Հուսով եմ` Միան ինձ չի մեղադրի, որ իր կյանքի կարեւոր պահերին կողքին չեմ կարողանում լինել. Հրաչ Մուրադյան
ՄշակութայինԱմեն տարի հունիսի 1-ին աշխարհի տարբեր անկյուններում նշվում է՝ որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Տոնի կապակցությամբ «Իրավունք»-ը զրուցել է պրոդյուսեր, հաղորդավար, բազում հեռուստածրագրերի հեղինակ ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ, ով հայր է ու, չնայած խիստ զբաղվածությանը՝ գտնում է ժամանակ դստեր հետ ամեն օր զբոսնելու եւ ամեն օրը տոնի վերածելու:
«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԺԱՄԱՆԱԿԻ ՇՈՒՆՉԸ ՀԱՍԿԱՆԱԼ»
— Այժմյան իրականությունը հաշվի առնելով, որպես հայր, ով մեծացնում է աղջիկ, ի՞նչ մտահոգություններ ունեք, ինչպե՞ս եք տեսնում Ձեր դստեր ապագան:
— Բոլոր ժամանակները իրենց մարտահրավերներն են ունեցել: Մեր ծնողներն այլ խնդիրների հետ էին բախվում, մեր ծնողների ծնողները՝ դրանցից տարբերվող խնդիրների: Շատ կարեւոր է ժամանակի շունչը հասկանալ, ու առնվազն իմ եւ կնոջս համար շատ կարեւոր է երեխայի առանձնահատկությունը հաշվի առնել: Տալ մաքսիմալ գիտելիք, ընտրության հնարավորություն, որը չի նշանակում, որ ինքն ունի բացարձակ ազատություն: Ինքն ունի տեղեկատվություն ունենալու իրավունք՝ իր տարիքին համապատասխան, ու այդ ինֆորմացիայով նա կկրթվի, կհասկանա, թե որը մյուսից ինչպես է տարբերվում, ու ինչ հնարավորություններ կարող է ունենալ: Ինձ համար ամենից կարեւորը թե՛ ներկայում, թե՛ ապագայում այն է, որ Միան կայացած մարդ լինի: Այ թե ինքն իր երջանկությունը ինչպես կտեսնի, ինքը կորոշի, իսկ ես պատրաստ եմ ամեն առումներով իր կողքին լինել եւ աջակցել:
— Նկատի ունենալով այս «գլամուր» աշխարհը, ազատությունը, որը տիրում է սոցցանցերում, ինչպիսի՞ն կլինի Ձեր մոտեցումը, երբ Ձեր աղջիկը սկսի օգտվել այդ հարթակներից:
— Ժամանակը այնքան արագ է փոխվում, որ, ցավոք, մենք դեռ չենք էլ հասցնում այդ ժամանակի հետ անգամ ընտելանալ, երբ նորից առաջ է գալիս նորը: Ու հիմա ինչ-որ բան պլանավորել ու փորձել գիծ դնել, որով քայլելու է իմ աղջիկը՝ սոցցանցերում, առնվազն անլուրջ է, որովհետեւ մենք չգիտենք, թե տեխնոլոգիաներն ինչ արագությամբ են զարգանում: Տեսնելով այն, ինչ կատարվում է մեր շուրջը, հասկանալի է դառնում, որ առավել արագ կզարգանա այսուհետ, քան նախկինում է եղել, ու երբ կգա դրա ժամանակը, ես ու կինս կվերլուծենք, կհասկանանք: Արգելել հաստատ չենք պատրաստվում, բայց որոշակի սահմանափակումներ, ինչպես եւ ցանկացած հարցում, ամեն մեկս պետք է ունենա: Խոսքն անձնական սահմանափակումների մասին է: Դրանք չեն կարող լինել պարտադրանք: Դրանք պարզապես սահմաններ են, կարմիր գծեր, որոնք ամենքս մեզ համար գծում ենք, եւ քանի որ աղջիկս անչափահաս է, հետեւաբար իր այդ կարմիր գծերը չափահաս մարդիկ պիտի գծեն՝ այն աշխարհընկալմամբ, որն ունենք մենք:
«ԵՍ, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
— Որպես ծնող՝ ներդաշնա՞կ եք այն մտքի հետ, որ ժամանակակից տեխնոլոգիաները եւս կարող են դաստիարակամիջոց դառնալ:
— Յուրաքանչյուր գործիք կարող է ծառայել թե՛ լավ, թե՛ վատ իմաստով: Դա անձից է գալիս, թե ինչպես է օգտագործում, ինչ նպատակներ է դնում այդ գործիքը օգտագործելու մեջ, եւ այդ նպատակներն օգտագործել ինչ-որ բանի հասնելու համար: Ես բացարձակ ոչնչի չեմ նայում ծայրահեղորեն: Ինձ համար ոսկե միջինը գտնելը, առավել եւս հասկանալը, որ այդ ոսկե միջինը յուրաքանչյուրի համար շատ տարբեր կարող է լինել՝ կարեւոր է: Ոչ մի դեպքում ինձ համար այդ սահմանափակումներն ընդունելի չեն, քանի որ նրանք ծնում են ավելորդություններ:
— Աշխատանքի բերումով Դուք տարվա կեսն անցկացնում եք Միայից հեռու՝ Հայաստանում: Ինչպե՞ս եք դիմանում, Միան ինչպե՞ս է դիմանում այդ բաժանմանը:
— Ես, ցավոք սրտի, կրկնում եմ իմ հոր ճանապարհը: Հայրս իր գործի բերումով իմ մանկության տարիներին շատ հաճախ է տանից բացակայել, եւ ֆիզիկապես միայն մայրս է մեր կողքին եղել: Ու հիմա էլ Միայի դեպքում նույնն է կրկնվում: Ես առնվազն այն բացը, որն ունեցել եմ հորս բացակայության պատճառով, փորձում եմ լրացնել: Կրկին վերադառնամ ժամանակակից տեխնոլոգիաներին. այն ժամանակ հայրս չի ունեցել «ֆեյս թայմ» ունենալու կամ տեսազանգ անելու հնարավորություն, իսկ մենք այժմ ունենք այդ հնարավորությունը, եւ օրվա ընթացքում մի քանի անգամ այդկերպ շփվում եմ աղջկաս հետ: Այն, ինչ կանեինք առերես, փորձում ենք անել էկրանի տարբեր կողմերում: Ինձ համար շատ դժվար է, երբ նրա մոտ տեսնում եմ արագ փոփոխություն: Եթե նույնիսկ մեկ ամսով եմ բացակայում, գալիս ու տեսնում եմ հստակ մեծացած մարդ` նոր կարողություններով, նոր ունակություններով: Անգամ տեսքն է փոխվում ամեն գալուցս: Ամեն մեկս ունենք մեր դժվարությունները կյանքում: Իմ դժվարությունները երբեք որեւէ մեկի հետ չի համեմատվի եւ, բնականաբար, չեմ էլ փորձի մյուսներինը համեմատել իմի հետ: Շատ կարեւոր է, որ հասկանանք մենք մեր սահմաններում որքանով ենք մեր մաքսիմալն անում: Ես իմ մտածելակերպով գերազանցիկ եմ եւ փորձում եմ անել ամեն ինչի նույնիսկ ավելին: Հուսով եմ՝ Միան ինձ չի մեղադրի այն հարցում, որ իր կյանքի կարեւոր պահերին կողքին չեմ կարողանում լինել:
«ՔՐԻՍՏՈՆՅԱ ՄԱՐԴՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ»
— Ինչպես տեսնում ենք սոցցանցերից, Դուք շատ հոգատար հայր եք, ով միշտ ժամանակ է գտնում իր երեխայի հետ զբոսնելու, խաղալու, անգամ վարսահարդարի մոտ այցելելու: Ինչպե՞ս եք հասցնում:
