o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախյան գործընթացը տեղափոխվում է Մոսկվա-Երեւան-Բաքու ձեւաչա՞փ

12.11.2019 18:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախյան գործընթացը տեղափոխվում է Մոսկվա-Երեւան-Բաքու ձեւաչա՞փ

Կարելի է հասկանալ, որ ՌԴ-ՀՀ ամենաբարձր հարաբերությունների պահպանման մասին Լավրովի մտքերը մեր իշխանական համակարգի մի զգալի մասը պետք է սվիններով ընդուներ: Նրանց, որոնց տարաբնույթ սորոսներ տարիներով հսկայական փողեր են տվել մեկ բանի համար` ՌԴ-ի դիրքերը Հայաստանում զրոյացնելու, եւ հիմա, երբ Լավրովն ասում է, թե` «ՀՀ նոր իշխանությունները, վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում», նշանակում է ակնարկ, թե արեւմտյան այդ բոլոր փողերն անտեղի  են ծախսվել: 

Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով. գործընթացը կլինի փուլ առ փուլ

Նաեւ հասկանալի է, թե ինչու ՀՀ նոր իշխանությունները նման «լուրջ տրամադրություն» ցուցաբերեցին: Ընդամենը մեկ ամիս առաջ նա բոլորովին այլ տոնայնություն ուներ, այն էլ` Պուտին-Փաշինյան երեւանյան հանդիպումից հաշված ժամեր անց: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարը ոչ միայն վերջնագրի տեսք ունեցող քննադատական հայտարարություն հնչեցրեց Փաշինյանի նկատմամբ, այլ նաեւ նրան համեմատության մեջ դրեց Ալբանիայի վարչապետի հետ: Ու դրանից հետո մի շարք ուշագրավ զարգացումներ ռուս-հայկական հարաբերություններում նկատվեցին, այդ թվում` շրջանառության մեջ մտան ռուսական ռազմաբազայի կրկնապատկման մասին խոսակցությունները: Եվ երբ Լավրովն արդեն սկսում է խոսել միանգամայն այլ տոնայնությամբ, ապա դա սկսում է նմանվել թափանցիկ ակնարկի, որ այս ընթացքում Փաշինյանից որոշակի «հավատարմության երդումներ» Մոսկվան ստացել է:
Բայց նկատի առնենք, որ Լավրովի այցի հիմնական թեմաներից մեկն էլ, ինչպես ի սկզբանե էր հայտնի, արցախյան գործընթացն էր: Այսինքն հարց է ծագում` այդ «հավատարմության երդումները» Արցախի հետ կապված ի՞նչ են մեզ խոստանում: Այս առումով Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում Լավրովը մի շարք ուշագրավ մտքեր հնչեցրեց: Նախ` ինչպես Լավրովը, այնպես էլ Մնացականյանը ընդգծված կերպով առանձնացրին ապրիլին ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը եւ դրա շրջանակներում պայմանավորվածությունները, թեեւ այս տարի Մամեդյարով-Մնացականյան եւս երեք հանդիպում է եղել: Ու հենց մոսկովյան հանդիպման ընդգծումը բանակցային գործընթացում Մոսկվայի առաջատար դերի հատուկ մատնանշման տպավորություն է թողնում: Դրա իմաստը, թերեւս, կարելի է կռահել Լավրովի հաջորդ մտքից. «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ցուցաբերել ամենաակտիվ միջնորդական օժանդակությունը` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափով»:
Այսինքն` ի՞նչ է ստացվում, որ Մինսկի խմբից զատ կա նաեւ արցախյան կարգավորմանը միտված Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչա՞փ. եթե ՌԴ ԱԳ նախարարը պաշտոնապես է ասում, իսկ նրա կողքին կանգնած ՀՀ ԱԳ նախարարը աչքն էլ չի թարթում, դա նշանակում է, որ իրոք նման ձեւաչափ կա: ՄԽ-ին սինխրոն, զուգահեռ, թե` ինքնուրույն, հարցի այլ կողմն է: Չնայած, նման ձեւաչափի առկայության հետքեր մինչ այս էլ քանիցս նկատվել են: Օրինակ` ապրիլյան պատերազմը կանգնեցվեց հենց այդ` ՌԴ, ՀՀ, Ադրբեջան շրջանակներում: Նույն ձեւաչափում էր նաեւ, օրինակ, Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունները: Վերջապես, այդ նույն ձեւաչափը շատ ավելի պարզ երեւաց Բիշքեկում` Ալիեւ-Փաշինյան այդքան աղմուկ հանած հանդիպման շրջանակներում: Սակայն դրան ոչ մեկը ձեւաչափ չէր անվանում, ներկայացվում էր հանդիպում` Պուտինի անձնական միջնորդությամբ: Եվ ահա պաշտոնապես առաջին անգամ Լավրովը հնչեցրեց «Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափ» արտահայտությունը: 
Ի դեպ, նկատենք. արցախյան բանակցությունները նման ձեւաչափ տեղափոխելու մասին ակնարկներ ռուսական փորձագիտական շրջանակներից նոր չէ, որ գալիս էին: Այն հիմնավորմամբ, որ որքան էլ ՄԽ-ի շրջանակներում կա տեսանելի համագործակցություն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, սակայն ամեն պահի սեփական շահերը կարող են ամեն մի համագործակցություն էլ ձախողել: Ուստիեւ, առաջ է գալիս այն միտքը, որ արցախյան ուղղությամբ Մոսկվան փորձում է նման անակնկալներից ապահովագրվել` օրակարգ բերելով ՄԽ-ի ձեաչափի պահպանման, նաեւ զուգահեռ ձեւաչափի գործադրման գաղափարը: Ընդ որում, ՌԴ ԱԳ նախարարը նաեւ մատնանշեց, որ ի վերջո, կողմերն են որոշողը, թե ինչ ձեւաչափով են բանակցելու, եւ, հաշվի առնելով Մնացականյանի լռությունը, ինչպես նաեւ, որ մինչ այդ ասուլիսն արդեն իսկ կայացել էր Փաշինյանի հետ Լավրովի հանդիպումը, ենթադրելի է, որ նման հստակ պայմանավորվածություն արդեն իսկ կա:
Կարգավորման ի՞նչ մեխանիզմ կարող է ենթադրել նման ձեւաչափը: Հաշվի առնելով, որ գործնականում ՄԽ-ն էլ է ներկայացնում «Լավրովի պլան» անվանումը ստացած մեխանիզմի ինչ-որ տարատեսակ, ենթադրելի է, որ նման երկու ձեւաչափերում էլ օրակարգում է կարգավորման մոտավորապես նույն տարբերակը: Այն տարբերությամբ, որ «Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափի» պարագայում պարզապես ՄԽ մյուս երկու համանախագահներն են հայտնվում երկրորդ պլանում` դրանից բխող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ: Ընդ որում, դրա անալոգային տարբերակն էլ կա` սիրիական գործընթացի տեղափոխումը ՌԴ-Իրան-Թուրքիա ձեւաչափ, որից հետո հակամարտության լուծումն արագորեն տեսանելի դարձավ:
(Ամբողջական տարբերակը` «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում)
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով. գործընթացը կլինի փուլ առ փուլ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА