Զարհուրելի է...մեղավոր են ե՛ւ պատասխանատուները, ե՛ւ իրականացնողները. Արեւ Սամուելյան
ՄշակութայինՀանրապետության հրապարակում ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետեւանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող հուշարձան շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ճարտարապետների պալատը` ոչ միայն պարզաբանում պահանջելով Երեւանի քաղաքապետարանից եւ ԿԳՄՍ նախարարությունից, այլեւ պահանջելով, որ անհապաղ դադարեցվեն այդ աշխատանքները եւ պատշաճ կարգով պատասխանատվության ենթարկվեն հուշարձան շենքերը վնասողներին։ Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցել է Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԼԵՅԱՆԻ հետ:
— Համացանցը ողողված է լուսանկարներով, թե ինչպիսի մեխեր են ցցվել եւ ինչպիսի անցքեր բացվել Հանրապետության հրապարակի պետության կողմից հատուկ պահպանվող հուշարձաններ համարվող շենքերի վրա: Ինչպե՞ս եք վերաբերում տեղի ունեցածին` լինելով նախկինում ոլորտի համար պատասխանատու:
— Զարհուրելի է այն լուսանկարները, որոնք պտտվում են համացանցում: Իմ մեջ ուժ չգտա` գնալ եւ տեղում տեսնել: Հայաստանի ճարտարապետների պալատի նորընտիր վարչությունը միաձայն հայտարարություն է հաստատել, որն արդեն հրապարակված է: Ինչ վերաբերում է անձնապես իմ կարծիքին, պետք է ասեմ, որ դրանք հուշարձան շենքեր են եւ պարտադիր էր լիազոր մարմնի համաձայնությունը եւ ոչ միայն բանավոր: Ուղղակի, հետաքրքիր է` դրվե՞լ է հարցը գիտամեթոդական խորհրդում, թե` ոչ եւ ի՞նչ ձեւաչափով: Շատ ցավում եմ, որ լուրջ խնդիրների միջով անցնելով` այսօր ազգովի մի քիչ ապատիայի մեջ ենք: Հիմա կողքից ինչ-որ մեկը կասի` «դե լավ, շենք ա, ծակել են»: Բայց, «դե լավ, շենք ա» չէ, այլ մեր կարեւորագույն կայացման խորհրդանիշերից է հրապարակը եւ միայն ծակելը չէ խնդիրը: Իրականում լուրջ վնաս է հասցվում շենքին եւ հետագայում դրանք կարող են ճաքեր առաջացնել, այսինքն` դառնալ անդառնալի վնաս: Ընդ որում` անդառնալի թե՛ էսթետիկ, թե՛ ընդհանրապես բարոյական առումով, որովհետեւ մշակութային արժեքն այս շենքի վնասված է, նաեւ վնասված է քարգործ վարպետների աշխատանքը:
— Ժամանակին, երբ Դուք էիք պաշտոնավարում, նմանատիպ խնդիրները, երբեմն անգամ չեղած, սվիններով էր ընդունվում հանրության կողմից: Ինչպե՞ս հասկանալ այսօր առկա անտարբերությունն ու մեր երկրում ստեղծված իրավիճակում այսպիսի խանդավառությամբ Ամանորին պատրաստվելը:
— Ուղղակի, այսօր դառնորեն վերհիշում եմ` ինչ-որ խնդիրներ անցած տարիների: 2011, թե 2012 թվականին, երբ հետագայում շատ սիրված տեսահոլովակ էր նկարահանվում մի հարգված կազմակերպության կողմից «Զվարթնոց»-ի տարածքում, համացանցում մի օրվա մեջ վիրուսի նման տարածվեց մի մեծ մեխի պատմություն, թե` «Զվարթնոցը» մեխել են»: Դրան հետեւեց այն, որ բազմահազարավոր էջեր բացատրություններ գրվեցին լիազոր մարմնի կողմից, մարդիկ պատասխանատվության կանչվեցին, աշխատանքից ազատվեց տարածքի պահապաններից: Պետականորեն մենք էլ փնովվեցինք տեղի ունեցածը, մինչդեռ հետո պարզվեց, որ այդ մեխն արվել էր Խորհրդային տարիներին`դրսի պալատական համալիրի վերականգնված հատվածում` այն էլ ցեմենտաշաղախի մեջ: Այսինքն` քարի մեջ չէր մեխված: Բայց անգամ այս բացատրություններից հետո` այն մի ուրիշ տարածում գտավ: Հիշում եմ, թե այդ օրվա մեջ ինչքան մարդ էր իմ անունը եւ նախարարության էջը նշում համացանցում ու քննադատում: Համեմատելու չէ այն , ինչ հիմա է: Ի՞նչ է նշանակում 5 հազար անցք` հուշարձան շենքերի վրա, ուրիշ ձեւ անել հնարավոր չէ՞ր: Էլ չեմ ասում հարցի բարոյական կողմի մասին: Սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո` սուգ չի հայտարարվել, մենք մեր զոհված տղաների թիվը չգիտենք, մեր տարածքում գտնվող դեռ անհետ կորած տղաներ ունենք, ի՞նչ Նոր տարի ենք անում: 10 տարի էլ թող Ամանոր չնշեն, ասեն` մասնավոր եւ Երեւան քաղաքի բնակիչներ, դուք ձեր դիզայնով զարդարեք ձեր դիմացի հատվածը, եթե ուզում եք, իսկ մենք պետականորեն այդ գումարը` 100-200 մլն-ը Քաշաթաղի, Քարվաճառի բնակիչներին ենք նվիրատվություն անում: Ի դեպ, այդպես եղավ 2018 թվականին. Երեւանի քաղաքապետարանը որոշեց տոնակատարության գումարով` ինչ-որ օգնություն ցուցաբերել: Ինքս փոքր երեխա ունեմ, իր համար տոնը կնշեմ, բայց հրապարակի տոնածառը տեսնելու չեմ տանելու, որովհետեւ սա նման է «Խրախճանքի` ժանտախտի ժամին»:
– ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասում է, որ զարդարանքները ժամանակավոր երեւույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում այն չի քննարկում: Ավելին` ըստ նրա. «Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»: Բայց մի՞թե առաջինը հենց ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմին նախարարությունը չպետք է իր մտահոգությունը հայտներ:
– Խնդիրը վերականգնելով չի լուծվի, որովհետեւ 5 հազար անցք ինչպե՞ս պիտի «զամասկա» անեն, այդ ճաքած քարը հանելու են փոխե՞ն: Մենք այսօր խոսում ենք օկոպացված տարածքներում հայկական ծագման հուշարձանների աղճատման մասին, մինչդեռ, օրինակ, Դաշտադեմ տանող ճանապարհին գտնվող Քարավանատունը, որը դեռեւս Խորհրդային տարիներին ամբողջությամբ սրբատաշ քարերով էր, հանված է վրայից: Սա էլ հո թուրքերը չեն արել…Այդ սրբատաշ քարերով այսօր տներ է սարքված: Մենք աշխարհի ամենակիրթ, հասնող, հյուրընկալ, ընտանիքի արժեքները գնահատող ազգ կարող ենք լինել եւ, միեւնույն ժամանակ, տարօրինակորեն սեփական մշակութային ժառանգության հանդեպ այդպիսի անտարբերություն դրսեւորենք: Միայն խոսելով չէ, թե` Ֆրանսիայի սենատն ընդունել է բանաձեւ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Այո՛, շատ զիլ է, որ ընդունել է, իսկ հետո՞, դու քոնը պաշտպանի: Եթե ԿԳՄՍ նախարարն ասում է գիտամեթոդական նիստում չի քննարկվել, նշանակում է, որ, երեւի, այդ ժամանակ քաղաքապետարանն էլ չի մտածել այս մասին: Ասել են` անում ենք լուսավորություն, բայց ամրացման նախագիծ չի ներկայացվել, միգուցե լուսավորության նախագիծ արվել է, բայց աշխատանքային նախագիծ չի եղել, թե ինչպես են իրականացնելու: Տեղում էլ կազմակերպությունն իր աշխատանքներում գլխներին հսկող չի ունեցել, մասնագետ չի եղել: Համարում եմ, որ հուշարձանին լուրջ վնաս է պատճառվել եւ, այո՛, գործը պետք է ուղարկվի դատախազություն, որովհետեւ մեղավոր են ե՛ւ պատասխանատուները, ե՛ւ իրականացնողները ու պետք է պատժվեն:
— Այդուհանդերձ, անել մասշտաբային զարդարանք ու չվնասել ճարտարապետական ժառանգություն հանդիսացող եւ պետության կողմից հատուկ պահպանվող հուշարձանները, հնարավո՞ր է:
— Ամբողջ աշխարհն է լուսավորություններով զարդարանքներ անում եւ շատ ավելի, բայց չեմ կարծում, թե շենքերի վրա մեխեր են խփվում: Իսկ իրենք իրենց նոր վերանորոգված տանը լույս կախելու համար` հինգ հազար մեխ կխփեի՞ն պատերին: Թող շաղափիչով անցքեր բացեն իրենց տան պատերին, մեծ մեխեր խփեն ու դրանցից տոնական ծաղկեպսակներ կախեն, հետո ռեստավրացիա կանեն, կսվաղեն, կներկեն: Կանե՞ն, իհարկե, չեն անի, ծախս է չէ՞, մինչդեռ տունը հուշարձան չէ ու պատերն էլ քար չեն: Այնպես որ, էլի եմ պնդում`մեղավոր է ինչպես իրականացնող կազմակերպությունը, այնպես էլ կազմակերպողը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=242748&l=am/