o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄՈՒՏՔՆ ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է

22.11.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄՈՒՏՔՆ ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է

Արցախի հետ կապված մեկ ուշագրավ գաղափար շրջանառության մեջ դրեց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Ելնելով Վրաստանում եւ Իրանում ծավալվող բուռն իրադարձություններից` Տարասովն առաջ է քաշում այն տեսակետը, որ այդպիսով կարող են լուրջ խնդիրներ ունենալ ինչպես Հայաստանը, այնպես էլ` Ադրբեջանը: Ուստիեւ, ըստ վերլուծաբանի. «Կասկած չկա, որ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները հիանալի կողմնորոշվում են ստեղծված իրավիճակում եւ տեսնում են համատեղ համագործակցության հնարավորությունների ձեւավորվող միջանցքՊատահական չէ նաեւ այն, որ Բաքուն հանգիստ ընդունեց Ռուսաստանի որոշումը՝ ուժեղացնել իր ռազմակայանը Գյումրիում: Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի երկխոսության ճանապարհին ընկած է մինչ այժմ չկարգավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը կարող է այլ ուրվագծեր եւ բնութագրեր ձեռք բերել տարածաշրջանում ապակառուցողական սցենարների գործողության մեկնարկի դեպքում: Կարող է այնպես պատահել, որ երկու կողմերն էլ շահագրգռվածություն դրսեւորեն` Ստեփանակերտում ռուս զինվորականների հայտնվելու հարցում՝ ավելի կարեւոր պատճառներով, քան հակամարտությունը: Բայց դա կախված կլինի հիմնականում նրանից, թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի Մոսկվան»:

«ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՅՆ, ԻՆՉԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԷԻՆՔ»

 

ՀԱՐՑԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Որքանո՞վ է իրատեսական նման սցենարը: Այստեղ նախ չմոռանանք այն փաստը, որ Տարասովը հայտնի է, որպես, այսպես ասենք, մոսկովյան վերին շրջանակներում յուրայինի համարում ունեցող վերլուծաբան, ուստիեւ նրա ներկայացրած գաղափարներին, որքան էլ առաջին հայացքից ֆանտաստիկ թվան, պետք է լուրջ ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է Ստեփանակերտում ռուս զինվորականների հայտնվելու հեռանկարին, ապա այստեղ իրոք մտածելու բազում հիմքեր կան: Սկսենք նրանից, որ սա նոր գաղափար չէ. Այն պարբերաբար շրջանառվել է դեռ արցախյան պատերազմի ժամանակներից սկսած: Իսկ ահա 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո այն կրկին հայտնվեց: Այսպես, 2016թ.-ի աշնանը կային այն միանգամայն լուրջ խոսակցությունները, որ արցախյան հակամարտության պատերազմական սցենարը բացառելու համար, Բաքվի եւ Երեւանի հետ «ճնշումային պայմանավորվածության» միջոցով Մոսկվան կարող է զորքեր տեղակայել հակամարտության գոտում, միաժամանակ ապաշրջապատել հաղորդակցության ուղիները: Բայց նաեւ չճանաչելով Արցախի որեւէ կարգավիճակ եւ այդ վեճի լուծումը թողնելով ապագային` մինչեւ Հայաստանն ու Ադրբեջանը փոխընդունելի ինչ-որ լուծման կգան` այդ նոր իրողություններից ելնելով: Թերեւս հենց նման հեռանկարի արդյունքում էր, որ Մինսկի խմբի օրակարգային բանաձեւը դարձավ այսպես կոչված Լավրովի պլանը, որը ենթադրում էր մոտավորապես նույն բանը` շփման գծում ռուս խաղաղարարների տեղակայումը: Բայց արդեն հակամարտության միջանկյալ լուծման տարբերակով` շրջանների հանձնում` Արցախի կարգավիճակով հանրաքվեի խոստման դիմաց: Ինչո՞ւ ՄԽ մյուս երկու համանախագահ երկրները` ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համաձայնեցին դրան. հակառակ դեպքում, եթե գործադրվեր նախորդ տարբերակը` Երեւանի եւ Բաքվի հետ պայմանավորվածությամբ ռուսական զորքերը տեղակայվեին հակամարտության սահմանին, ապա ՄԽ այդ երկու համանախագահները պարզապես կհայտնվեին «խաղից դուրս» վիճակում: Բայց ահա «Լավրովի պլանը», թեեւ արդեն երեք տարի է, որ օրակարգում է, սակայն արդյունք այդպես էլ չկա: Թե ինչու, հարցի մյուս կողմն է: Միայն նկատենք նաեւ, որ այդ արդյունքների բացակայությունից բողոքում է հատկապես Բաքուն: Իսկ դա այն տպավորությունն է թողնում, որ Ալիեւն ինչ-որ սպասելիքներ ունի, այսինքն՝ կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք այդպես էլ չեն իրականանում, եւ Բաքվում սկսել են նյարդայնանալ:

«ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ»

 

ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ

Ահա այս ֆոնին թերեւս նաեւ պատահական չէր, որ վերջին ամիսներին ուշագրավ զարգացումներ արձանագրվեցին: Նախ, ՌԴ-ից Հայաստանին ուղղված բուռն ճնշումների հոսք նկատվեց: Որ դա կապված էր նաեւ Արցախի հետ, ցույց տվեց ՌԴ ԱԳ նախարարի այն ծայրահեղ կոշտ հայտարարությունը, որը նա հնչեցրեց Երեւանում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից ժամեր անց: Հիշեցնենք, որ Լավրովը Փաշինյանին մինչեւ իսկ համեմատեց Կոսովոյի վարչապետի հետ, իսկ թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք ունի Կոսովոյի եւ նրա վարչապետի նկատմամբ, հայտնի բան է: Դրանից հետո էլ Փաշինյանն ընդունեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, եւ օրակարգում հայտնվեց ռուսական ռազմաբազայի ուժերը կրկնապատկելու գաղափարը: Բայց թե ինչի համար էր այդ կրկնապատկումը, ինչ խնդիրներ էր լուծելու, մինչ այժմ էլ չկա որեւէ բացատրություն: Մենք էլ առիթ ունեցանք ենթադրություն հայտնել, որ այդ հավելյալ կոնտինգենտը խիստ անհրաժեշտություն չէ ո՛չ թուրքական սահմանի առումով, ո՛չ վրացական, առավելեւս` Իրանի ուղղությամբ: Վերջապես, այն խիստ անհրաժեշտություն չէ նաեւ ծայրահեղ սցենարով Հայաստանի ներսում կիրառելու համար. կրկնապատկվում է նաեւ ծանր սպառազինությունը, որը Հայաստանի ներսում կիրառման համար պետք չէ: Եվ կա նաեւ վերջին տարբերակը. այդ հավելյալ զինուժը կիրառվել է հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղարար առաքելության համար, միաժամանակ այն հանդես կգա նաեւ իրանական բանակի հետ կապող օղակի դերում: Իսկ այն, որ Տարասովը խոսում է նաեւ բազայի կրկնապատկման լուրը Բաքվում հանգիստ ընդունելու մասին, դա էլ իր հերթին է դառնում ակնարկ, որ կա պայմանավորված գործընթաց: Եվ այս ամենից էլ զատ, վերջին հայաստանյան այցի ընթացքում մեկ ուշագրավ հայտարարությամբ եւս Լավրովը հանդես եկավ: Այսպես, նախ «Կոսովոյի վարչապետի» փոխարեն ամենասիրալիր հաճոյախոսությունները շռայլելով հայաստանյան իշխանություններին, Լավրովը նշեց. «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ցուցաբերել ամենաակտիվ միջնորդական օժանդակությունը` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափով»: Ի՞նչ է սա նշանակում, որ ՄԽ-ից զատ կա նաեւ արցախյան կարգավորմանը միտված Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափ: Նաեւ կարելի է հետեւյալը հասկանալ. եթե ՄԽ-ի ձեւաչափը կաղում է, ապա կարող է կիրառման մեջ մտնել հենց Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափը: Եվ չմոռանանք, որ ժամանակին հենց այդ պաշտոնապես դեռ չհնչեցվող ձեւաչափի շրջանակներում էր, որ խոսվում էր ռուսական զորքերի տեղակայման մասին:

Ադրբեջանի նման դիրքորոշումը թուլության նշան չէ, իրենց բանակցություններ պետք չեն, դա վերջնագիր է. Սուրեն Սարգսյան

 

