Եթե ժամանակին մեզ լսեին, Հայաստանն ու Արցախն այս վիճակում չէին լինի. Բաբուխանյան
Տեսանյութեր«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ, ԵԹԵ ԻՐ 120 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ»
— Ըստ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի` կապույտ անձնագրերը, որոնք ունեցել են արցախցիները, տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն: Ի վերջո, 30 տարի ո՞ր երկրի քաղաքացի էին արցախցիները:
— Սա հանցավոր հայտարարություն է, որի համար, երեւի թե, կգա ժամանակը, եւ այդ անձնավորությունը կտա պատասխան՝ օրենքով սահմանված կարգով: Կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշում, որի հիման վրա արցախահայությանը տրվել է ՀՀ քաղաքացիություն: Այն գործող օրենք է, չկա որեւէ այլ օրենք, որով այդ փաստաթուղթը, որը տրված է տվյալ քաղաքացիներին, համարվի ոչ լիարժեք: Ինչո՞ւ են այս դավաճան եւ օրինախախտ իշխանությունները հայտարարում, թե իբր այդ անձնագրերը լիարժեք չեն, որովհետեւ չի եղել աշխարհի պատմության մեջ մի պետություն եւ պետության ղեկավար, որն իր 120 հազար քաղաքացիներին ասի՝ ինչ ուզում եք, արեք, իմ գործը չէ, գնացեք քննարկեք ձեր հարցը Բաքվի հետ, իսկ հետո էլ իր 120 հազար քաղաքացիներին քշեն իրենց տներից ու էլի որեւէ լուրջ ռեակցիա չտա, չպաշտպանի նրանց իրավունքները: Այստեղ նույնիսկ կարեւոր չէ, թե այդ հողը, որտեղ ապրում են քո քաղաքացիները, ում է պատկանում, վիճելի՞ տարածք է, թե՝ ոչ, քո 120 հազար քաղաքացիներն ապրում են իքս երկրում, որտեղ ունեն խնդիր, իսկ դու ասում ես՝ ինքներդ լուծեք այդ խնդիրը: Բա այդ դեպքում պետություն ինչո՞ւ ենք պահում, եթե իր 120 հազար քաղաքացիների ճակատագրով չի զբաղվում: Ինչո՞ւ ենք տալիս հարկեր, որպեսզի Նիկոլը տանի իր մերձավորներին ֆրանսիաներում պտտի՞, իսկ դեպուտատիկները, որոնք Ա-ն Բ-ից չեն տարբերում, պարգեւավճարնե՞ր ստանան:
— Փաստորեն, երբ հայաստանյան իշխանությունը «համոզում է» արցախցիներին, որ իրենք ՀՀ քաղաքացի չեն, դրանով ամբողջ պատասխանատվությունը կարողանում է գցե՞լ իր վրայից:
— Շատ ճիշտ եք, հենց դրա համար էլ այս հակահայ իշխանությունն ասում է՝ իրենք մեր քաղաքացիները չեն, մենք ոչ մի պարտավորություն չունենք իրենց ճակատագրով զբաղվելու համար: Մինչդեռ սրանով խախտում են ՀՀ Սահմանադրությունը, ամբողջ ՀՀ օրենսդրությունը: Ստացվում է, որ ով ՀՀ անձնագիր ունի, դեռ պարզ չէ, թե ինչ անձնագիր է, կարո՞ղ է վաղն էլ ասեն, թե բոլոր ընդդիմադիրների անձնագրերը նույնպես ճամփորդական են: ՀՀ գերբը, որը խփած է այդ անձնագրերի վրա, այսկերպ արհամարհում են եւ նվաստացնում: Եվ, այո, սա արվում է նրա համար, որ վաղը խուսափեն պատասխանատվությունից, որովհետեւ 120 հազար քաղաքացիների թողեցին անտեր, անօգնական եւ դարձրին փախստական:
«ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԷԻՆ»
— Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասում է, որ ռազմական գործողությունների սկսվելուց հետո ժամեր անց հասկացել է, որ մենակ են ադրբեջանական ագրեսիայի դեմ, որովհետեւ ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում։ Ինչո՞ւ, օրինակ, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսեթիայի վրա, միանգամից Ռուսաստանն անցավ պաշտպանության, իսկ Արցախի դեպքում այդպես չեղավ:
— Նախ ասեմ, որ ինչ արել է Սամվել Շահրամանյանը, խայտառակություն է, բայց հենց նա, կարծես թե, խոստովանեց, որ ռուս խաղաղապահներն են փախցրել իրեն եւ բերել Հայաստան ռուսական ուղղաթիռով: Այդպիսի դիտո՞րդ է լինում: Ինչպե՞ս եղավ, որ գաղթի ճանապարհին զանգվածային զոհեր չեղան եւ մինչ այդ, երբ Ադրբեջանը հնարավորություն ուներ մեկ օրվա մեջ սրի քաշել ամբողջ 120 հազար հայությանը, չքաշեց: Այս ամենը տեղի չունեցավ, որովհետեւ ռուսական խաղաղապահ ուժերն իրենց հնարավորությունների սահմաններում գործում էին եւ ապահովում գաղթականների գոնե անարյուն տեղափոխումը:
Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիային, 2008 թվականին, երբ Վրաստանը զորք է մտցնում այնտեղ, մոտ երկու-երեք օր տեղի ուժերը դիմադրում են՝ մինչեւ Հյուսիսային Օսեթիայից ռուսական բանակը գալիս է եւ վրացիներին քշում՝ մինչեւ Թիֆլիս: Ինչո՞ւ Արցախի դեպքում այդպես չեղավ, շատ պատճառներ կան, որոնցից ֆիքսենք մի քանիսը.
Առաջին՝ Հարավային Օսեթիան տրամադրված էր եւ դրա մասին անընդհատ հայտարարում էր, որ ցանկանում է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Ինքս բազմիցս կոչ եմ արել արցախցիներին՝ ասելով, որ Արցախի Ազգային ժողովը պետք է դիմի ՌԴ-ին՝ խնդրելով ստանալ Ռուսաստանից պրոտեկտորատ Արցախի նկատմամբ: Արցախում սորոսականները, նիկոլականները, չգիտեմինչականներն այնքան շատ էին, որ նրանք չգնացին դրան:
Երկրորդ՝ Հարավային Օսեթիայի հետ միասին կա նաեւ Հյուսիսային Օսեթիա, որը Ռուսաստանի կազմում է եւ հակառուսական գործունեություն չի ծավալել, Հռոմի ստատուտ չի ընդունել, Մյունխենում խայտառակ գագաթնաժողովի չի ներկացել, հանրապետության ղեկավարի կինը չի գնացել ծաղիկներ դրել հակառուսական գործողությունների վայրերում, ՀԱՊԿ-ի դեմ դուրս չի եկել… Այս շարքը կարելի է անվերջ թվարկել: Մեր դեպքում էլ կար երկու հայկական միավոր՝ Արցախ եւ Հայաստան, ինչպես Հյուսիսային եւ Հարավային Օսեթիան է, բայց Հյուսիսային Օսեթիան ցույց էր տալիս իր նվիրվածությունը Ռուսաստանին, որպեսզի Հարավային Օսեթիայում ՌԴ-ն կատարի այն, ինչ կատարեց: Իսկ այստեղ հակառակը տեղի ունեցավ՝ Հայաստանն ամեն ինչ անում էր, որպեսզի վատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ Արցախը տապալվի:
Երրորդ՝ Հյուսիսային Օսեթիան ոչ մի անգամ չհայտարարեց, որ ճանաչում է Հարավային Օսեթիան Վրաստանի մաս, իսկ Հայաստանի Հանրապետությունը մինչեւ արցախցիների տեղահանումն ու գաղթը՝ երեք անգամ հայտարարեց, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի անքակտելի մաս:
Չորրորդ՝ Ադրբեջանը մինչեւ հիմա շատ խելոք քաղաքականություն է վարում Ռուսաստանի հետ: Որեւէ հակառուսական գործողություն չարեց, Հռոմի ստատուտ չընդունեց, հակառուսական ելույթ մի անգամ չի արել, մի ծպտուն չի հանել: Իսկ Հայաստանն այնպիսի դիրքրորոշում ուներ, ինչպես Վրաստանը ժամանակին՝ դեգեներատ Սահակաշվիլու ղեկավարման օրոք: Այսինքն՝ բացահայտ հակառուսական, լկտի ու լպիրշ:
Այս տարբերությունները կարելի է շատ երկար շարունակել, ինչից պարզ է դառնում, որ Հայաստանի մեղավորությունն է, որ եղավ այն, ինչ եղավ:
— Կարծում եք՝ հնարավո՞ր էր իրադարձությունների անիվն այնպես պտտել, որ չունենայինք այսպիսի դառը հետեւանքներ, որոնք ունենք այսօր:
— Ուզում եմ հիշեցնել, որ երբ Հայաստանը պարտվեց 44-օրյա պատերազմում, եւ թվում էր արդեն ամեն ինչ կործանված է, մենք հիմնադրեցինք շարժում, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության»: Այդ շարժման հիմնական նպատակն էր ասել, որ՝ ժողովո՛ւրդ, մենք ունենք փրկության հնարավորություն, ամեն ինչ կորսված չէ, եւ այդ հնարավորությունը Ռուսաստանի հետ ամենասերտ դաշինքային հարաբերություններ ձեւավորելն է՝ ընդհուպ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ Հայաստանի` որպես հավասար մասնակցի ներգրավելը: Եթե այն ժամանակ մեզ լսեր ժողովուրդը, էլիտաները, բիզնեսմենները, Հայաստանն ու Արցախն այս վիճակում իհարկե չէին լինի:
«ԻՆՉՔԱՆ ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԿԻԼԻԿԱՅՈՒՄ, ԱՅԴՔԱՆ ԷԼ ՀԻՄԱ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԵՔ ՌԱԴԱՐՈՎ»
— Հիմա իշխանությունն ու որոշ շրջանակներ խանդավառված են ֆրանսիական աջակցությամբ: Ֆրանսիական երեք ռադարները, որոնք ստացավ Հայաստանը, ներկայացվեց իբրեւ մեծ օգնություն…
— Ամենեւին էլ օգնություն չէ, գումարը տվել են, գնել են, ընդ որում՝ բավականին բարձր գնով: Իսկ Ռուսաստանից շատ ավելի բարձրակարգ զենքեր էր Հայաստանը ձեռք բերում, ըստ էության` անվճար: Մենք, առանց վճարելու, միջպետական կրեդիտի սահմաններում, ստանում էինք ռուսական զենք, գինը՝ ինքնարժեքով: Այսպիսի բան աշխարհում չկա, մեկ էլ Բելառուսն է նման հնարավորություն ունեցել: Եթե այդքան սրտացավ են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Հայաստանի ու Արցախի համար, ինչո՞ւ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, 7-ին չմտան Արցախ եւ չասացին՝ մենք այստեղ խաղաղություն ենք ապահովելու եւ վերջ: Միայն ռուսները նոյեմբերի 9-ին մտան Արցախ եւ կանգնեցրին պատերազմը: Ինչո՞ւ երբ Արցախը շրջափակման մեջ էր, հազարավոր հումանիտար բեռներ Ռուսաստանը տեղափոխեց այնտեղ, իսկ Ֆրանսիան մի կգ ալյուր էլ չկարողացավ տանել: Այդքան խեղճ ու կրա՞կ է Ֆրանսիան: Ինչ վերաբերում է այդ ռադարներին, հարցրեք ռազմական փորձագետներին, ասում են՝ դրանք 70-ական թվականների տեխնիկա են, որոնք ԱԹՍ-ներ չեն որսում, որովհետեւ այն ժամանակ դրանք չկային: Բացի այդ, կա համաձայնագիր՝ հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ: Հիմա Ֆրանսիան ասում է՝ ես էլ պետք է մտնեմ եւ տեսնեմ ձեր հնարավորությունները, իրենց մարդիկ պետք է գան եւ ստուգեն, թե ձեր ռազմական օբյեկտներում ինչ կա-չկա: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը դրանից հետո ի՞նչ պետք է անի, թույլ տա՞, որ Ֆրանսիան տեղեկանա ռուսական տեխնոլոգիաների գաղտնիքներին, իհարկե՝ ոչ: Կա՛մ Ռուսաստանը պետք է ասի՝ դուք ձեր Ֆրանսիայի երեք ռադարով ինչ ուզում եք, արեք, ես հանում եմ այստեղից իմ ՀՕՊ-ը, կա՛մ պետք է ասի՝ համաձայն չենք, որպեսզի ֆրանսիացիներն ուսումնասիրեն մեր ռազմական գաղտնիքները: Իրականում Հայաստանի իշխանությունն, իհարկե, ուզում է, որ առաջին տարբերակը լինի, եւ Ռուսաստանը դուրս մղվի մեր տարածաշրջանից:
— Պարոն Բաբուխանյան, ի՞նչ հետեւանքներ այն կունենա:
— Ինչքան Ֆրանսիան հայերին պաշտպանեց Կիլիկայում, որի հետեւանքով հայերի կեսը կոտորվեցին, կեսը փախան, այդքան էլ հիմա կպաշտպանի Հայաստանը երեք ռադարով: Մի խոսքով՝ սա ֆրանսիական մեծ ավանտյուրա է, Արեւմուտքի միակ նպատակը հակառուսական գործողությունն է, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն այստեղից եւ պատերազմ հրահրեն՝ մեղքը նորից գցելով ՌԴ-ի վրա: Այսինքն՝ մոտավորապես այն, ինչ արեցին Արցախում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=269511&l=am/