o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.08.2016 19:53 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Կա ռուսական հայտնի ասացվածք, թե հատկապես ինչն է խանգարում վատ պարողին եւ, ի դեպ, իր նախագահության տարիներին այդ ասացվածքը զարմանալիորեն հաճախ ցիտում էր Ռոբերտ Քոչարյանը: Սակայն Ռոբերտ Սեդրակիչի ամեն մի խոսքը չէ, որ սխալ է, պարզվում է, որ որոշ դեպքերում նա զարմանալիորեն իրավացի էր: Այսպես, մատնանշելով «Ժառանգություն» կուսակցության պահվածքը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշել է. «Կան ուժեր, որոնք ՏԻՄ-ին չեն մասնակցելու, այդ դեպքում ինչպե՞ս են ակտիվացնելու իրենց անդամներին, ինչպե՞ս են տեղերում չափելու իրենց ուժերը համապետական ընտրություններից առաջ: Կան այնպիսի կուսակցություններ, որոնք վստահված անձինք կամ կուսակցության անհրաժեշտ քանակի ներկայացուցիչներ չունեն, սրանում իշխանությո՞ւնն է մեղավորը: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց, թե կալանքի տակ են իրենց գործընկերները, դրա համար չեն մասնակցի ՏԻՄ ընտրություններին, բայց այսօր բոլորը ազատության մեջ են, հիմա կտեսնենք, թե ինչպե՞ս է այդ ուժը մասնակցելու, ինչպես է տեղերում իր ռեսուրսը մոբիլիզացնելու, աշխատելու ժողովրդի հետ»: Հիմա ինչ, եթե ընդդիմությունն այդքան թույլիկ է, արդյո՞ք իշխանությունը պետք է իր գործերը թողնի եւ, ասենք, Րաֆֆիի համար թիթեռ նկարի:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՏԻՄ ընտրություններն ամենաթեժը մեր հայրաքաղաք Գյումրիում են: Սակայն ուզում ենք հիշատակել ոչ թե ընտրությունները, այլ մեր ժողովրդի մի մասի այնպիսի զարմանալի հատկությունը, ինչպիսին է ամենուրեք ԿԻԿՈՍԻ ՄԱՀ փնտրելն ու ողբալը: Ախր, այնպիսի վարպետությամբ են գտնում, որ դրախտ էլ ուղարկես այդտեղ կգտնեն ե՛ւ Կիկոս, ե՛ւ Կիկոսի մահ: Եվ երիցս իրավացի է գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` հայտարարելով. «Ցավոք, հանրության մեջ հանդես են գալիս մարդիկ, որոնք իրենց վրա ուշադրություն են ուզում սեւեռել, կամ քաղաքական ուժեր, որոնք դրսից թելադրված հայտարարություններ են անում հողերի հանձման մասին: Նպատակը մեկն է, որ ներքին հակասություններ հրահրեն եւ դրանով որոշակի խնդիրներ լուծեն եւ, դրսից ղեկավարվելով, փորձեն այստեղ ավելի ընդլայնվել»: Լավ, եթե առանց Կիկոս ապրել չեք կարող, գոնե դրսի տված կտերը մի կերեք, դուք հո հավ չեք...

«Ժամանակակից երիտասարդությունը դաստիարակվում է հեռուստատեսությամբ ցուցադրվող ագրեսիայի եւ բռնության կենտրոնացված ազդեցության ներքո»,- այս ահազանգը զարմանալիորեն հնչել է դեռ 1963-ին, ու վերաբերում էր «Տաքսու վարորդը» ֆիլմին, որի գլխավոր հերոսը սիրահարվելով մանկահասակ մարմնավաճառուհուն` հայտարարում է, որ եթե մերժում ստանա, ապա քաղաքական գործիչ կսպանի: Եվ ահա, 1981-ին ոմն Ջոն Հինքլի այդ ֆիլմը դիտելուց հետո մահափորձ կատարեց ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ, եւ պարզվեց, որ մարմնավաճառողուհու դերը կատարած դերասանուհի Ջոդի Պոստերին սիրահարվելով, նա նամակ է գրել, որ պատրաստ է սպանել ԱՄՆ նախագահին: Սակայն երանելի 1960-1980-ական թվականները մեզ զարմանալիորեն անմեղ կթվան, եթե համեմատենք այսօրվա հեռուստասերիալների հետ: Այդպիսի անասունություն այդ թվականներին նույնիսկ ամենաայլասերված տականքը չէր կարող մոգոնել: Բայց արի ու տես, որ ավելի վատ բաներ էլ են հայտնվում` զորօրինակ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ հայտնվեց «Սեր եւ ամուսնություն» վավերագրական ֆիլմը, որը փառաբանում է Անգլիայում ֆեմինիզացման եւ «նոր ընտանիքի» մոդելի հաստատման ճանապարհը: Գրողը տանի, ինչո՞ւ իմ իսկ վճարած հարկերով պետք է հանրային եթերում քարոզվի ընտանիքի փչացում: Լավ, այդպիսի ֆիլմը եթեր խցկողներին իրենց իսկ թաղեցի տղաները մի հատ չհարցնե՞ն, թե արդյոք կուզենան, որ իրենց ընտանիքներում նույն այդ ֆիլմում ցուցադրված մոդելը գործի:  

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА