Երեսպաշտություն է խոսել կոռուպցիայի մասին, երբ իրենց հարազատները ոտքով-գլխով ներքաշված են դրա մեջ. Գրիգորյան
ՆերքաղաքականԴատախազը երեկ սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ` Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցած «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Լիլի Մկրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ` Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է վերոնշյալ մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը` դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալների նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք եւ երաշխավորություն: Իսկ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— Ժամանակին, երբ կալանավորվել էր 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը` Տաթեւ Արցախը, որը ինչպես Անի Գեւորգյանը եւ Լիլի Մկրյանը, անչափահաս երեխաների մայր է, երկու ամիս մնաց կալանքի տակ: Ձեր խմբակցության վեց կին պատգամավորներ, այդ թվում` Դուք, երաշխավորությամբ դիմեցիք դատարանին, որպեսզի ազատ արձակվի, սակայն նա մինչեւ վերջին ժամը պահվեց բանտում, եւ միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը: Ի՞նչ կասեք այս մասին, երբ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեպքում հենց դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց կիրառված խափանման միջոց կալանքը:
— Առհասարակ, ակնհայտ է, որ իրավական դաշտում իրավականության կոմպոնենտներ փնտրելն անիմաստ է, այս ամենը քաղաքական որոշման հետեւանք է: Տաթեւ Արցախը կալանքի տակ էր քաղաքական որոշման հետեւանքով, եւ քաղաքական որոշման արդյունքում էլ այս երկու կանայք ազատ են արձակվում: Իրավական համակարգն այնքան է դեգրադացվել, հասել ենք նրան, որ անչափահաս երեխաների մայրերն այսօր հայտնվում են կալանքի տակ: Մինչդեռ կան կիրառելի այլ միջոցներ` ստորագրություն չհեռանալու մասին, տնային կալանք… Ուղղակի, դատական համակարգն այլեւս վերածվել է պատժագործիքի եւ ոչ թե արդարադատության իրականացման միջոցի:
— Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ եթե Տաթեւ Արցախին մեղադրում էին ընդամենը ֆեյսբուքյան մի գրառման համար, ապա ՔՊ-ական պատգավորները հերթ էին կանգնել, որ երաշխավորություն ներկայացնեն` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Չէ՞ որ այս իշխանությունը հայտարարում էր, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարում անզիջում են լինելու:
— Իրենք վաղուց են թաթախվել հնարավոր բոլոր կոռուպցիոն սխեմաների մեջ: Եվ երեսպաշտություն է նրանց կողմից տարիներ շարունակ շահարկել, խոսել կոռուպցիայի մասին, երբ, միեւնույն ժամանակ, իրենց ամիջական հարազատները ոտքով-գլխով ներքաշված են կոռուպցիան բնույթի գործարքների մեջ, ինչը փաստ է: Բայց եթե խոսում ենք զուտ կալանքի մասին, ապա էլի եմ շեշտում` կայացվում են քաղաքական որոշումներ: Տեսեք, թե քանի քաղաքական հետապնդվողներ ունենք` Արմեն Աշտոյանը, Նարեկ Մալյանը եւ մյուսները: Նրանք միմիայն քաղաքական որոշման հետեւանքով են այսօր անազատության մեջ հայտնվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=276289&l=am/