o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անհամարժեքությունը հայ-ռուսական արդի հարաբերություններում

06.12.2019 13:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Անհամարժեքությունը հայ-ռուսական արդի հարաբերություններում

Աղմուկը Գարեգին Նժդեհի շուրջ չի հանդարտվում: Սույն թվականի դեկտեմբերի 2-ի գիշերը հանրությանը ոչ անհայտ Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, հերթական անգամ աչքի ընկավ էքսցենտրիկ վարքով. նա կարմիր ներկով պղծեց Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը: Տակավին անփորձ երիտասարդը սոցիալական ցանցերում ներկայացրեց իր քայլի դրդապատճառները:

Հայ-ռուսական հարաբերություններում զգալի խութեր կան. ո՞ւմ հետ են ռուսները կարողանում բանակցել և փոխզիջումների գնալ.«Փաստ»

1. Արարքը պատասխան էր ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկման և ապամոնտաժման:

2. Քայլը դրդված էր ցեղակրոնության «պատիվը փրկելու» համար:

3. Թիրախն ընտրված էր Գրիբոյեդովի՝ Ռուսական կայսրության պաշտոնյա լինելու փաստով:

Պետք է ասել, որ քարոզչական հնարքների թեթև ձեռքով Շանթ Հարությունյանի «Հայաստանի Ցեղապաշտական Կուսակցությունը» շրջանառվում է՝ որպես «Ցեղակրոն» կուսակցություն: Տվյալ հանգամանքը, սույն կուսակցապետի մակերեսային գիտելիքներն ու հակառուսական վարքագիծը նկատի առնելով, թերևս, միտված է Գարեգին Նժդեհի կողմից ձևավորված Ցեղակրոն շարժման գաղափարախոսության արժեզրկմանը և պիտակավորմանը:

Իսկ երիտասարդ Շահենի նման արարքը՝ իբրև թելադրված ազգային ինքնասիրությունից և Գարեգին Նժդեհի հիշատակի հանդեպ դրսևորած հարգանքից, մերժելի է և կասկածելի: Այո՛, կասկածելի: Այլապես ինչո՞ւ նա երբևէ չի արձագանքում, երբ խոսք է գնում մեր ընտանեկան, ազգային և հոգևոր արժեքների՝ ներկայում վտանգված լինելու մասին: Ինչո՞ւ սույն «ցեղակրոնը» չի արձագանքում այսօր այլ երկրներում ևս Գարեգին Նժդեհի հիշատակի հանդեպ ոչ հարիր վարքագծին: Օրինակ` այս տարի Բուլղարիայի պատմական մայրաքաղաք Պլիսկայում նախատեսված էր տեղադրել մեծ հայորդու կիսանդրին, սակայն ադրբեջանական ջանքերով կիսանդրին չհասավ Բուլղարիա: Երիտասարդի մտքով չէ՞ր անցնում՝ որևէ կոչ կամ հայտարարություն անել այս կապակցությամբ… Չկար իրեն հուզող հրահրիչ ուժը` հակառուսական հիստերիան:

Եվ երբ երիտասարդ Շահենը հոխորտում է, որ ռուսական կողմից թող տեսնեն, թե ինչպես է մի ցեղակրոն երիտասարդ պղծում Հայաստանի շահերն առաջ տարած ռուս դիվանագետի արձանը, իր այս քայլով նա կամա թե ակամա թիրախավորում է Ցեղակրոնության գաղափարախոսությունը՝ այն տեղավորելով հակառուսական կաղապարի մեջ:

Ինչևէ: Հայ-ռուսական համատեղ պատմական հիշողությունը և մեր դաշնակցային հարաբերությունները ստվերող նման վանդալային ակտերն այստեղ և Ռուսաստանում արդյունք են ռազմավարական դաշնակից պետությունների հարաբերություններում առկա վստահության պակասի:

Ընդ որում, պետք է նշել, որ անվստահության աճին ակտիվորեն նպաստում է ՀՀ գործող իշխանությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ հայտարարությունների: Հիշում ենք, թե ինչպես պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ Փաշինյանն անպատշաճ հղում արեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտին` փաստացի մեզ նույն շարքում դնելով լեհերի և բալթյան ժողովուրդների հետ: Ընդ որում, այս պատմական փաստի շահարկումը լավ մշակված արևմտյան թեզ է, որի նպատակն է Ռուսաստանի հնարավոր վարկաբեկումը` այլոց հաշվին: Մնում է Փաշինյանին հարցնել, թե ո՞վ է նրան խորհուրդ տվել՝ հղում անել նման խիստ վտանգավոր քարոզչական-քաղաքական թեզի:

Փաստերի համադրումը մեզ մղում է եզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունների խաթարման ջատագով ուժերը կիրառում են, այսպես կոչված, «Ping-Pong»-ի քաղաքականություն՝ Հայաստանում հակառուս ուժերի, իսկ ՌԴ-ում՝ ծախու կամ անհեռատես գործիչների տեսքով: Ստացվում է զավեշտալի պատկեր. արևմտամոլության առաջատար 1in.am կայքը սկսում է Գարեգին Նժդեհին պաշտպանել ռուսական կողմից: Բնականաբար, այդ պաշտպանության ընթացքում նետաձգումներ են կատարվում հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, կամ արևմտյան դրդմամբ թիրախավորվում են հայ-ռուսական համատեղ պատմության որոշ դրվագներ:

2020թ.-ին մեծ շուքով նշվելու է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: Միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է ունենալու նաև նացիզմի դեմ պայքարի և պատմության նենգափոխման կանխարգելմանը նվիրված թեմատիկան: Կանխատեսելի է, որ նժդեհյան թեման շահարկելու և հայ-ռուսական հարաբերություններում անվստահություն սերմանելու համար ջանք և միջոցներ չեն խնայվելու:

Օրվա հայաստանյան իշխանությունների համար վրա է հասել լրջանալու պահը: Այս հարցում տղայական կեցվածքն ու անհամարժեք պատասխաններն էապես վնասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչին անհամբեր սպասում են մեր թշնամիները: Ցավոք, շահագրգիռ ուժերն ունեն լծակներ երկու կողմերում էլ, թե՛ ՌԴ-ում, և թե՛ ՀՀ-ում: Վերոնշյալ խնդիրը պետք է անհանգստացնի նաև մեր ռուս գործընկերներին, և ավանդական հարցը, թե ո՞ւմ է դա ձեռնտու, պետք է հուզի նաև մեր ռազմավարական դաշնակցին

Վահե Հայկունի

Հ.Գ. Վանդալիզմի ակտն աչքի ընկավ նրանով, որ ընդգծվեց Գրիբոյեդովի՝ Ռուսական կայսրության դիվանագետ լինելու հանգամանքը: Սակայն ինչպես պատմությանն է հայտնի, անվանի գրողն ու դիվանագետը, ծառայելով իր հայրենիքի շահերին, անուրանալի ծառայություններ է մատուցել նաև հայ ժողովրդին: Այսպես. բացի այն, որ նա վիրավորվել է 1828թ.-ին ռուսական բանակի կողմից Երևանի բերդի ազատագրման համար մղվող մարտերում, Ներսես Աշտարակեցու հետ խորհրդակցելով՝ կազմել է հայտնի Թուրքմենչայի պայմանագիրը և պնդել Պարսկաստան տեղահանված թվով 600.000 հայերի հայրենիքում վերաբնակեցման անհրաժեշտությունը: Եվ Գրիբոյեդովի արձանը Երևանում հայ ժողովրդի երախտագիտության դրսևորումն է այս մեծանուն գործչին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА