o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավաչափ ուղին ողջ իրավական համակարգը բարեփոխելն է»

31.08.2016 19:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ
«Իրավաչափ ուղին ողջ իրավական համակարգը բարեփոխելն է»

Վերջերս կառավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռներն ու դրանց կատարման արդյունքում պետբյուջեից հատկացվող խոշոր գումարները: Ավելին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմին եւ Ֆինանսների նախարարությանը` ներկայացնել 2014-2016թթ. ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների հետ կապված Հայաստանի փոխանցած գումարի չափը, ինչպես նաեւ Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է քննարկել խնդիրը, թե ընդհանրապես ինչո՞ւ պետք է սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պատասխան տա: Վերոնշյալ եւ մի քանի այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Սա պետական կաշառքի ձեւ է». Ռոբերտ Մարգարյանը՝ նոր նախագծի մասին (Տեսանյութ)

«ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ` ՆՐԱՆՑ ԱՎԵԼԻ ԽՈՑԵԼԻ ԵՎ ԿԱԽՅԱԼ ԿԴԱՐՁՆԵՆՔ»

–Պարոն Դանիելյան, ըստ Ձեզ, արդյո՞ք ժամանակը չէ, որ այն վճիռները, որոնք ակնհայտ դատական սխալի հետեւանքն է, դրա համար ՄԻԵԴ-ում պատասխանատվություն կրի ոչ թե պետությունը, այլ տվյալ դատավորը:

– Տվյալ դեպքում հարկ է հստակեցնել հարցադրումը` խոսքը նյութական պատասխանատվության մասին է: Ո՛չ, իրավաչափ չէ, որպեսզի դատավորը դատական սխալի համար կրի նյութական պատասխանատվություն: Բավարար հիմքերի առկայության դեպքում անգամ` կարող է քրեական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկվել, սակայն` ոչ նյութական պատասխանատվության: Ընդ որում, կարգապահական պատասխանատվությունը եւս չպետք է բովանդակի նյութական պատասխանատվությանը բնորոշ բաղադրիչներ (աշխատավարձից պահումներ եւ այլն): Մի առիթով արդեն նկատել եմ, որ սա այն եզակի դեպքերից է, երբ պետական բյուջեից պատճառված վնասը հատուցելուց հետո չի կարելի հետադարձ հայց ներկայացնել պաշտոնյայի նկատմամբ: Դա խնդրի լուծման ճիշտ ճանապարհ չէ, իրավաչափ ուղին ողջ իրավական համակարգը բարեփոխելն է, քանզի դատավորներին նյութական պատասխանատվության ենթարկելով` նրանց էլ ավելի խոցելի ու կախյալ կդարձնենք: Ընդ որում` սա բացարձակապես սոսկ հայրենական իրավական համակարգին բնորոշ դիրքորոշում չէ, այն միջազգային իրավական չափանիշ է: 
Ի դեպ, ՄԻԵԴ-ում պատասխանող կողմը պետությունն է, ուստի` նախ պետական բյուջեից պետք է քաղաքացուն փոխհատուցում վճարվի, այնուհետեւ պետական իրավասու մարմինը կարող է հետադարձ հայցով պահանջ ներկայացնել խախտման համար պատասխանատու պաշտոնյայի նկատմամբ, բնականաբար, բացի դատավորներից:  

– Իսկ կարո՞ղ է պետությունն ընդհանրապես հրաժարվել ՄԻԵԴ-ի այն վճիռների կատարումից, որոնք հակասում են մեր ազգային շահին: 

– Յուրաքանչյուր պետության շահերն արդեն իսկ համարժեք արտացոլված են Հիմնական օրենքով, եւ հենց այս հանգամանքն է նկատի ունեցվել, որ, օրինակ, ՌԴ-ում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առնչությամբ սահմանվել է սահմանադրական վերահսկողության ընթացակարգ: Սա անչափ տարողունակ հարցադրում է, եւ լրատվության ձեւաչափով գրեթե անհնար է սպառիչ պատասխան տալ, ինչեւէ, մի կողմից` մենք ընտրել ենք միջազգային դատական ատյանի դատական ակտերը բարեխղճորեն ու անվերապահորեն կատարելու դիրքորոշում, մյուս կողմից` հայրենական իրավական համակարգն այնպիսին է, որ կարող է արգելափակել Սահմանադրության նորմերին հակասող ցանկացած դատական ակտի կատարումը:

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉՈՒՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՄՆ-Ի ՀԵՏ» 

–Օրերս լայն արձագանք գտավ օդանավակայանում ռուս քաղաքացու ձերբակալության հարցը, որին, ասվում էր, թե պետք է հանձնեն երրորդ պետության` ԱՄՆ-ին, սակայն այն տեղի չունեցավ: Որքանո՞վ էին իրավաչափ մեր իրավապահների գործողություններն, ու նման դեպքերում իրավական կարգավորումն ինչպիսի՞ն է ընդհանրապես: 

