Փաշինյանը երեք տարի է` բռնաբարում է ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը. Այվազյան
ՏեսանյութերԱԱԾ-ն աղմկոտ տեսանյութ էր պատրաստել` տեղեկացնելով, որ իշխող քաղաքական ուժի ընդդիմախոս, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մեղադրվում է Գյումրու եւ Արարատի բնակիչների նկատմամբ «ազգային թշնամանք հարուցելու» մեջ` մեջբերելով նրա հարցազրույցներում հնչեցված տեսակետները: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ա. Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար նախ ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց: Մինչդեռ նույն ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն է պահպանում մեկ այլ դեպքի հետ կապված: Հիշեցնենք, որ «Հականացիստական ճակատ» նախաձեռնությունը հայտարարությամբ էր հանդես եկել եւ պահանջել, որ քրեական պատասխանատվության ենթարկվի ապրիլի 9-ին ռուս ժողովրդի դեմ բռնությունների եւ սպանությունների հրապարակային կոչեր հնչեցրած անձը: Ընդ որում` այդ հայտարարությանը միացել էին մի շարք քաղաքական գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ, քաղաքագիտական, փորձագիտական, մշակութային հանրույթի հայտնի ներկայացուցիչներ: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
– Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ Արմեն Գրիգորյանի դեմ հարուցված նույն հոդվածով այսօր կալանավորված չէ այն անձը, ով պրոուկրաինական ակցիայի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց բարձրախոսով գոռում էր` «մահ ռուսներին»:
– Որովհետեւ ԱՄՆ դեսպանատնից նման հրահանգ չկա: Եթե նրանք ցանկանան, շատ արագ քրեական գործ կհարուցվի, եւ այդ անձը կձերբակալվի: Ասեմ, որ խոսքը վերաբերում է «Ազգային ժողովրդավարական բեւեռի» (ԱԺԲ) ակցիայի ժամանակ հնչեցված այդ հայտարարությանը: Մենք դիմեցինք դատախազություն, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք, որից հետո դիմումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն եւ հիմա այն քննվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում: Քրեական գործ կա հարուցված, թե` ոչ, դեռեւս տեղյակ չեմ: Միայն կարող եմ ասել, որ մի անգամ հրավիրվել եմ բացատրություն տալու:
– Սա միակ դեպքը չէ, օրինակ, այս օրերին տեղի ունեցող ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ մի կին բղավում էր ցուցարարների վրա, թե «Նիկոլը պիտի հայերի հախից գա»: Չե՞ք կարծում, որ այստեղ եւս քրեորեն պատժելի հայտարարություն է արված, թե՞ միայն ՌԴ քաղաքացի պրոդյուսերին կալանավորելու հարցում են հետեւողական իրավապահները:
– Քանի որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո` արդեն 3-4 տարի է ամեն ինչ գխիվայր շուռ է եկել, այստեղ ոչ մի զարմանալու բան չկա: Նիկոլ Փաշինյանը երեք տարի է` բռնաբարում է ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը: Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ մի դեպքում կիրառվում է օրենքը, մյուս դեպքում` ոչ: Այսօր Փաշինյանի, իր ընտանիքի ու մերձավոր շրջապատի ցանկությունները, կամակորությունները եւ անձնական վրեժխնդրությունն են օրենքը: Իրենք են ասում` այս մարդուն պետք է բռնել, բռնում են, ասում են` պետք չէ բռնել, չեն բռնում: Ամենաթողություն է տիրում, ով ինչ ուզում, երբ ուզում անում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=227270&l=am/