— Այո, Միան իմ օրվա մի մասն է, ինչպես նաեւ իր մայրիկի, տատիկի, պապիկի օրվա մի մասն է: Բոլորս միասին հերթափոխով փորձում ենք իրար օգնել, անել անհրաժեշտը: Իրեն մենք մի քանի ամսականից մեզ հետ հավասար ամենատարբեր իրադարձությունների մեջ ներկա ենք պահել, այսինքն՝ ինքը այն երեխան չի եղել, որը մշտապես տանն է մնում: Միացյալ Նահանգներում, հատկապես Լոս Անջելեսում ապրողները կհասկանան, որ այս մեծ տարածքի մեջ շատ դժվար է հանգիստ կյանք ունենալ, նույնիսկ պատկերացնել: Եվ Միան օրվա ընթացքում ինձ հետ տարբեր գործերի ժամանակ կարող է ներկա լինել: Դա իր համար փորձառություն է, որը կարող է իրեն հետաքրքրել կամ հակառակը՝ անհանգստացնել, իսկ մենք այդ ընթացում հասկանում ենք, թե ինչ հետաքրքրություններ ունի, եւ ինչն է իրեն ուրախացնում: Ես էլ դա հաշվի առնելով՝ փորձում եմ բավարարել նրա հետաքրքրությունները եւ ուրախացնել նրան:
— Այնուհանդերձ, Հրաչ Մուրադյանը ավանդապա՞շտ հայր է, թե՞ ժամանակակից ավագ ընկեր:
— Ես կցանկանամ այս հարցի մեջ նախ հասկանալ՝ ի՞նչ է նշանակում ավանդապաշտ, որովհետեւ ժամանակի ընթացքում ավանդույթները բոլոր տաբուների հետ համակցվելով՝ մի անհասկանալի իրավիճակ են բերել: Ավանդույթն ինձ համար որոշակի մարդկային սկզբունքներն են, իսկ մեր դեպքում՝ դա քրիստոնյա մարդու սկզբունքներն են, որոնցից ես չեմ պատրաստվում հրաժարվել՝ որքան էլ աշխարհը փոխվի, կամ որքան էլ որ իրավիճակը մեզ ստիպի հակառակն անել: Ինձ համար կան որոշակի սկզբունքներ, որոնք անձնական են եւ՝ այո՛, ես այդ սկզբունքների մեջ եմ տեսնում ե՛ւ ինձ, ե՛ւ Միային, քանի դեռ պատասխանատու եմ իր համար: Թե մեծանալուց հետո ինչպես կորոշի, ինքը գիտի: Ես, որպես ծնող, կարծում եմ՝ իմ պարտականությունը բոլոր հարցերում նրա կողքին լինելն ու աջակցելն է, ոչ թե ստիպել անել այն, ինչը ես եմ ուզում, կամ իմ քիմքին է հարմար: Շատ ծնողներ, իրենց չկատարված երազանքները փորձում են բարդել երեխաների ուսերին ու բացարձակ հաշվի չեն առնում, որ իրենք անհատականության հետ գործ ունեն, եւ որ այդ մարդը շատ հնարավոր է, որ իր ցանկությունները, իր նպատակները եւ մտածելակերպը չկիսի ծնողների հետ, որքան էլ որ տվյալ ընտանիքում է մեծացել: Ինձ համար շատ կարեւոր է, որ Միան զգա իր կողքին աջակցող, սիրող ծնողներ, որ անկախ իր որոշումներից՝ իրեն ոգեւորելու են, ուժ են տալու, սատարելու են: Հուսով եմ, որ որոշումներ կայացնելուց առաջ ինքը կխորհրդակցի մեզ հետ՝ ես միայն ուրախ կլինեմ այդ ժամանակ: Միեւնույն ժամանակ, ես չեմ ակնկալում, որ ինքը պարտադիր պիտի հետեւի մեր խորհրդին: Հուսով եմ՝ առնվազն հաշվի կնստի:
«ԹԵ՛ ՏԱՆԸ, ԹԵ՛ ԴՐՍՈՒՄ, ԹԵ՛ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԵՄ»
— Էմոցիոնա՞լ եք տանը, թե՞ կարողանում եք սառը դատել, երբ խոսքը վերաբերում է Ձեր աղջկան:
