: Երբ հարցնում էի՝ ո՞ւր եք տանում Արթուրին, մեկ ասում էին՝ Էրեբունու ոստիկանության բաժանմունք, մեկ ասում էին՝ Մաշտոցի: Երբ մի քիչ հանդարտվեցի, ինքս շտապեցի Էրեբունու ոստիկանության բաժանմունք եւ միայն այնտեղ համոզվեցի, որ Արթուրին բերման են ենթարկել ոստիկանություն ու նույն օրն էլ նրան տեղափոխեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
— Ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված այդ շտապողականությունը, երբ, ըստ էության, Արթուր Վարդանյանը բերման է ենթարկվում, ապա հայտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ մի գործով, որը հարուցվել է 9 տարի առաջ:
— Նախ ասեմ, որ մինչ այս, Արթուրին զգուշացումներ, ուղղակի եւ անուղղակի ձեւով սպառնալիքներ են ուղղվել, թե՝ գլխիդ մի բան կսարքեն, դատարանի ձեռքին որոշում կա, երբ ցանկանան, կազատազրկեն: Բայց Արթուրը երբեք չի լռել, նա միշտ է բարձրաձայնել երկրի իրավիճակի, իշխանությունների թերացումների, կատարվող անարդարությունների մասին: Իսկ վերջին շրջանում այն շարժումը, որը ձեւավորվել էր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» անունով, նա էլ էր միացել ժողովրդին ու կանգնել նրանց կողքին: Ի դեպ, ասեմ, որ ընտանիքով ենք եղել շարժման կողքին՝ դեռեւս Կիրանցում ու Ոսկեպարում, երբ դրված էր սահմանազատում-սահմանագծում իրականացնելու հարցը, կիրանցիները դուրս էին եկել փողոց եւ պայքարում էին իրենց տներից դուրս չգալու համար: Այսինքն՝ իրենց ապրելու իրավունքի համար էին պայքարում: Այնպես չէ, որ Արթուրը նստել է տանը եւ երբ մարդիկ հավաքվել են հրապարակում, գնացել է: Հատուկ եմ շեշտում այս մանրամասները, որպեսզի հասկանալի լինի՝ Արթուրն ինչ-որ անձերի կողքին լինելու ցանկություն ու նպատակ չի ունեցել, այլ նա ժողովրդի կողքին էր եւ հանուն ժողովրդի փրկության էր պայքարում:
«9 ՏԱՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՔՐԳՈՐԾՆ ԱՐԴԱՐ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ՍՏԱՆԱ»
- Կարծում եք, որ սա պայմանավորված էր նրանով, որ Արթուր Վարդանյանն ակտիվորեն սատարում էր Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմա՞նը:
— Չեմ կարծում, համոզված եմ, որովհետեւ հենց առաջին իսկ օրերից, երբ Արթուրը նկատվեց շարժման շարքերում, համացանցը ողողվեց սպառնալիքներով, թե տեսեք` ով է այնտեղ: Անկախ նրանից, որ Արթուրն իր ելույթներում, գրառումներում, հարցազրույցներում միշտ քննադատել է իշխանություններին, կարծես, սա այն վերջին կաթիլն էր բաժակի, որ նրան ուղղակի չներեցին, ավելի ճիշտ՝ սա էլ չներեցին: Ընդ որում՝ բոլորովին չչարչարվեցին, Արթուրի պարագայում ամեն ինչ հեշտ էր, կար հարուցված քրեական գործ, եւ ընդամենը պետք էր մեկ հրահանգ դատավորին, որպեսզի նրան լռեցնեին 9 տարի եւ երկու ամիս ժամկետով: Ուրիշ ինչպե՞ս բացատրել այն, որ վարույթը Վճռաբեկ դատարանը մերժում է հունիսի 18-ին, իսկ հունիսի 19-ին գործն արդեն վերադարձված է եղել առաջին ատյանի դատարան, եւ վերջինս էլ ոստիկանությանն ուղարկել է` Արթուրին բերման ենթարկելու: Նույնիսկ ֆիզիկապես այս գործընթացը հնարավոր չէր նման արագությամբ իրականացնել: Այսինքն՝ 24 ժամվա ընթացքում իրականացվեց այս «օպերացիան»: Այսպիսի պատահականություններ չեն լինում: Պարզապես, հրահանգ կար Արթուրին լռեցնել, նա ճիշտ էր՝ 1937թ.-ը եւ Հյուսիսային Կորեան հանգստանում են։ Եվ, այո՛, Արթուրը մասնակցում էր հանրահավաքներին, նա չէր կարող անտարբեր մնալ, երբ Տավուշի սահմաններն էին բզկտվում: Նա արցախյան ազատամարտիկ Վալերիկ Վարդանյանի որդին է, 44-օրյա պատերազմի բովով անցած իր Հայրենիքի մշտական զինվորը, ինչպե՞ս կարող էր լռեր…
— Այնուհանդերձ, վերադառնանք հարուցված քրեական գործին: Փաստորեն, ստացվում է նույն «Նորք-Մարաշի» գործով բոլորը հայտնվեցին ազատության մեջ, իսկ Արթուր Վարդանյանը 9 տարի անց՝ այն էլ 9 տարով հայտնվեց բանտո՞ւմ:
— 9 տարի պայքարում ենք, որ, ի վերջո, այս քրեական գործն արդար հանգուցալուծում ստանա: Ի տարբերություն Արթուրի՝ շատերը նախընտրեցին լռել, ոմանք մտան իշխանության թեւի տակ, իրենց հարցերը լուծեցին: Արթուրին տարբեր կողմերից ակնարկում էին, թե դատարանն այսպիսի որոշում է կայացրել, որովհետեւ ինքը շատ ակտիվ է, եւ իշխանությունը, ի դեմս իրեն՝ տեսնում է իրական ընդդիմություն, այսպես ասած՝ վտանգավոր խաղացող քաղաքական դաշտում: Բայց նա երբեք չի շեղվել իր գաղափարից` իր ասածն ընդամենն այն է, որ սա մեր երկիրն է, եւ մենք ենք տերը մեր երկրի, չպետք է վախենանք մեր երկրում ապրել որպես հայ` մեր արժեքներով, մեր գաղափարներով: Չպետք է վախենանք ասել, որ Արցախը հայկական է: Արթուրի պայքարը հանուն Արցախի էր. նա 9 տարի ահազանգում էր այն մասին, ինչն այսօր այլեւս դառը իրողություն է: Սա երեւի հիմք դարձավ, որպեսզի իրեն չներեն, ու «ստացվեց», որ այս ամբողջ պատմության մեջ միակ «հանցագործը» նա՞ էր: Իրականում այս գործում հանցագործ ընդհանրապես գոյություն չուներ: Եթե կար հանցագործություն, հաստատ Արթուրը միայնակ չէր արել, կային այնտեղ մի խումբ մարդիկ, որոնք մեղադրվում էին նույն հոդվածներով, բայց արդյունքում նրանք ազատվեցին, իսկ Արթուրին տարան ազատազրկման: Եթե կար հանցագործների խումբ, այդ դեպքում՝ ինչո՞ւ միայն նա զրկվեց ազատությունից: Ի դեպ, ասեմ, որ Արթուրի մասով միշտ է եղել այսպես անհատական, ընդգծված բացասական վերաբերմունք: Ձեզ հիշեցնեմ, որ այն ժամանակ շատ քիչ մարդիկ կալանքի տակ մնացին, ընդ որում՝ կարճ ժամանակով` մի քանի ամիս: Իսկ Արթուրը, նույնիսկ իշխանափոխությունից հետո մնաց կալանքի տակ շատ երկար: Սա քաղաքական ծրագիր էր, որն իրականացվում է ընդդեմ իր անձի: Գուցե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ Ադրբեջանը նախապայման է դրել ՀՀ իշխանությունների առաջ՝ «ազատվել» պատերազմի մասնակից բոլոր տղերքից: Ցավալի է, որ հայը հետապնդվում է իր իսկ երկրում՝ Հայաստանում՝ այն էլ հայ լինելու համար:
«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՂՂԱԿԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՎ ՏԱՆԵԼ»
— Ի՞նչ եք պատրաստվում անել, եւ ի՞նչ է լինելու Արթուր Վարդանյանի ղեկավարած Համահայկական ազգային պետականություն կուսակցության հետ:
— Կուսակցությունը շարունակելու է գործել, եւ Արթուր Վարդանյանը շարունակում է մնալ կուսակցության նախագահ: Շուտով ՀԱՊ կուսակցությունը հանդես կգա նաեւ հայտարարություններով: Իհարկե, չենք լռելու, անպայման պայքարելու ենք Արթուր Վարդանյանի ազատության համար: Այս պահին չեմ ուզում փակագծեր բացել, բայց պարտադիր լինելու են բողոքի դրսեւորումներ՝ Արթուրի ազատազրկման հետ կապված: Իրավական հարթությունում մեզ այլեւս որեւէ անելիք չթողեցին, գրեթե սպառված են հնարավոր բոլոր իրավական գործիքները: Բայց պայքարի բազմաթիվ միջոցներ կան, որոնք օգտագործելու ենք՝ Արթուր Վարդանյանի ազատության համար: Դրա մասին կուսակցությունը նախապես կտեղեկացնի: Այնպես որ, Համահայկական ազգային պետականությունը շարունակելու է իր որդեգրած ուղին: Իհարկե, որպես արտախորհրդարանական ուժ, այդքան շատ լծակներ կուսակցությունը չունի, բայց չենք դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ազգային պետականության, արդարության եւ, իհարկե, հանուն քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանի ազատության:
— ՀԱՊ կուսակցությունը համագործակցում էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման հետ: Գուցե այստե՞ղ է թաքնված Արթուր Վարդանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսելու պատճառը:
— Կրկնում եմ՝ կուսակցությունը շարունակելու է իր որդեգրած ուղին եւ հավատարիմ է մնալու իր գաղափարախոսությանը, ինչպես եղել է: Իհարկե, շարունակելու է համագործակցությունը: Լիահույս եմ, որ մյուս քաղաքական ուժերը՝ արտախորհրդարանական, ընդդիմադիր, ինչպես նաեւ իրավապաշտպանները, վերլուծաբանները, քաղաքական անհատ գործիչներն անպայման ուշադրություն կդարձնեն այն փաստին, որ այսօր մեր երկրում ցանկացած քաղաքական ուժի ղեկավարի կարող են ուղղակի փողոցում առեւանգել եւ տանել: Շատ կարեւոր եմ համարում, որ բոլորն արձանագրեն՝ սա քաղաքական հետապնդում է Արթուր Վարդանյանի նկատմամբ, նա քաղբանտարկյալ է: Ուստի՝ ակնկալում եմ ամենքի արձագանքը՝ տեղի ունեցածի վերաբերյալ: Սա, երեւի, թշնամու անմիջական հրամանն է, որ Հայրենիքի համար մտածող մարդկանց պետք է մեկուսացնել, որոշներին սպանել, որոշներին բանտարկել…
— Տեսակցե՞լ եք Արթուր Վարդանյանին, ի՞նչ է ասում, ի՞նչ տրամադրվածություն ունի:
— Մարտական է տրամադրված, ընկճված չէ: Հացադուլ էր հայտարարել, հետո հասկացանք, որ դրանով իր առողջությանը շատ կվնասի: Դուք էլ քաջատեղյակ եք, որ Արթուրը առողջական շատ լուրջ խնդիրներ ունի՝ դեռ տարիներ առաջվանից, որոնք հիմա ավելի են խորացել: Ես մտահոգ եմ իր առողջության համար: Նրա առողջական խնդիրները բացարձակապես անհամատեղելի են կալանքի հետ. ունի խրոնիկ շատ վատ հիվանդություն: Բայց Արթուր Վարդանյանի ցավն իր անձը չէ, այլ այն, որ այսօր հարվածի տակ են հայ ժողովրդի սրբություններն ու ազգային արժեքները՝ Արցախը չկա, մեր հաղթանակը կորսված է, Հայոց բանակը, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց պատմությունը, Հայկական մշակույթը, Անկախության հռչակագիրը, Արարատ լեռն ու Հայոց ցեղասպանության իրողությունը թիրախում են: Վերջապես, հասկացե՛ք, Արթուր Վարդանյանի պայքարը նախկինների ու ներկաների դեմ չէ, ինչ-որ անձերի դեմ չէ, այլ հանուն Հայրենիքի է, հանուն հայի է, հանուն Եռաբլուրի է: Արթուրի պայքարը հայրենիքի փրկության պայքար է՝ անկախ պայքարի որդեգրած անվանումից: Մինչդեռ առանձին անձինք միշտ թիրախավորեցին իրեն՝ տարբեր իշխանությունների ժամանակ եւ հիմա էլ շարունակում են թիրախավորել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=286953&l=am/