Ադրբեջանն ու Իսրայելը խաղում են «պասերով». Ռոբերտ Մարգարյան
ՆերքաղաքականԻրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ մեր երկրի վրա դրանց հնարավոր հետեւանքների մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:
— Իսրայելը հարվածային անօդաչուներով խոցել է Իրանի մի շարք ռազմական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտներին: Ձեր գնահատմամբ` ի՞նչ հետեւանքներ կունենա այս ամենը:
— Իհարկե, նախ պիտի հիշեցնեմ, որ մեզ մոտ լուրերը մի փոքր չափազանցված են արտացոլվում: Հարձակումն իրականացվել է Սպահան քաղաքում գտնվող մի զինագործարանի դեմ` առեւտրական փոքր ԱԹՍ-ների միջոցով, որոնք փոքր չափերով պայթուցիկ նյութեր կարող են փոխադրել: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ: Իրանի զինագործարանների ու զինապահեստների դեմ էլի հարձակումներ եղել են: Իրանի պաշտոնական հաղորդագրության համաձայն` հարձակումն անհաջող է եղել, ու որեւէ մեկը դրանից չի տուժել: Բայց, միեւնույն ժամանակ, Իրանը հայտարարել է, որ դա անպատասխան չի մնա: Հետեւաբար, պիտի սպասել Իրանի կողմից համարժեք պատասխանին: Հիշեցնեմ, որ այդ հարձակումը տեղի ունեցավ Կատարի ԱԳ նախարարի Իրան կատարած այցով, որի ընթացքում Կատարի ԱԳ նախարարն իրանական կողմին է փոխանցել միջուկային համաձայնագրի կապակցությամբ ԱՄՆ-ի ուղերձը: Կարելի է ասել, որ Արեւմուտքը Դամոկլյան սուրը կախված պահելով Իրանի գլխին` փորձում է նրան միջուկային համաձայնագրի հարցում զիջումներ պարտադրել:
— Ի դեպ, ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն էր ներխուժել կալաշնիկով ինքնաձիգով զինված տղամարդը եւ գնդակահարել անվտանգության ծառայության պետին, վիրավորել երկու թիկնապահների: Այս երկու իրադարձությունները փոխկապակցվա՞ծ են:
— Եթե նկատի առնենք, որ Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումից հետո Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հանդիպում է Բաքվում Իսրայելի դեսպանին ու դրան հաջորդում է Իրանի դեմ հարձակումը, տրամաբանորեն պիտի այդտեղ ինչ-որ փոխկապակցվածություն տեսնել: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումը, իմ համոզմամբ, հենց ադրբեջանական գաղտնի ծառայությունների նախագիծն էր, որից հետո Ադրբեջանը պատրվակ էր գտնելու սեղմել Իրանի դեմ օղակն ու միանալ հակաիրանական ճամբարին: Ադրբեջանի այդ ծառայությունն Իսրայելը փոխարինեց Երուսաղեմում հայերի դեմ ծավալված հալածանքներով: Մի տեսակ, կարծես թե, այս հարցում Ադրբեջանն ու Իսրայելը խաղում են «պասերով»:
— Բայց Ադրբեջանը դեպքից հետո՝ փակել է Թեհրանում իր դեսպանատունը՝ հայտարարելով, թե տեղի ունեցածն Իրանի իշխանությունների կողմից իրականացված «ահաբեկչական» հարձակում է եղել…