— Ես բոլոր առումներով՝ թե՛ տանը, թե՛ դրսում, թե՛ աշխատավայրում էմոցիոնալ եմ: Տարիքի հետ, անշուշտ, էմոցիաներս ավելի սթափ են դառնում, ավելի սառն եմ դատում, քան նախկինում: 40 տարվա փորձությունները վերջապես իրենց արդյունքը տվեցին: Չգիտեմ, որքանով է դա լավ, կամ՝ վատ: Ես այս հարցին այդ կողմից չեմ նայում: Մենք բոլորս էլ կոփվում ենք կյանքի ընթացքում, եւ այդ կոփվածությունը գալիս է ապրած կյանքից, տարբեր միջավայրերից, որտեղ որ հայտնվում ենք: Դժվարանում եմ ասել՝ ինչպիսին եմ ես, թերեւս ավելի էմոցիոնալ, քան առանց էմոցիա՝ լինի տանը, թե դրսում:
— Դիտելով Ձեր հեղինակային ծրագրերը` ակնահայտ երեւում է, թե ինչպես եք հուզվում, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Չեն խանգարո՞ւմ Ձեզ Ձեր հույզերը:
— Իմ դեպքում դա հստակ է: Ես երեխաների հանդեպ թուլություն ունեմ : Նախկինում չէի կարողանում հասկանալ, թե չափահաս մարդիկ անչափահասների հանդեպ կարող են այս կամ այն կերպ իրենց դրսեւորել, սակայն 14 տարվա փորձի արդյունքն ինձ մի բան է ցույց տվել՝ մարդիկ տարբեր են, ու քանի դեռ դիմացինի կոշիկը չես հագել, չես կարող հասկանալ, թե ինչ իրավիճակում է ինքը տվյալ որոշումը կայացրել: Ես շատ կցանկանայի, որ մեզ շրջապատող մարդկանց մոտ հնարավորություն լիներ կրթվելու: Կրթվելը միայն գիտելիք ունենալը չէ, այլ տարբեր կողմերից հարցերին նայելու հնարավորություն ունենալն է՝ գիրք կարդալ, ինֆորմացված լինել եւ այլն, դրանք բազմազան են, ընտրությունը շատ է: Եթե մենք այն հաջողակ երջանիկներից ենք, ովքեր պարզապես ունեցել են հնարավորություն կրթվելու, ապա, ցավոք, մեր շրջապատում շատ մարդիկ կան, որոնք չեն ունեցել կրթության հնարավորություն, եւ իրենց ծնողները եւս չեն եղել կրթված: Երբեք չեմ քննադատում մարդկանց, որքան էլ որ դա իմ աշխարհընկալման հետ զուգահեռ չունի, միշտ փորձում եմ հասկանալ հիմքը՝ ինչո՞ւ է մարդը նման որոշում կայացրել, ինչո՞ւ է հենց նման կերպ արձագանքել տվյալ իրավիճակին:
— Ձեր մաղթանքը ինչպիսի՞ն կլինի Միային՝ Երեխաների տոնի կապակցությամբ: Ի՞նչ կմաղթեք առհասարակ մեր բոլոր երեխաներին, հատկապես խոցելի խումբ համարվող մանուկներին:
— Ի դեմս Միայի՝ բոլոր երեխաներին եւս, նրանց ծնողների գլխավորությամբ, ես կուզեմ, որ մենք բոլորս ունենանք հնարավորություն անհատականություններ դաստիարակելու եւ հասկանալու, թե ինչով է տարբեր մեր երեխան մյուսից ու օրինակ չբերել մյուսի երեխային, չասել որ նա լավն է, քան դու, կամ՝ հակառակը: Նման կերպ եսասիրություն են սերմանում երեխայի մեջ: Միակ բանը, որ երեխային պետք է, հոգատարությունն է, սերն ու գիտելիքը: Դա մեր պարտականությունն է, հասարակության պարտականությունն է տալ ցանկացած անչափահասի՝ լինի իմ երեխան, թե շրջապատում մեկ այլ երեխա: Ես իմ հնարավորությունների սահմանում դա արել եմ, անում եմ ու դեռ կփորձեմ անել:
Թող երեխաները լինեն ժպիտով, իսկ այդ ժպիտը գա իրենց անսահման երջանկությունից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=284801&l=am/