o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերջնագիր Լավրովից Փաշինյանին՝ Պուտինի հետ հանդիպումից ժամեր անց

02.10.2019 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վերջնագիր Լավրովից Փաշինյանին՝ Պուտինի հետ հանդիպումից ժամեր անց

Եվ այսպես, Երեւանում ԵՏՄ նիստն ու ՌԴ նախագահ Պուտինի այդքան կրքեր առաջացրած այցն ավարտված է: Մնում է հասկանալ՝ ի՞նչ տեղի ունեցավ եւ ինչի՞ է պետք սպասել: Նախ ֆիքսենք. որեւէ անսպասելի բան այդպես էլ տեղի չունեցավ: Գլոբալ իմաստով Իրանի եւ Սինգապուրի ղեկավարների ներկայությունն ու այդ երկրների հետ կապված ԵՏՄ-ի ծրագրերը մեկ բան են նշանակում. գործնական փուլ է մտնում «Նոր մետաքսի ճանապարհի» գաղափարախոսությունը (գումարած մի շարք այլ կոմունիկացիոն եւ այլ գլոբած ծրագրեր), ավելի կոնկրետ՝ դրա հարավային ուղղությունը: Այս ուղղությամբ Իրանը հանդես է գալիս որպես, այսպես ասենք, բաշխիչ կետրոն, եւ այդ նպատակով Իրանից ԵՏՄ տիրույթ բեռների ազատ տեղաշարժը կարեւորագույն հարցերից մեկն է: Պատկերն ամբողջացնելու համար հիշեցնենք Հայաստանում հնչեցրած Պուտինի հայտարարություններից մեկը, համաձայն որի՝ ակտիվ աշխատանքներ են ընթանում մի շարք այլ եւրկրների հետ եւս ազատառեւտրի համաձայնագրի ուղղությամբ, եւ այդ երկրների թվում ՌԴ նախագահն առաջին հերթին շեշտեց Հնդկաստանին: Եվ չմոռանանք, որ Իրանը ՌԴ-Հնդկաստան ուղղությամբ եւս կապող օղակ է:  Գումարենք դրան ՌԴ-Իրան-Թուրքիա ակտիվ տնտեսաքաղաքական շփումները (այն կարգին, որ Թուրքիան մինչեւ իսկ պաշտոնապես հրաժարվեց իրանական նավթի գնման ամերիկյան պատժամիջոցներին ենթարկվել), եւ ԵՏՄ-Իրն մեկնարկող ազատ առեւտրի համաձայնագրի եւ երեւանյան նիստի աշխարհաքաղաքական իմաստը պարզ կլինի: Ի դեպ չմոռանանք, որ Երեւանից Ռոհանին ամենածանր մեղադրանքները հղեց ԱՄՆ-ի հասցեին, որից հետո հաստատ արեւմտյան կնճռոտ հայացքները Փաշինյանի ուղղությամբ մեծապես կավելանան:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Փարիզի խաղաղության համաժողովի վարպետաց դասին

Բայց ահա հենց այս աշխարհաքաղաքական ֆոնն է, որ մեզ համար շատ ավելի կարեւոր այլ հարց եւս պահում են թիվ 1 օրակարգում: Հիշատակված գլոբալ կոմունիկացիոն ծրագրերում արցախյան թեման, ինչ խոսք, «ձեռքի արգելակի» ֆունկցիա է կատարում: Խոսքը հսկայական բեռների եւ շատ մեծ փողերի մասին է, իսկ ամեն պահպայթելու պատրաստ արցախյան իրավիճակը հաստատ նման ծրագրերի լավագույն երաշխիքը չէ: Էլ չասած, որ արցախյան հանգուցալուծման բացակայությունը նաեւ հնարավորություն չի տալիս օգտագործել մի շարք կարեւոր հաղորդակցության ուղիներ, այդ թվում՝ Իրան-Նախիջեւան-Հայաստան երկաթուղին, որը Իրանից Թուրքիա եւ սեւծովյան գոտի տանող շատ հարմար կապ է:

Այսպիսով այն, որ արցախյան բանակցային գործընթացի ներկայիս ակտիվացումը պատահական չէ, հասկանալի է: Հասկանալի է նաեւ, որ այն չէր կարող շրջանցել Պուտին-Փաշինյան առանձնազրույցի օրակարգը: Առավել եւս, որ Փաշինյանից հետո Պուտինը նաեւ Ալիեւի հետ պետք է հանդիպեր:

Բայց այստեղ մեկնաբանման սպասող մեկ նկատառում: «Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- նախ տեղեկացրեց Փաշինյանը: Մի քանի ժամից էլ հավելեց. «Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ»: Իրար հաջորդող երկու տեւական հանդիպո՞ւմ, որ ի՞նչ: Եթե դեռ մեկուկես ժամվա խոսելիք կար, ինչո՞ւ առաջին հանդիպումը կիսատթողեցին: Այդ «հավելյալ թեմայի» մասին հիմնական զրույցի ժամանակ մոռացե՞լ էին, Փաշինյանը հանկարծ հիշեց, որ այլ կարեւոր գո՞րծ է կիսատ թողել, թե՞ Պուտինն էր իր ծառայողական ինքնաթիռի թռիչքի ժամից ուշանում... Բայց ամենահետաքրքիրը. հենց այդ հանդիպումների արանքում էր, որ Պուտինը հասցրեց ՌԴ դեսպանատան շենքում թեյ խմել նաեւ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ: Միամտություն կլիներ կարծել, որ ՌԴ նախագահը տիկին Բելլայի հետ ուներ հստակ ժամի նախնական պայմանավորվածություն, եւ չուշանալու համար կիսատ թողեց Փաշինյանի հետ հանդիպումը: Արդյունքում, ակամա գալիս ես այն մտքին, որ կա՛մ Պուտինին պետք էր ինչ-ինչ հարցերի շուրջ Քոչարյանի դիրքորոշումը եւս պարզել՝ Փաշինյանի հետ խոսակցությունը շարունակելու համար կա՛մ տիկին Բելլայի հետ հանդիպման ժամանակ այնպիսի բան է պարզվել, որ առաջ է եկել Փաշինյանի հետ եւս ժամուկես (իսկ «դիվանագիտական ժամացույցով» դա հսկայական ժամանակ է) այդ նոր թեմայով խոսելու կարիք: Երկրորդ տարբերակի հավանականությունը փոքր է. այդ հանդիպման կազմակերպման հարցերով անշուշտ ինչ-որ կոնկրետ անձիք զբաղվել էին, այսինքն՝ կանխավ պետք է, որ հիմնական դետալները պարզ լինեին, եւ քիչ է հավանականությունը, որ կարող էր մի այնպիսի նոր դետալ առաջանալ, որը Փաշինյանի հետ ժամուկեսանոց հանդիպում պահանջեր: Իսկ եթե մտածենք, որ առաջին տարբերակն է եղել, ապա հազիվ թե հարցը միայն Երկրորդ նախագահի կալանքի հետ կապված լիներ. այդ կարգի հարցերը ժամուկեսանոց (չհաշված առաջին հանդիպման ժամանակ դրա վրա ծախսած ժամանակը) քննարկում չէր պահանջի:

Փոքր ժամանակվա մեր լսած հեքիաթները ոչինչ են Նիկոլ Փաշինյանի հեքիաթների համեմատ. Հայկ Մամիջանյան

Այստեղ արդեն հիշենք, որ Երկրորդ նախագահն ինչպես կալանավայրից, այնպես էլ՝ ազատության մեջ եղած քիչ ժամանակահատվածում թեեւ ակտիվություն է ցուցաբերել ներկայիս ներհայաստանյան բոլոր թեժ հարցերի հետ կապված, սակայն նրա ակտիվության մեխը եղել եւ մնում է Արցախը: Այսինքն, կարելի է նաեւ ենթադրել, որ առաջին հերթին Արցախի հետ կապված է պետք եղել Քոչարյանի որոշակի մոտեցումներ պարզել, հաշվի առնելով, որ նա բանտում գտնվելով անգամ կարող է իր ձայնը հասցնել, ասենք, արցախյան հին գեներալիտետին, եւ դրանով՝ էապես ազդել իրավիճակի վրա: Առավել եւս, չմոռանանք, որ վերջին կալանավորման ժամանակ Քոչարյանը հենց այդ կազմին կոչով դիմեց՝ պինդ մնալ:

Ինչեւէ, այս հանգամանքը դեռ կպարզվի: Բայց նաեւ, եթե Պուտինն արցախյան թեմայով քննարկումներ ունեցել է Փաշինյանի հետ, ապա ո՞րն է արդյունքը: Այս առումով Պուտին-Փաշինյան հանդիպումից կարելի է ասել՝ ժամեր անց ուշագրավ մեսիջ-հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, թեեւ. «Մինսկի խմբի համանախագահները սերտորեն եւ բարեկամաբար են աշխատում, այս տարի 3 անգամ հանդիպել են ԱԳՆ ղեկավարների հետ...», բայց մեկ է. «Քաղաքական գործընթացն արգելակված է, եւ առայժմ այդ արգելակից դուրս գալ չի հաջողվում»: Պատճառը Լավրովը համարում է սա. «Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են կատարում...»: Ու անմիջապես էլ մատնանշեց Փաշինյանին. «...Այդ թվում, որ Ղարաբաղը Հայաստան է: Ինչպես Ալբանիայի վարչապետն էր Տիրանայից հայտարարում, որ Կոսովոն Ալբանիա է: Սա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացի վերականգնմանը»:

Իհարկե, շոկային տեսք ունի, որ բազում կոշտ հայտարարություններով աչքի ընկած Ալիեւին շրջանցելով՝ ՀՀ վարչապետին Ալբանիայի վարչապետի հետ են համեմատում, ու մի բան էլ՝ այդ համեմատությունից հետո Փաշինյանի ասածներ բանակցային գործընթացին չօգնող, այն է՝ վնասող են համարում: Սա, խոստովանենք, ծանր հարված է, առավել եւս, երբ այն ուղղվում է ընդամենը ժամեր առաջ Լավրովի անմիջական ղեկավարի՝ Պուտինի հետ երկարատեւ քննարկում անցկացրած Փաշինյանին: Մնում է մտածել, որ քննարկումն արդյունավետ չի եղել:

Ընդ որում, Լավրովը նաեւ ակնարկում է, որ դա ամենեւին էլ միայն իր տեսակետը չէ: Այսպես, ըստ նրա՝ սա «այն սակավաթիվ իրավիճակներից է, երբ մենք (համանախագահ երկրները- Հեղ.) բացարձակապես միանման տեսլական ունենք»: Վերջապես՝ Լավրովը, ըստ էության, ֆիքսում է նաեւ, թե բանակցային գործընթացը կոնկրետ որտեղ է կանգ առել. «Կան բազային փաստաթղթեր, ցանկանում ենք դրանք իրականացնել: Բազային սկզբունքների վրա հանգուցալուծում գտնել»: 

Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների համեմատական վերլուծությունը. Արմեն Աշոտյան

Ի դեպ` նկատենք, այս ամենը տեսանելի էր նաեւ Մամեդյարով-Մնացականյան վերջին հանդիպմանը հաջորդած Մինսկի խմբի վերջնագրի նմանվող հայտարարությունում, թեեւ ավելի մեղմ երանգներով: Այսինքն, որ կա կարգավորման կոնկրետ մեխանիզմ՝ համանախագահների միջեւ համաձայնեցված: Նաեւ, որ ով կձախողի այն, առնվազն կգնահատվի, որպես բանակցություններն արգելակող՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Ու երբ Պուտինի հետ հանդիպումից հետո Լավրովի մակարդակով արդեն ուղղակիորեն Փաշինյանին պարզորոշ մատնանշող նման ծայրահեղ կոշտ ակնարկ է հնչում, դա արդեն խոսում է հետեւյալի մասին: Բաքուն արդեն անթաքույց ցույց է տալիս, որ ընդունելի է համարում ՄԽ-ի հայտնի կարգավորման ծրագիրը: Դրան հաջորդեց ՄԽ-ի հիշատակված ակնարկը, որը Փաշինյանին հղված պարզ մեսիջ էր. կլինեն այս-այս հետեւանքները: Դրան էլ հաջորդեց Պուտին-Փաշինյան հանդիպումն ու անմիջապես էլ Լավրովի այս` արդեն կոնկրետ անվանական հարվածը: Բայց սա էլ էր նախազգուշացման նման, որ համանախագահ երկրները միասնաբար անթույլատրելի, նաեւ անհեռանկարային են համարում բանակցությունների «արգելակումը»: Ավելին, Լավրովը մեկ հետաքրքիր միտք էլ հնչեցրեց. ՌԴ-ն ոչ մի դեպքում թույլ չի տա պատերազմի վերսկսում: Այսինքն, եթե կան մինի-պատերազմի միջոցով ՄԽ-ի ծրագրից խուսափելու փորձեր, ապա լավ է, այդ մասին չմտածեն: Մնում է գնալ ՄԽ-ի մատնանշած բանակցային ճանապարհով, իսկ չգնալու դեպքում համանախագահ երկրներից եկող ճնշումային մեխանիզմները պարզապես միայն սրվելու են:

Մի խոսքով, մոտ ժամանակներս սպասվում է համանախագահների տարածաշրջանային այցը, որը, ըստ ամենայնի, առանցքային է լինելու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА