КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 09. 12. 2019 : :
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող ԷԴՎԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆՆ անժամկետ գործադուլ է հայտարարել: Պատճառը Հայաստանում իրականացվող կրթական եւ մշակութային քաղաքականությունն է:
– Գործադուլ եմ հայտարարել` հանուն ազգային արժեքների պահպանության: Վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի քարոզը Հայաստանում դարձել է գլխավոր ուղղություններից մեկը եւ ֆինանսավորվում է պետական միջոցներից:
– Ինչո՞ւ որոշեցիք միանալ ուսանողների պահանջին, որոնք «Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» բուհական կրթական համակարգում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության համար ցանկանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
– Այս առարկաները պետք է ծրագրային առումով վերանայվեն, նորացվեն, պետք է համապատասխանեցվեն տարբեր մասնագիտությունների: Այս առարկաների դասավանդումը բազմաթիվ խնդիրներ ունի: Բայց «Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» բուհական կրթական համակարգի համար կարեւոր առարկաներ են: Կրթության մասին օրենքի նախագծին բոլոր համալսարաններն են դեմ արտահայտվել: Հույս ունենք, որ կհասնենք ցանկալի արդյունքի, եւ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա: Այս պահին գործադուլն ամենաարդյունավետ միջոցն է` բողոքը տեղ հասցնելու: Գործադուլ հայտարարել եմ անժամկետ, այսինքն` մինչեւ պահանջը բավարարվի:
– Պարոն Գալստյան, չե՞ք վախենում հեռացվել աշխատանքից:
– Այդ սցենարին եւս պատրաստ եմ: Բնականաբար, գիտակցում եմ, որ պետական քաղաքականության դեմ պայքարելով` վտանգի տակ ես դնում նաեւ աշխատանքդ: Դրանից հետո համապատասխան ատյանների միջոցով կփորձեմ վերականգնել աշխատանքս, եթե չստացվի էլ, հոգ չէ: Կլինի, որ ես զրկվել եմ աշխատանքիցս` հանուն իմ գաղափարական պայքարի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