Գոռալով երկիր չեն փրկում. Տիգրան Սուչյան
ՏեսանյութերՋազ երաժշտությանը կարելի է ասել քմահաճ է. այն ոչ բոլորն են լսում եւ ընկալում: Նրա բնորոշ գծերից են իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան եւ ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով եւ առանձնահատկություններով արեւմտաաֆրիկյան (սեւամորթների) եւ արեւմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։ «Իրավունք»-ը Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար, «Դիալոգ» պրոջեքթի հիմնադիր, ջազ երաժիշտ, շեփորահար ՏԻԳՐԱՆ ՍՈՒՉՅԱՆԻ հետ փորձել է բացել որոշ գաղտնիքներ ոչ միայն ջազի մասին:
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎԵԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ»
— Պարոն Սուչյան, որքանո՞վ է այժմյան երիտասարդությունը հետաքրքրված ջազով:
— Հուրախություն բոլորիս՝ Առնո Բաբաջանյանի անվան պետական քոլոջում, որտեղ դասավանդում եմ՝ ներկա պահին 30-35 ուսանող կա: Ստացվեց այնպես, որ տնօրենի հրավերով այս տարի դասավանդում եմ քոլեջում: Ստեղծեցինք նվագախումբ, ու արդեն առաջին համերգն էր այդ խմբի տեղի ունեցել: Հրաշալի համերգ էր: Լավ երիտասարդներ կան, ու կամաց-կամաց փորձում ենք նրանց ներգրավել ժամանակակից երաժշտության մեջ, եւ դա ստացվում է: Առհասարակ, երաժշտության հետ առնչվելն իրենից պահանջում է բազմապրոֆիլ մտածելակերպ: Ջազ երաժշտությունը ժամանակակից երաժշտության հիմքն է՝ դասական երաժշտության շարունակությունը, որն առավել ընդլայնված է: Ինչու ոչ, նաեւ շատ ուղղություններ կան, եւ չի կարելի բացառել, թե՝ սա չի կարելի նվագել, նա չի կարելի: Ոչ, պետք է ամեն բան նվագել, միակ պայմանը` որ դա լինի որակով:
— Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ հիմա ընդլայնվել է ջազ ունկնդրողների լսարանը:
— Այո, մի սերունդ է մեծանում, ովքեր լսում են, սիրում, անգամ՝ ստեղծագործում: Ինչու ոչ, նաեւ տեսնում են, որ դա նախ աշխատանք է, որով հնարավոր է ապրել: Ու եթե դա անում ես որակով, ապա դա ընկալելի եւ ցանկալի կլինի շատերի համար:
— Որքանով տեղյակ ենք, սկզբում Դուք երգել եք, ինչո՞ւ որոշեցիք երգը փոխարինել շեփորով:
— Մարդու առաջին գործիքը` իր կոկորդն է: Եթե ցանկանում ես մի բան նվագել, սկզբում երգում ես, այնուհետ փոխարինում գործիքով: Այո՛, սկզբում երգել եմ, ընդ որում՝ երկար տարիներ:
«Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱՅՆ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵԼ ԲԻԶՆԵՍՈՎ»
— Ձեր կողմից հիմնված «Արցախիկներ» խումբն ի՞նչ ճակատագրի արժանացավ:
— Հիմա բոլորը զբաղված են՝ առանձին-առանձին երգում են, սովորում են, կամ այլ մասնագիտություն են ընտրել: Ամենից կարեւորը այն էր, որ պատերազմի ժամանակ ծանոթացա երեխաների հետ, եւ իրենց հոգեբանորեն աջակցել էր պետք, քանի որ տեղահանվեցին: Ընկերներս ծանոթացրին ինձ նրանց հետ, ու միասին որոշեցինք ստեղծել այդ գեղեցիկ խումբը: Նրանք շատ էին ցանկանում նորից վերադառնալ Արցախ՝ հյուրախաղերի... Շատ հաճախ եմ ասում, որ պատերազմի ժամանակ մարդ չպետք է դադարի ստեղծագործել: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով՝ հացթուխը պիտի շարունակի իր աշխատանքը, կոշկակարն՝ իր, երաժիշտն՝ իր: Շատերի մոտ կա մի կարծրատիպ, որ երաժշտությունը միայն քեֆ-ուրախության համար է: Բոլորովին, երաժշտությունը` արվեստի ճյուղ է, ինչպես նկարչությունը, քանդակագործությունը եւ այլն: Հակառակը՝ պետք է հենց այդ պահին առավել մեծ թափով զբաղվել երաժշտությամբ, որովհետեւ դա ինքնություն է: Մշակույթն է պահել մեզ դարերով: Ստեղծագործ մարդիկ չեն կարող չստեղծագործել: Իսկ ո՞վ է ասում, որ պատերազմի ժամանակ միայն պետք է զբաղվել բիզնեսով, առեւտրով: Խոսքերով ու գոռալով` չեն սիրում հայրենիքը: Կան մարդիկ, ովքեր լուռ են անում իրենց աշխատանքը, բայց առավել նվիրված են հայրենիքին:
— Առհասարակ, ի՞նչ է կատարվում այժմ մեր մշակույթի հետ, «հիմա մշակույթի ժամանակը չէ» ասողների պատճառով արդյոք վտանգի տակ չէ մեր մշակույթը:
— Աշխարհում կա տենդենց, որը տանում է պրիմիտիզմի՝ միայն մենք չենք: Գոնե Հայաստանում կան բաներ, որ դեռ պահպանվում է: Կա մի սերունդ՝ մեծ սերունդը, շատ պահպանողական է եւ խանդով է վերաբերվում երիտասարդ սերնդին, ասելով, մի՛ կպեք Կոմիտասին, մի՛ կպեք այլ արժեքներին: Սակայն նոր բան ստեղծելու համար հիմք է պետք: Հին սերնդի եւ նոր սերնդի այս կոնֆլիկտն ակամայից բերում է անդունդի: Նման կերպ երիտասարդը կկտրվի արմատից, ու մշակույթի փոխանցման պահը բաց կթողնվի: Ընդհանրապես շատ մեծ կապ ունի, թե ով է մատուցում երաժշտությունը սերնդին եւ ինչ կերպ՝ դա կլինի ուսուցիչ, շրջապատ, դպրոց եւ այլն: Կարեւոր է ճիշտ մատուցումը, մեթոդաբանությունը, նաեւ չի կարելի շատ կատեգորիկ լինել: Ազատությունն այս հարցում կարեւոր է:
— Ովքե՞ր են հայաստանյան ջազմենների շարքում նշանակալի անունները…
— Մենք շատ լավ ու հզոր ջազմեններ ունենք՝ Մարտին Վարդազարյան, Կոնստանտին Օրբելյան, Դավիթ Ազարյան, Արմեն Թութունջյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Մարտիրոյան, Խաչիկ Սահակյան եւ շատ-շատ այլ երիտասարդներ, որ հիմա ջազային մշակույթը Հայաստանում արագ տեմպերով են զարգացնում: Հենց «Ուլիխանյան» ակումբը, որը ջազային դպրոցներից ամենաջազայինն է, զարգացնում է ջազը երիտասարդների մեջ, առաջացնելով հետաքրքրություն, սեր դեպի այդ մշակույթը: Եվ երիտասարդների հոսքն օր օրի ակումբ մեծ թվով ավելանում է:
«ՆՎԱԳԵԼ ԿԱՄ ԵՐԳԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՃԻՇՏ ՉԷ, ԱԶՆԻՎ ՉԷ՛»
— Որպես դասախոս, որպես երաժիշտ, ինչպիսի՞ն կլինի Ձեր խորհուրդը երիտասարդներին:
— Թող շատ սիրեն երաժշտություն: Չափազանց կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի ծնունդ ունի այդ նախընտրած երաժշտությունը: Ամենից կարեւորը, որ ճանաչեն իրենց արմատները, որովհետեւ համաշխարհային մշակույթի մեջ՝ երաժշտական մշակույթում յուրահատուկ է նա, ով իր արմատները լավ գիտի, լինի դա եկեղեցական երաժշտություն, 3-5-րդ դարից եկած երաժշտություն, թե՝ ժամանակակից, պետք է հստակ իմանալ եւ ուսումնասիրել երաժշտության ակունքները: Դա բերում է մեծ պաշարի, որն օգնում է հետագայում զբաղվել ցանկացած ոճի երաժշտությամբ՝ լինի ռոք, էստրադա, թե մեկ այլ երաժշտական ոճ: Կարեւորը՝ չնվագեն թշնամու երաժշտությունը: Ասել` այսինչ ազգը մեր թշնամին է, բայց նվագել, կամ երգել թուրքական երաժշտություն, այն վերագրելով հայկականի, ճիշտ չէ, ազնիվ չէ՛: Կրկին վերադառնում ենք նույն խոսքիս, որ երեխան պետք է ստանա երաժշտական ճիշտ դաստիարակություն հենց մանկապարտեզից, այնուհետ դպրոցից, էլ չեմ խոսում ընտանիքի մասին: Թուրքական երաժշտության տակ երգող-պարող մարդիկ հետո կանգնում, ասում են՝ թուրքն իմ թշնամին է:
— Հաճախ շատերը քմծիծաղով ասել են, որ Բեթհովենի երաժշտության տակ չեն կարող հարսանիք անել, պիտի պարեն ռաբիս ոճի երաժշտության տակ:
— Եթե ցանկություն լինի, ապա կլինի նաեւ Բեթհովինի երաժշտության տակ հարսանիք անել, նաեւ հայկական ժողովրդական երաժշտության տակ կարող են պարել, հոգեւոր երաժշտությամբ էլ կլինի հարսանիք, միայն ցանկություն լինի: Այստեղ որակն ու դաստիարակությունն է կարեւոր: Ինչ էլ անեն, պետք է անեն ազնիվ, որակով եւ խիստ պրոֆեսիոնալ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=284125&l=am/