ԻՆՉՈ՞Ւ ՀԻՄԱ

Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ հենց այս պահին մի քանի ուղղություններով ճնշումային ֆոն առաջացնելու ունակ այդ թեզը դրվեց շրջանառության մեջ: Այստեղ նախ հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբներին ՄԽ-ի միջնորդությամբ կայանալու է Մամեդյարով-Մնացականյան հերթական հանդիպումը: Եվ ահա Լավրովի դիվանագիտական` «Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան» ձեւաչափի կողքին Տարասովի կողմից ռազմականացված տարբերակն ի ցույց դնելը կարելի է դիտարկել այդ հանդիպմանն ուղղված մեսիջ: Չբացառենք նաեւ, որ Տարասովի միջոցով այդ գաղափարը դրվում է շրջանառության մեջ` դրա հետ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին տրամադրությունները ստուգելու համար: Բայց եթե տրամադրությունների ստուգման կարիք կա, դա նշանակում է, որ այս մեխանիզմի մասին մտորում-քննարկումներ ընթանում են: Այսինքն, հարցադրումն այլ տեսք է ստանում՝ ինչո՞ւ այս փուլում Մոսկվան գնաց արցախյան գործընթացի ուղղությամբ նման արագացման: Այն, որ Տարասովն իրավիճակը կապում է Վրաստանի եւ Իրանի ցնցումների հետ, թերեւս պատահական չէ: Մի կողմից, իհարկե, քիչ հավանական է Տարասովի այն բացատրությունը, որ այդ իրադարձությունները կտանեն այնպիսի բուռն իրավիճակի, որ կոմունիկացիոն առումով լուրջ խնդիրներ կդառնան Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ Վրաստանում եւ Իրանում ժամանակին շատ ավելի սուր իրավիճակներ են եղել, բայց նման շահագրգռվածություն չի «դրսեւորվել»: Բայց նաեւ ասել, թե Տարասովը պատահաբար է Վրաստանի եւ Իրանի այդ թեմաները շոշափում, էլի թերեւս սխալ կլիներ: Նկատենք, երկու երկրների այդ ցնցումներն էլ ուղղակիորեն կապվում են Վաշինգտոնի անվան հետ եւ միաժամանակ երկուսն էլ ՌԴ-ի դեմ ուղղված գործողություններ են: Ավելին, նաեւ Սիրիայում Վաշինգտոնը վերջին ժամանակներս իրեն բավականին տարօրինակ դրսեւորեց. նախ արագ-արագ այդ երկրից հանեց իր բոլոր զորքերը, բայց գրեթե անմիջապես էլ որոշ փոքր ստորաբաժանումներ ետ բերեց՝ տեղակայելով Սիրիայի նավթային շրջաններում: Եթե ընդունենք, որ մինչ այդ կար Մոսկվա-Վաշինգտոն-Անկարա ¥եւ այլն¤ ինչ-որ քիչ տեսանելի պայմանավորվածություններ Սիրիայի հարցով, ապա այդ քայլն ակնհայտորեն դրանց խախտումն էր: Համենայնդեպս, դա դարձավ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների այնպիսի սրացում, որ Լավրովը սկսեց հրապարակավ ԱՄՆ-ին անվանել այլ երկրի ունեցվածքն օրը ցերեկով թալանող պետություն: Այսինքն, Իրանի եւ Վրաստանի այս ցնցումները եւս Մոսկվայում կարող են ընկալվել` որպես Թրամփի կողմից ՌԴ-ի դեմ հակահարձակման փորձ: Մինչդեռ ինչպես հարավկովկասյան, այնպես էլ Իրան-Սիրիա ուղղությամբ իրավիճակը կարող է նոր որակ ստանալ, եթե հայ-ադրբեջանական շփման գծում եւ Իրանի սահմաններին իրոք ռուսական բանակը հայտնվի: Նաեւ չմոռանանք, որ Արցախում նախընտրական փուլ է, եւ ով իմանա, թե ինչ իրավիճակ կձեւավորվի: Այն, որ ինչպես Բակո Սահակյանը, այնպես էլ, ըստ միանգամայն արժանահավատ աղբյուրների՝ Վիտալի Բալասանյանը Մոսկվայում լուրջ աջակցություն ունեն, անցանկալի զարգացումներից բավարար երաշխիքներ տալիս է: Իսկ եթե այլ իշխանություննե՞ր ի հայտ գան, այդ դեպքում ի՞նչ պատկեր կլինի՝ հարցական է: Մինչդեռ ռուսական բանակի տեղակայումը միանգամից այդ հարցերի պատասխանը եւս տալիս է: Սակայն այս պահին Մոսկվան կարծես թե դեռ միայն զգուշացնում է, ու հենց դրա հետ կապված ռեակցիաներն էլ կարող են ցույց տալ, թե, Տարասովի ասածով. «Ինչ դիրքորոշում կզբաղեցնի Մոսկվան»:

Բանակցությունները շտապ պետք է դադարեցնել. քաղաքագետ Սուրեն Սարգսյան

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԲԵՄՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակում, ինչ խոսք, չէր կարող պատահական լինել այն, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԺԿ համաժողովում իր այդքան աղմուկ հանած ելույթում հատուկ անդրադարձավ նաեւ արցախյան թեմային: «Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել եւ սպառնալ Արցախին եւ Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- նշեց Ս.Սարգսյանը:

ՄԱՄԵԴՅԱՐՈՎ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱՈՒՆԴԻՑ ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ

Այսպիսով, երրորդ նախագահի խոսքը կարելի է բաժանել երեք մասի: Նախ, նրա մտահոգություններն են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը, իսկ որ մտահոգվելու առիթ իրոք կա, տեսնում ենք բոլորս: Հաջորդ մտքով Ս.Սարգսյանը, ըստ էության, ներկայացնում է, թե իր պատկերացմամբ ինչպիսին պետք է լիներ բանակցային իրավիճակը. ՄԽ-ի միջնորդական առաքելության պահպանմամբ: Այսինքն, սա, թերեւս, ակնարկ է, որ պետք է վերադառնալ այն կետին, որտեղ նիկոլական «հեղափոխության» պատճառով բանակցությունները կանգ են առել, եւ այդ կետից էլ ժամանակին եղած պայմանավորվածությունների շրջանակներում գործընթացը շարունակել: Բայց ի՞նչ ուղղությամբ. Ս.Սարգսյանի վերջին միտքը, թերեւս, հենց այս ուղղությամբ էր: «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում». սա մինչնիկոլյան ժամանակների հայաստանյան հիմնական պաշտոնական թեզն է, եւ այն կրկնելով, երրորդ նախագահը եւս մեկ անգամ է բանակցությունների երբեմնի ընթացքին վերադառնալու մասին ակնարկում: Թերեւս նաեւ հաշվի առնելով, որ «հեղափոխության» օրերին այդ ընթացքը որոշակիորեն խաթարվել է մի կողմից՝ Բոլթոնի հայտնի «Հող՝ խաղաղության դիմաց» թեզով, որից թեեւ Փաշինյանը մեկ անգամ պաշտոնապես հրաժարվեց, սակայն այդ մոտեցումն իր տարբեր վարիացիաներով պարբերաբար ետ է գալիս օրակարգ: Էլ չասած, որ Նիկոլի մոտ այդպես էլ չերեւաց այն գիծը, որից այն  կողմ հրաժարվուն է զիջել: Եվ մյուս կողմից էլ հիշեցնենք «վերելակային բանակցությունները», որոնց մասին միանգամայն ուշագրավ բացահայտումներով հանդես եկավ նաեւ Վիտալի Բալասանյանը՝ խոստանալով շատ ավելին բացահայտել: Իսկ այդ բացահայտումներում կար թափանցիկ ակնարկ, որ բանակցային գործընթացը կարող է շուռ տրվել այն հուն, որը ժամանակին այդքան հետեւողականորեն կառուցում էր Նիկոլի քաղաքական կնքահայրը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, ԼՏՊ-ի մոդելն այն ժամանակ շատ լավ շաղկապվում էր տխրահռչակ «Գոբլի պլանի» հետ, որի հղկված տարատեսակն էլ կարելի է համարել Բոլթոնի «Հող՝ խաղաղության դիմաց» մոտեցումը: Եվ ահա Ս.Սարգսյանը, երբ խոսում է մինչնիկոլյան ժամանակահատվածի ընթացքին վերադառնալու մասին, հենց հիշատակված խեղաթյուրումներն օրակարգից հանելու մասին պարզ ակնարկ է հղում:

ԲԻՇՔԵԿԸ ԿՏԵՂԱՇԱՐԺԻ՞ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА