Մարդը վտանգված է այսօր, հատկապես՝ կինոյում. վերջին հրաժեշտը՝ Սուրեն Հասմիկյանին

Տեսանյութեր

Նրա խոսքի հետ հաշվի էին նստում հայկական կինոյի տիտանները՝ Փելեշյանը, Դովլաթյանը, Մալյանը…Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտը տվեցինք հայկական կինոյի ամենահեղինակավոր մասնագետներից մեկին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կինոգործիչների միության, Ազգային կինոակադեմիայի անդամ, կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, արվեստագիտության պրոֆեսոր ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԻՆ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հասմիկի (Թագուհի Հակոբյան) թոռանը: Նա հավերժի ճամփան բռնեց նույնքան համեստ, ինչպես ապրել էր 87 գարուն՝ առանց ծափերի, առանց փառատոնից փառատոն միայն կարմիր գորգերի վրա իրենց մասին հիշեցնող դեմքերի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցավակցությունների: Այո՛, ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում այդպես էլ չգտանք բացառիկ մասնագետի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի ընտանիքին հղված ցավակցական խոսք…Իսկ վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էր միայն ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

«ԻՆՁ ՎԵՐՋԻՆ ՀԵՆԱՐԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԳԻՐՔԸ, ՈՉ ԹԵ` ԿԻՆՈՆ»

87-ամյա Հասմիկյանը «Իրավունք» թերթի վաղեմի բարեկամն էր ու հավատարիմ ընթերցողը: Ասում էր, որ թերթն իրեն օգնում է, ինչպես մեզ համակարգիչը, իսկ գիրքն իրեն հույս է տալիս, որ ամեն ինչ դեռ չգիտի, եւ ինչ լավ է, որ չգիտի: Թերեւս Հասմիկյանի խոսքը միշտ էր համեմված որքան դիպուկ սրությամբ, նույնքան էլ՝ հումորով: Տարբեր տարիներին մեր թերթին տված նրա հարցազրույցներում հնչեցրած մտքերը, կարծես, հենց այսօրվա, այս պահի մասին լինեն, որոնցից որոշ հատվածներ փորձել ենք մեկտեղել:

Քայլող հանրագիտարան դարձած Սուրեն Հասմիկյանին վերջին տարիներին հանգիստ չէր տալիս այն միտքը, թե իր ունեցած հազար գրքերից կեսը կհասցնի՞ կարդալ: Նա կարդում էր միշտ ու բացահայտումներ էր անում՝ երիտասարդական ոգեւորությամբ:

«Մեր տուն եկողը կմտածի, այս մարդը գրքի հետ կապ չունի, բոլոր գրքերը պահված են: Մի գիրք գտնելու համար հաճախ տանջվում եմ, չգիտեմ՝ որտեղ եմ մտցրել: 1000-ից ավելի գիրք ունեմ, որի կեսը երեւի չեմ էլ բացել, ինչը սարսափելի ճշմարտություն է: Բայց միայն բազմոցիս կողքին մի տասը գիրք կա եւ պարտադիր օրվա 4-5 մամուլ: Ինձ վերջին հենարան եմ համարում գիրքը, ոչ թե` կինոն: Մի բան կա, որ հայտնաբերել եմ վերջերս, ու ինձ շատ է զարմացրել: Ես մի անուն եմ հայտնաբերել` Պավել Ֆլարենսկին` կիսով չափ հայ, կիսով չափ ռուս, եւ քչերը գիտեն, որ նա ռուս Ուղղափառ եկեղեցու սյուներից մեկն է եղել: Նա իր ռուս կոլեգաների կողմից հռչակված է` որպես 20-րդ դարի Լեոնարդո Դավինչի: Մենք անհատականությունների ազգ ենք, գնում ենք դուրս` ամբողջ աշխարհին հայտնի ենք դառնում, ավելին` տեղի հանճար ենք դառնում, չմոռանալով հայ լինելու մասին: Վիլյամ Սարոյան, Ռուբեն Մամուլյան, Անրի Վեռնոյ, Շառլ Ազնավուր... Նրանք հայ գործիչներ չեն, բայց հայ են: Մենք անհատականություններին տարօրինակ ձեւով թույլ չենք տալիս, որ մեր կողքին ծաղկեն», – շեշտել էր Հասմիկյանը:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ»

Իսկ կինոյի մասին Հասմիկյանի ամեն մի հնչեցրած միտքը մի ուրույն աֆորիզմ էր: Ըստ կինոգետի, կինոն 20-րդ դարի գլխավոր լեզուն էր, որի միջոցով հավերժանում է էկրանի վրա շարժվող իրականությունը:

«Կինոյի գլխավոր էությունը վավերագրությունն է, այսօր այն վտանգված է` համակարգչի պատճառով: Համակարգչային տեխնիկան մտել է կինո, դրա համար արդեն դադարում եմ հավատալ վավերագրական կադրին: 21-րդ դարում արժեզրկվեց ոչ միայն խոսքը, այլ նաեւ՝ պատկերը: Եթե հավատը կորցնում ես կադրի նկատմամբ, դա արդեն կինո չէ: Այս տեսակետից մեր հայկական կինոն փրկեց Խորհրդային Միությունը եւ ոչ թե առանձին ֆիլմերի միջոցով, այլ` երկրի մասշտաբով: Հոլիվուդը բիզնեսի վրա ստեղծված կինոբիզնես է` մեծ շուկա ունենալու շնորհիվ, իսկ հայկականն ինչպե՞ս կարող էր ունենալ, ի՞նչ տարածքի վրա, եթե չլիներ Խորհրդային Միության մեծ շուկան: Այդ տարիներին Սիբիրում ցույց էին տալիս հայկական ֆիլմ, մեկ-մեկ էլ խաբում էին, հայկականի փոխարեն՝ հնդկական էին ցույց տալիս, որ ժողովուրդ գա: 1992 թվականին տպագրված իմ առաջին գրքում գրել եմ, որ հայկական կինոն ստեղծվել է Խորհրդային Միության շնորհիվ, այլապես, եթե Մոսկվայից չլիներ այն պարտադրանքը, որ բոլոր հանրապետությունները պետք է ունենան իրենց սեփական կինոն, մենք չէինք ունենա ծաղկուն շրջան: Երբ 1992 թվականին փլուզվեց Խորհրդային Միությունը, փլուզվեց նաեւ հայ կինոն` ստուդիան կորցրինք», - ցավով արձանագրում էր կինոքննադատը:

«ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՎԵՐՋԸ ՄՈՏ Է»

Սուրեն Հասմիկյանին մտահոգում էր այն, որ Հայաստանում տարեկան նկարահանվում է 100 ֆիլմ, բայց երբեմն ընկերն ընկերոջ նկարահանած ֆիլմը չի դիտում:

«Ամեն մեկը նկարահանում է ֆիլմ, որ տանի փառատոն, մի բան պոկի, որ էն փող տվողն էլ իրեն լավ զգա, թե ֆիլմը մրցանակ ստացավ: Այդպես կինոն չի կարող զարգանալ, հեռանկար չունի, մանավանդ` այսօրվա պայմաններում: Բայց սա միայն հայ կինոյի խնդիրը չէ: Ամբողջ համակարգը փլուզվեց, այդ թվում՝ համաշխարհային կինոն: Չեմ հավատում, որ այսօր կինոն այնքան եկամուտ է բերում, որքան` ժամանակին: Կինոթատրոնը բերում է, որովհետեւ այնտեղ կա նաեւ հյուրանոց, ռեստորան ու էլի ուրիշ օյինբազ բաներ, որոնց շնորհիվ պահպանում են շենքը, բայց կինոթատրոն երեւույթի վերջը մոտ է», - զգուշացնում էր պրոֆեսորը:

Ըստ Հասմիկյանի, մեզ մոտ կա՛մ` «զիբիլ ֆիլմեր են նկարահանվում, որոնք, ըստ երեւույթին, ժողովրդին դուր է գալիս, եւ կա, այսպես կոչված, հեղինակային կինո»:

«Առաջին կուրսի ուսանողը եկել է, երկու տող չգիտի գրել, բայց հեղինակային կինո է ստեղծում: «Հեղինակայինը» տերմին է դարձել է, բայց` սխալ: Նույնն է, թե ասել Թումանյանը հեղինակային արձակի վարպետ է, կամ Դոստոեւսկին հեղինակային վեպ է գրել, բոլոր վեպերն էլ հեղինակային են: Կինոյում էլ մեկը հռչակում է իրեն, թե` ես եմ կինոյի ամեն ինչը: Նույնիսկ Չապլինը իրավունք չուներ նման բան ասելու, որովհետեւ օպերատոր կար: Այդ հեղինակային կինոյի 90 տոկոսն այսօր, կներեք, զիբիլ է, բայց գումար են ճարել ու նկարել: Փարաջանովը, որ իսկապես հեղինակային կինո էր անում, տիտրերում գրում էր Հրանտ Մաթեւոսյանի, Ստեփան Անդրանիկյանի, Տիգրան Մանսուրյանի անունները», - շեշտում էր կինոգետը:

«ԱԶԳԻ ՀԵՐՈՍԸ ԴԱՐՁԵԼ Է ՕԼԻԳԱՐԽԸ, ՈՐԻՆ ԵՍ ԽՂՃՈՒՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԺԲԱԽՏ ՄԱՐԴ Է»

Ինքը լինելով սցենարիստ՝ Հասմիկյանը կինոյում բացառիկ կարեւորություն էր տալիս օպերատորի աշխատանքին եւ պնդում, որ կինոն առանց օպերատորի չի կարող գոյություն ունենալ, թեպետ այսօր դա էլ է հնարավոր:

«Ժամանակին անիրականանալին այսօր դարձել է սովորական բան: Աղասի Այվազյանը 30 տարի առաջ ասում էր` է՛հ, մի օր կգա՞, որ դուրս գաս փողոց, երբ ուզենաս, ինչ ուզենաս նկարես... Եկել է այդ ժամանակը, բոլորն իրենց բջջայիններով նկարում են, բացի ինձնից, որովհետեւ ես հարգում եմ այդ մասնագիտությունը: Նաեւ թատրոնն առանց դերասան չպետք է գոյություն ունենա, բայց այսօր գոյություն ունի...», - ասում էր պրոֆեսորը:

Այդուհանդերձ, ոլորտի գիտակը համոզված էր, որ կինոն չի կարող մեռնել, քանի պատկերը գոյություն ունի:

«Բայց որ պատկերն արժեզրկվել է` փաստ է: Այսօր մի քանի տասնյակ հեռուստաալիք կա, ոչ մեկը նայելու բան չէ, մարդը վտանգված է այսօր, հատկապես` կինոյում, նույնիսկ` Հոլիվուդում, այնտեղ հերոսները մոնստրներ են: Բայց չէ՞ որ Հոլիվուդն ունեցել է ոսկե դարաշրջան: Ամեն ինչ քարուքանդ եղավ Հիրոսիմայից հետո եւ շարունակվում է այսօր: 21-րդ դարում արդեն վտանգված է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Իսկ հակառակ Հոլիվուդի` Հայաստանում «հերոսները» օլիգարխներն են: Այսօրվա երեխայի երազանքը օլիգարխ դառնալն է, որովհետեւ սերիալներից դա է տեսնում կամ էլ` մարդասպանություն: Այսօրվա ազգի հերոսը դարձել է օլիգարխը, որին ես խղճում եմ, որովհետեւ դժբախտ մարդ է», - ընդգծում էր Հասմիկյանն ու շեշտում, որ ինքը ոչ մի անգամ չի դավաճանել իր մարդկային սկզբունքներին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– «Իրավունք» թերթը, ինչպես յուրաքանչյուր տարի, 2015-ի տարեվերջին եւս հրապարակել էր տարվա լավագույնների ու վատագույնների անունները, որոնց շարքում էր Սուրեն Հասմիկյանը: Նա թերթի խմբագրակազմի կողմից արժանացել էր պատվոգրի` մշակույթի լավագույն գործիչ ճանաչվելու, թատերարվեստում եւ կինոարվեստում  ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Պատվոգիրը ստանալով` Ս. Հասմիկյանն ասել էր. «Ինձ համար անսպասելի էր այն իմաստով, որ թերթում կարդացի իմ անունը, իսկ ես, այս թերթը` «Իրավունքը», միշտ գնում եմ: Սկզբում հետաքրքրությամբ կարդացի վատագույնների անունները, մեկ էլ՝ տեսա իմ ազգանունը լավագույնների շարքում: Կարող էի վատագույնների ցանկում հայտնվել, եթե սոցցանցում ակտիվ զբաղված լինեի բամբասանքով: Այնտեղ ես չկամ: Անշուշտ, շնորհակալ եմ այս գնահատականի համար, սա մեծ հարգանքի նշան է: Հաճելի է, երբ քեզ ինչ-որ տեղ հիշում են եւ գնահատում, ինչի համար շնորհակալ եմ «Իրավունք» թերթին եւ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին»:

https://iravunk.com/sim/?p=238948&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