— Այդ դեպքից ամենաշատը շահեց հենց Ադրբեջանը: Եթե Իրանն Ադրբեջանի շահերին հարվածելու նպատակ ունենար, հեշտությամբ դա կարող էր անել որեւէ այլ երկրում ու մաքրել իր մատնահետքները: Հատկապես այս օրերին, երբ Իրանն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գտնվում են միջազգային ուշադրության կենտրում եւ փորձ է կատարվում խստացնել նրանց դեմ պատժամիջոցները, բնականաբար, Իրանն իր տարածքում Ադրբեջանի շահերին հարվածելուց որեւէ շահ չի կարող ունենալ: Փոխարենն Ադրբեջանը երկու կարեւոր բան շահեց: Առաջինն ու գլխավորը՝ Բերձորի միջանցքը փակած հանցագործ ռեժիմի կարգավիճակից Ադրբեջանը մի քանի ժամվա ընթացքում սահուն կերպով վերածվեց ահաբեկչության զոհի: Դրանով Ադրբեջանը փորձ է կատարում չեզոքացնել տարբեր երկրներում ու միջազգային կառույցներում հայկական լոբբինգի կատարած աշխատանքների արդյունքները: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը կարեւոր հաղթաթուղթ ստեղծեց իր ձեռքում, որը ցանկացած ժամանակ, ի դեպ, չի բացառվում նաեւ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» հարցով, կարող է օգտագործել Իրանին լռեցնելու համար:
— Կարծում եք` Իրանում տեղի ունեցող իրադարձությունները հետեւանք կունենա՞ն Հայաստանի եւ Արցախի վրա: Եվ արդյոք իրանա-իսրայելական բախումը կարող է դառնալ համաշխարհային պատերազմի սկիզբ:
— Բնականաբար, եթե մենք ձեռքներս ծալած նստենք ու դիտորդի դերում հանդես գանք (ինչն այսօր անում է Հայաստանի արտաքին դիվանագիտությունը), տարածաշրջանում ցանկացած բախում կարող է ահավոր բացասական հետեւանք ունենալ մեզ համար: Արդյունավետ արտաքին դիվանագիտություն ու հմուտ դիվանագետներ ունենալու դեպքում Իրանի ու Ադրբեջանի միջեւ ծագած հարցերը լավագույնս պիտի օգտագործվեին 44-օրյա պատերազմի հետեւանքները մասամբ վերացնելու ու նույնիսկ իրավիճակը լրջորեն հօգուտ մեզ փոխելու ուղղությամբ: Իսկ եթե ԱԳ նախարարդ Արարատ Միրզոյանն է, իսկ փոխնախարարդ Վահան Կոստանյանը մեզ ասելիք չի մնում:
— Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի օրոք Իսրայելում հայկական դեսպանություն էր բացվել, ի՞նչ եղավ այն:
— Այս հարցը պիտի ուղղել Հայաստանի գործող իշխանություններին: Վերջին օրերին Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների կապակցությամբ դեռ որեւէ արձագանք չկա: Գոնե ես չեմ հանդիպել: Այստեղ լուրջ հարց է ծագում, թե ինչո՞վ է զբաղված Իսրայելում մեր դեսպանատունը: 2020 թվականի սեպտեմբերի սկզբին՝ 44-օրյա պատերազմից ընդամենն օրեր առաջ, հայ-իրանական հարաբերություններին հարվածելով, Իսրայելում դեսպանատուն բացելը հայկական կողմը պատճառաբանում էր Երուսաղեմի հայերի հարցերին վերահասու լինելու անհրաժեշտությամբ: Հիմա, փաստորեն, պարզվում է, որ դեսպանատան բացումը միանշանակ նպատակ ուներ պատերազմի սեմին փչացնել հայ-իրանական հարաբերությունները՝ կանխելով Արցախյան պատերազմին Իրանի ցանկացած տեսակի դրական միջամտությունը: Այս մասին ես ժամանակին մանրամասն բացատրել եմ փաստերով:
— Ժամանակին ՔՊ-ականներն ԱԺ ամբիոնից խոսում էին Իրանի հետ ունեցած ճանապարհի փակման հավանականության մասին: Վերջին իրադարձությունների ֆոնին՝ սա մարգարեությո՞ւն էր, թե՞ շարքային նիկոլականություն:
— Իհարկե, այդ մասին առաջինը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2018 թվականի նոյեմբերին ԱԺ-ում: Ի դեպ, այդ ճանապարհը կարող է փակվել ոչ միայն տարածաշրջանում բախումների, այլ նաեւ ցանկացած տարբերակով` «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծմամբ ու դրա վերահսկողությունը երրորդ կողմին՝ ասենք, ԵՄ-ին արտապատվիրակելով:
— Իրանական վերջին դեպքերից առաջ Աննա Հակոբյանը Թեհրանում մասնակցեց «Ազդեցիկ կանանց» ֆորումին: Սա դիվանագիտական առումով ճիշտ ժամանակին արված քա՞յլ էր, թե՞ վտանգ կա, որ համարելու են, որ իրենց աղետները սկսվեց Հայաստանի «ազդեցիկ կնոջ» այցից հետո:
— Այդ ֆորումն ինքնին խնդարահարույց միջոցառում էր: Նույնիսկ Իրանում շատերը, այդ ֆորումի կազմակերպումը քննադատելով, Իրանի նախագահի կնոջ սեփական «փիառին» ծառայող հավաք համարեցին, որը ոչինչ չի տվել Իրանին: Վերջին օրերին իրանական ԶԼՄ-ներում մեծ հետաքրքրություն է առաջացրել մի լուսանկար, որտեղ ֆորումի մի քանի հյուրեր նիստերի դահլիճում քարկտիկ են խաղում: Նման ֆորումին Հայաստանի վարչապետի կնոջ մասնակցությունը, բնակաբար, մեզ ոչինչ չտվեց: Այցը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Աննա Հակոբյանը Թեհրանում հայկական եկեղեցի մտնելու փոխարեն` չադրայով ներկայացավ մզկիթում: Դա ի տես այն բանի, որ թեեւ Թեհրանի ազգային իշխանությունները պատրաստ չէին եղել նրան ընդունել, բայց եկեղեցիների դռները միշտ բաց են, ու որեւէ մեկը չէր կարող նրա մուտքն արգելել: Իհարկե, Սպահան քաղաքում ֆորումի մյուս մասնակիցների հետ այցելել է Ս. Ամենափրկչյան վանքն ու նրա թանգարանը:
— Անդրադառնանք նաեւ այս օրերին Սփյուռքում հանուն Արցախի տեղի ունեցող հանրահավաքներին, մասնավորապես՝ Թեհրանում եւ Լոս Անջելեսում տեղի ունեցան բավական կազմակերպված ակցիաներ, որոնցից վերջինին մասնակցում էիք նաեւ Դուք: Ի՞նչ կասեք այս մասին՝ մեր ձայնն այս կերպ լսելի դառնալո՞ւ է աշխարհին:
— Սփյուռքն այս պահին անում է առավելագույնը: Բնականաբար, մեր աշխատանքն իր ծավալներով չի կարող համեմատվել 44-օրյա պատերազմի օրերին իրականացվող աշխատանքի հետ: Դա ունի երկու գլխավոր պատճառ. հետպատերազմյան շրջանի հիասթափությունը եւ ամենակարեւորը` Հայաստանի գործող իշխանությունների ջանքերի արդյունքում Սփյուռքի պառակտումը: Այդուհանդերձ, այսօր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցների, Հայ Դատի հանձնախմբերի ու զուգահեռ այլ կառույցների կողմից տարբեր աշխատանքներ են իրականացվում, որը մասամբ արդյունավորվել է Ադրբեջանին ուղղված կոչերով: Իհարկե, դա բավարար չէ, ու անհրաժեշտ է կոչերից անցում կատարել գործնական քայլերի: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումն ու դրան հաջորդած ադրբեջանական քարոզչամեքենայի ակտիվացումը խիստ բարդացրել է մեր աշխատանքն, ինչը պահանջում է Սփյուռքի ջանքերի բազմապատկում: Բայց անկեղծ լինելով` պիտի խոստովանել, որ հարցի վերջնական լուծումը Երեւանում է: Սփյուռքի ջանքերն այն ժամանակ կարող են դրական արդյունք ունենալ, երբ Հայաստանի իշխանությունները կունենան համարձակություն` բարձրաձայն հայտարարելու, որ Արցախը հայկական տարածք է: Քանի որ գործող իշխանություններից նման ակնկալիք ունենալը մի տեսակ պարզամտություն կարող է համարվել, հետեւաբար ելքը միակն է` Նիկոլ Փաշինյանի ու դավաճան իշխանությունների անհապաղ հեռացումը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=247692&l=am/