– Այս դեպքում երկակի ստանդարտների մասին խոսելը հիմնավորված չէ: Մեր երկիրը չունի հանձնման մասին եւ անգամ իրավական համագործակցության մասին համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, այսպիսի պարագայում լուծումներ տրվում են միայն դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Իսկ դիվանագիտական խողովակներով պայմանավորվածությունները բացառապես կարող են վերաբերել դատավարական կամ քննչական գործողություններին: Ընդհանրապես, սա լուրջ հարցադրում է, եւ անհասկանալի չէ, թե ինչու է փոխկապակցվել հենց այդ ռուս երիտասարդի հետ, խնդիրը համակարգային լուծում է պահանջում, քանի որ տրամաբանական չէ, երբ միջազգային պայմանագրերի, ինչպես նաեւ քրեական գործերը հանձնելու պրակտիկայի բացակայության հետեւանքով հնարավոր չի լինում իրավաչափ ու ողջամիտ լուծումներ տալ քրեական բազմաթիվ գործերով:

«ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ԿԱՐՈՂ ԷՐ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵԼ ԽՈՐՀՐԴՐԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎԻՆ»

–Վստահ եմ, որ ուսումնասիրել եք ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ի՞նչ մասնագիտական դիտարկումներ ունեք, եւ որքանո՞վ այն համահունչ կարող է լինել ՀՀ Սահմանադրության հետ: 

​​​​​​​«Նիկո´լ, քո քաղաքական եւ անձնական շահիդ մի ծառայեցրու բանակը, անթույլատրելի է»

– Այս փուլում առավել արդիական է համարվում կառավարման ձեւի ընտրության խնդիրը: Քաղաքական գործիչների մի հատված փորձում է այս խնդրի քննարկմանը մոտենալ ոչ խորքային փաստարկներով, ինչի արդյունքում հետեւություն է արվում, թե իբր տարբեր կառավարման ձեւի գործոնը բացառում է արդյունավետ համագործակցությունը: Իսկ մի մասն էլ պնդում է, թե իբր ուժեղ կառավարման համակարգ ունեցող Արցախը չի կարող արդյունավետ փոխհարաբերվել կառավարման թույլ համակարգ ունեցող Հայաստանի հետ: Բազմիցս առիթ եմ ունեցել պարզաբանելու, որ կառավարման ձեւն ինքնին ուժեղ կամ թույլ չի լինում, այն լինում է իրավաչափ, հիմնավորված, եթե համարժեք հաշվի են առնվում կառավարման ձեւը կանխորոշող քաղաքական, իրավական, սոցիալական եւ նմանաբնույթ մյուս գործոնները: Սկզբունքորեն Արցախում եւս կարող էր նախապատվությունը տրվել խորհրդարանական կառավարման ձեւին: Հիշենք նաեւ, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների փուլում մասնագիտական հանձնաժողովում եւս միասնական դիրքորոշում չէր ձեւավորվել` կառավարման ձեւի առնչությամբ: Ընդ որում, իր հստակ մտավախությունն էր հայտնում նաեւ Հանրապետության նախագահը` ընդգծելով, որ կարող է համաձայնել խորհրդարանական կառավարման ձեւին, եթե հանձնաժողովը ներկայացնի անվտանգությունը երաշխավորող լրջագույն փաստարկներ եւ իրավական ու կառուցակարգային լուծումներ:
Բազմաթիվ գործոններից կանգ առնենք մեկի վրա: Հիմա, հաճախ հարցնում են. ի՞նչ է, այդ մարտահրավերները նույնը չեն, ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվել նախագահական կառավարման ձեւը: Տարածաշրջանային խնդիրները, մեծ հաշվով, նույնական են, սակայն նույնական չեն Հայաստանի եւ Արցախի կարգավիճակը, այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու, փոխհարաբերվելու հնարավորությունները եւ այլն: Չի կարող դեռեւս չճանաչված պետությունը լիարժեք օգտվել վերը նշված իրավական հնարավորություններից, իսկ դա կառավարման համակարգն առավել կենտրոնացված դարձնելու լրացուցիչ խթան է: 
Վերջապես, անտեսվում է, որ խոսքը դասական իմաստով նախագահական կառավարման ձեւի մասին չէ, առաջադրված տարբերակի պայմաններում առանցքային նշանակություն է ձեռք բերում իշխանությունների հավասարակշռման բաղադրիչը, մասնավորապես ձեւակերպված են աննախադեպ լուծումներ, որոնցից բխում է, որ հանրային իշխանության յուրաքանչյուր կրող սուբյեկտ իշխանության մեկ այլ մարմնի նկատմամբ սահմանադրական սանկցիաներ կիրառելու դեպքում ինքը եւս իրավունքի ուժով հայտնվում է նույն կարգավիճակում: Օրինակ, խորհրդարանի լուծարումը հանգեցնում է նաեւ նախագահի լիազորությունների դադարեցմանը:
Ինչեւէ, սահմանադրական բարեփոխումների հարցն ինքնին չափազանց տարողունակ է, ուստի` առավել հանգամանորեն կանդրադառնանք առաջիկայում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА