ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց՝ փոխված ղեկով մեքենաներն այլևս չեն ներկրվելու Հայաստան

05.12.2019 13:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը որոշեց՝ փոխված ղեկով մեքենաներն այլևս չեն ներկրվելու Հայաստան

Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթև մարդատար ավտոմոբիլների տողով:

Նա ասաց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով:

«Այնուհետև մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու  ազատ շահագործել ՀՀ տարածքում», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ընդհանրապես արգելել էին աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը ու ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ բերում էին ու Վրաստանի տարածքում աջակողմյանը փոխում էին ձախակողմյանի:

«Բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային կարգավորումը փոխել, որից հետո հաշվառվի ու թույլատրվի շահագործումը: Պետք է արձանագրենք, որ էդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել ու շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի: Եկեք պայմանավորվենք, որ մենք ընդառաջ ենք գնում, բայց չարաշահումների փորձ, հույս ունենք, չի լինի», - ասաց Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե կարծում է, որ պետք է քննարկել, վերջիվերրջո, արդյոք համաձայն են, որ փոփոխված մեքենաները շարունակաբար ներկրվեն ու շահագործվեն Հայաստանում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում:

«Ես պարոն Ավինյանի հետ լրիվ համաձայն եմ: Մենք, ըստ էության, գեներացնում ենք վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթաների մեծ քանակի պատճառը նրանում է, որ ղեկի տեղափոխությունը արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով», - ասաց Գրիգորյանը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ պետք է նոր ժամկետ ֆիքսել, որից հետո ընդհանրապես աջակողմյան ղեկով մեքենաները չեն կարող շահագործվել:

«Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասելՙ էս էլ ենք անում ու էլ չենք անում:

«Այսինքն, հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորը էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին  չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը փաստորեն կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել», - ասաց վարչապետը:

Նա հորդորեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը  ու այլևս նոր նախաձեռնություն չբերել:

«Արագ է պետք անել», - ասաց Փաշինյանը:

Հայտնի է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА