o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.09.2016 19:41 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, մեր հայրենակիցներից շատերի հեքիաթային երազանք ԱՄԵՐԻԿԱՆ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործով զարմանալիորեն խաղքուխայտառակ եղավ, քանզի մեր սովորական հայկական դատարանը առաջնորդվեց ոչ թե գերտերությունների ճնշումներով, այլ զուտ օրենքի պահանջներով: Ըստ Միրոնովի փաստաբան Վրեժ Խաչիկյանի. «Դատարանից խնդրեցի ինձ ժամանակ տրամադրել, որպեսզի ուսումնասիրեմ այն փաստաթղթերի ցանկը, որոնք գլխավոր դատախազությունը ներկայացրել էր դատարանին: Եվ նկատեցի, որ փաստաթղթերի մեջ չկա ամենից կարեւորը` ԱՄՆ դատարանի կայացրած որոշումը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Եվ այդ հարցը հնչեցրի դատարանում: Ասեմ, որ այդ կարեւոր որոշման փոխարեն ԱՄՆ-ը մեզ էր ուղարկել մի գրություն, որում կար մի այսպիսի միտք. «Սույն ծանուցումը համարվում է նախնական կալանքի համար պաշտոնական միջնորդություն»: Դե ինչ, երեւի թե, զարմանալիորեն, ԱՄՆ-ի մոտ լավ է ստացվում միայն արդարադատության մասին ֆիլմեր նկարելը, այլ ոչ թե արդարադատություն իրականացնելը: Մնում է նրանց խորհուրդ տալ` գալ մեր երկրում վերապատրաստման:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ծառայությունը արդեն որոշակի նորություն ունի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերով լրագրողներին ջարդուխուրդ արած թափթփուկների վերաբերյալ. «Հարցաքննվել է նաեւ զանգվածային տարբեր լրատվամիջոցների 23 լրագրողից 21-ը: Նրանցից 19-ը ճանաչվել է տուժող, 2-ը հարցաքննվել է որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների` 47 անձ ստացել է բեկորային վնասվածքներ, 36-ը ենթարկվել ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել են այրվածքներ: Քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական լայնածավալ գործողությունների շնորհիվ առերեւույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում` լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար նախաքննության այս փուլում քրեական հետապնդում է իրականացվում արդեն 6 անձի նկատմամբ: Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել` խմբով խուլիգանություն կատարելու եւ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, եւ վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում` որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ 2 անձի մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար»: Ինչեւէ, հուսանք, որ նրանցից եւ ոչ մեկը համաներման տակ չի ընկնի:

Բոլորը խոսում են, որ տնտեսական ճգնաժամի պատճառով վայը եկել մեզ տարել է, սակայն զարմանալի լավատեսություն է դրսեւորում Հայաստանի գործատուների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ: Ըստ նրա` լավ բաներ էլ կան, որ տնտեսությունը տեղից կշարժեն. «Ասենք` եթե առաջ կազմակերպությունը 500 հազար դրամ հարկային պարտավորություններ էր կուտակում, նրա հաշիվը կալանավորում էին, կազմակերպությանը զրկում ակտիվ գործունեության հնարավորությունից: Այդ խոչընդոտը տարիներ շարունակ չէր հաղթահարվում: Հիմա վերջապես հարցը լուծվել է` այսուհետ իր պարտավորություններում թերացած ընկերությունը պատշաճ կիրազեկվի, կկազմվի հստակ ժամանակացույցով մարման գրաֆիկ, եւ ձեռնարկությունը կշարունակի աշխատել, ինչը առավել քան տրամաբանական է: Կամ` հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում ձեռնարկության վրա օրական 0,15 տոկոս տույժ էր հաշվարկվում, այսինքն` ամիսը 4,5 տոկոս: Հիմա նախատեսվում է կրկնակի նվազեցնել այդ տույժերը: Այս ցանկը կարելի է շարունակել: Այսինքն` կատարվում են դրական քայլեր, որոնց շնորհիվ, իմ հաշվարկներով, այս տարին Հայաստանը կավարտի ոչ թե ծրագրված 2,2 տոկոս տնտեսական աճով, այլ նվազագույնը 4 տոկոս, կարող է նույնիսկ 5 տոկոսից ավելի տնտեսական աճ ապահովել»: Բայց լավագույն դեպքում 5 տոկոս, գրողը տանի, մի՞թե դա ուրախանալու բան է: Ախր, եթե երկնիշ աճ չլինի, բոլոր հարեւաններից հետ կընկնենք...

Եվ իհարկե, սեպտեմբերի 1-ի կապակցությամբ չենք կարող շրջանցել եւ այդ օրվա հետ կապված ոչ այնքան հաճելի պահը` ԾԱԽՍԵՐԸ: Քիչ է, որ ծաղկավաճառները ծաղկեփնջերի վրա այդ օրով «հոր գին» էին դրել, դրան գումարվում է նաեւ այն, որ մեկ երեխայի դպրոցական բյուջեն շատ մեծ է: Մեկ երեխայի դպրոցական բյուջեն նվազագույնը 60-70 հազար դրամ է հաշվարկվում: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե որքան կմեծանա այդ ծախսը, եթե ընտանիքում երկու, երեք, անգամ չորս դպրոցահասակ երեխա լինի. գումարը կկրկնապատկվի եւ կեռապատկվի: Իսկ միջին ընտանեկան զամբյուղ ունեցող ընտանիքի համար արդեն մեկ երեխային դպրոց տանելն է լուրջ ծախսեր նախատեսում: Լավ, մի՞թե իրավասու պետական մարմինները չեն տեսնում, որ դասագիրք, տետր, օրագիր եւ այլն արտադրող ձեռնարկությունները ամենաանխիղճ ձեւով գերշահույթ են ստանում: Համ էլ, մի՞թե դժվար է, օրինակ, անել այն, ինչ շատ ընդունված էր սովետական տարիներին` ուսումնական տարվա ավարտից հետո հավաքել դասագրքերը ու դրանք անվճար հիմունքներով փոխանցել չունեւոր աշակերտներին: Դե, իսկ ինչքան են ծնողները զզվել դպրոցական դրամահավաքներից` դրանից արդեն, երեւի թե, բոլորի լեզվի վրա կոշտուկ է գոյացել: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА