Զարհուրելի է...մեղավոր են ե՛ւ պատասխանատուները, ե՛ւ իրականացնողները. Արեւ Սամուելյան

Մշակութային

Հանրապետության հրապարակում ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետեւանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող հուշարձան շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ճարտարապետների պալատը` ոչ միայն պարզաբանում պահանջելով Երեւանի քաղաքապետարանից եւ ԿԳՄՍ նախարարությունից, այլեւ պահանջելով, որ անհապաղ դադարեցվեն այդ աշխատանքները եւ պատշաճ կարգով պատասխանատվության ենթարկվեն հուշարձան շենքերը վնասողներին։ Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցել է Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԼԵՅԱՆԻ հետ:

 — Համացանցը ողողված է լուսանկարներով, թե ինչպիսի մեխեր են ցցվել եւ ինչպիսի անցքեր բացվել Հանրապետության հրապարակի պետության կողմից հատուկ պահպանվող հուշարձաններ համարվող  շենքերի վրա: Ինչպե՞ս եք վերաբերում տեղի ունեցածին` լինելով նախկինում ոլորտի համար պատասխանատու:

— Զարհուրելի է այն լուսանկարները, որոնք պտտվում են համացանցում: Իմ մեջ ուժ չգտա` գնալ եւ տեղում տեսնել: Հայաստանի ճարտարապետների պալատի նորընտիր վարչությունը միաձայն հայտարարություն է հաստատել, որն արդեն հրապարակված է: Ինչ վերաբերում է անձնապես իմ կարծիքին, պետք է ասեմ, որ դրանք հուշարձան շենքեր են եւ պարտադիր էր լիազոր մարմնի համաձայնությունը եւ ոչ միայն բանավոր: Ուղղակի, հետաքրքիր է` դրվե՞լ է հարցը գիտամեթոդական խորհրդում, թե` ոչ եւ ի՞նչ ձեւաչափով: Շատ ցավում եմ, որ լուրջ խնդիրների միջով անցնելով` այսօր ազգովի մի քիչ ապատիայի մեջ ենք: Հիմա կողքից ինչ-որ մեկը կասի` «դե լավ, շենք ա, ծակել են»: Բայց, «դե լավ, շենք ա» չէ, այլ մեր կարեւորագույն կայացման խորհրդանիշերից է հրապարակը եւ միայն ծակելը չէ խնդիրը: Իրականում լուրջ վնաս է հասցվում շենքին եւ հետագայում դրանք կարող են ճաքեր առաջացնել, այսինքն` դառնալ անդառնալի վնաս: Ընդ որում` անդառնալի թե՛ էսթետիկ, թե՛ ընդհանրապես բարոյական առումով, որովհետեւ մշակութային արժեքն այս շենքի վնասված է, նաեւ վնասված է քարգործ վարպետների աշխատանքը:

— Ժամանակին, երբ Դուք էիք պաշտոնավարում, նմանատիպ խնդիրները, երբեմն անգամ չեղած, սվիններով էր ընդունվում հանրության կողմից: Ինչպե՞ս հասկանալ այսօր առկա անտարբերությունն ու մեր երկրում ստեղծված իրավիճակում այսպիսի խանդավառությամբ Ամանորին պատրաստվելը:

— Ուղղակի, այսօր դառնորեն վերհիշում եմ` ինչ-որ խնդիրներ անցած տարիների: 2011, թե 2012 թվականին, երբ հետագայում շատ սիրված տեսահոլովակ էր նկարահանվում մի հարգված կազմակերպության կողմից «Զվարթնոց»-ի տարածքում, համացանցում մի օրվա մեջ վիրուսի նման տարածվեց մի մեծ մեխի պատմություն, թե` «Զվարթնոցը» մեխել են»:  Դրան հետեւեց այն, որ  բազմահազարավոր էջեր բացատրություններ գրվեցին լիազոր մարմնի կողմից, մարդիկ պատասխանատվության կանչվեցին, աշխատանքից ազատվեց տարածքի պահապաններից: Պետականորեն մենք էլ փնովվեցինք տեղի ունեցածը, մինչդեռ հետո պարզվեց, որ այդ մեխն արվել էր Խորհրդային տարիներին`դրսի պալատական համալիրի վերականգնված հատվածում` այն էլ ցեմենտաշաղախի մեջ: Այսինքն` քարի մեջ չէր մեխված: Բայց անգամ այս բացատրություններից հետո` այն մի ուրիշ տարածում գտավ: Հիշում եմ, թե այդ օրվա մեջ ինչքան մարդ էր իմ անունը եւ նախարարության էջը նշում համացանցում ու քննադատում: Համեմատելու չէ այն , ինչ հիմա է: Ի՞նչ է նշանակում 5 հազար անցք` հուշարձան շենքերի վրա, ուրիշ ձեւ անել հնարավոր չէ՞ր: Էլ չեմ ասում հարցի բարոյական կողմի մասին: Սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո` սուգ չի հայտարարվել, մենք մեր զոհված տղաների թիվը չգիտենք, մեր տարածքում գտնվող դեռ անհետ կորած տղաներ ունենք, ի՞նչ Նոր տարի ենք անում: 10 տարի էլ թող Ամանոր չնշեն, ասեն` մասնավոր եւ Երեւան քաղաքի բնակիչներ, դուք ձեր դիզայնով զարդարեք ձեր դիմացի հատվածը, եթե ուզում եք, իսկ մենք պետականորեն այդ գումարը` 100-200 մլն-ը Քաշաթաղի, Քարվաճառի բնակիչներին ենք նվիրատվություն անում: Ի դեպ, այդպես եղավ 2018 թվականին. Երեւանի քաղաքապետարանը որոշեց տոնակատարության գումարով` ինչ-որ օգնություն ցուցաբերել: Ինքս փոքր երեխա ունեմ, իր համար տոնը կնշեմ, բայց հրապարակի տոնածառը տեսնելու չեմ տանելու, որովհետեւ սա նման է «Խրախճանքի` ժանտախտի ժամին»:  

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասում է, որ զարդարանքները ժամանակավոր երեւույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում այն չի քննարկում: Ավելին` ըստ նրա. «Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»: Բայց մի՞թե առաջինը հենց ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմին նախարարությունը չպետք է իր մտահոգությունը հայտներ:

– Խնդիրը վերականգնելով չի լուծվի, որովհետեւ 5 հազար անցք ինչպե՞ս պիտի «զամասկա» անեն, այդ ճաքած քարը հանելու են փոխե՞ն: Մենք այսօր խոսում ենք օկոպացված տարածքներում հայկական ծագման հուշարձանների աղճատման մասին, մինչդեռ, օրինակ, Դաշտադեմ տանող ճանապարհին գտնվող Քարավանատունը, որը դեռեւս Խորհրդային տարիներին ամբողջությամբ սրբատաշ քարերով էր, հանված է վրայից: Սա էլ հո թուրքերը չեն արել…Այդ սրբատաշ քարերով այսօր տներ է սարքված: Մենք աշխարհի ամենակիրթ, հասնող, հյուրընկալ, ընտանիքի արժեքները գնահատող ազգ կարող ենք լինել եւ, միեւնույն ժամանակ, տարօրինակորեն սեփական մշակութային ժառանգության հանդեպ այդպիսի անտարբերություն դրսեւորենք: Միայն խոսելով չէ, թե` Ֆրանսիայի սենատն ընդունել է բանաձեւ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Այո՛, շատ զիլ է, որ ընդունել է, իսկ հետո՞, դու քոնը պաշտպանի: Եթե ԿԳՄՍ նախարարն ասում է գիտամեթոդական նիստում չի քննարկվել, նշանակում է, որ, երեւի, այդ ժամանակ քաղաքապետարանն էլ չի մտածել այս մասին: Ասել են` անում ենք լուսավորություն, բայց ամրացման նախագիծ չի ներկայացվել, միգուցե լուսավորության նախագիծ արվել է, բայց աշխատանքային նախագիծ չի եղել, թե ինչպես են իրականացնելու: Տեղում էլ կազմակերպությունն իր աշխատանքներում գլխներին հսկող չի ունեցել, մասնագետ չի եղել: Համարում եմ, որ հուշարձանին լուրջ վնաս է պատճառվել եւ, այո՛, գործը պետք է ուղարկվի դատախազություն, որովհետեւ մեղավոր են ե՛ւ պատասխանատուները, ե՛ւ իրականացնողները ու պետք է պատժվեն:  

— Այդուհանդերձ, անել մասշտաբային զարդարանք ու չվնասել ճարտարապետական ժառանգություն հանդիսացող եւ պետության կողմից հատուկ պահպանվող հուշարձանները, հնարավո՞ր է:

— Ամբողջ աշխարհն է լուսավորություններով զարդարանքներ անում եւ շատ ավելի, բայց չեմ կարծում, թե շենքերի վրա մեխեր են խփվում: Իսկ իրենք իրենց նոր վերանորոգված տանը լույս կախելու համար` հինգ հազար մեխ կխփեի՞ն պատերին: Թող շաղափիչով անցքեր բացեն իրենց տան պատերին, մեծ մեխեր խփեն  ու դրանցից տոնական ծաղկեպսակներ կախեն, հետո ռեստավրացիա կանեն, կսվաղեն, կներկեն: Կանե՞ն, իհարկե, չեն անի, ծախս է չէ՞, մինչդեռ տունը հուշարձան չէ ու պատերն էլ քար չեն: Այնպես որ, էլի եմ պնդում`մեղավոր է ինչպես իրականացնող կազմակերպությունը, այնպես էլ կազմակերպողը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=242748&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