o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈՒՏԻՆԻ ԱՅՍ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ

01.10.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊՈՒՏԻՆԻ ԱՅՍ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ

Եվ այսպես, եկավ երկար սպասված հոկտեմբերի 1-ը, որի մասին խոսվում է ամիսներ շարունակ: Հասկանալի է, խոսքը այսօր կայացած ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման մասին է, որի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելել-չայցելելու կամ այցելելու դեպքում՝ ձեւաչափի մասին մինչ այս տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չկար:

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ

Իհարկե, այդ բոլոր ենթադրությունների եւ հարցականների պատասխանն այսօր տրվում է, անիմաստ է հերթական եզրակացություններից խոսել: Բայց չմոռանանք. Պուտինի այցով հանդերձ էլ շատ բան կմնա «կադրից դուրս»: Ուստիեւ, փորձենք խորքային առումով հասկանալ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում: Նախ նկատենք. սա երեւի ԵՏՄ ղեկավարների գագաթաժողովներից միակն է, որը Հայաստանը դիմավորում է նույն ԵՏՄ-ի բուն էության հետ կապված առավել քան բարդ իրավիճակում: Ո՞րն է ԵՏՄ-ի բուն իմաստը. առեւտրատնտեսական անարգել ինտեգրացիան, որեւէ խոչընդոտից զերծ բեռնաշրջանառությունը եւ այլն: Իսկ ահա հայաստանյան բեռնափոխադրող տրանսպորտն այս օրերին տասնյակ կիլոմետրանոց հերթերի մեջ է Վերին Լարսում: Ընդ որում, հայաստանյան ղեկավարությունը այս մասին հոդաբաշխ որեւէ բացատրություն այդպես էլ չի տալիս, մինչդեռ պատկան մարմինները պետք է որ գիշերներ լուսացնեին Լարսում, ավելի ճիշտ՝ Մոսկվայում՝ ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ այս իրավիճակից արագորեն գլուխ հանելու համար: Չկա նման բան, իսկ դա մեկ տրամաբանական բացատրություն կարող է ունենալ: Մեր իշխանական վերնախավը քաջ գիտակցում է, թե որն է այս իրավիճակի իրական պատճառը, եւ որոնք կարող են լինել լուծման ուղիները: Ի դեպ, այստեղ մեկ հանգամանք եւս նկատենք. ճակատագրի հեգնանք է թվում, սակայն հայկական բեռնատարները տասնյակ կիլոմետրանոց հերթերի մեջ են ռուսական սահմանին այն պահին, երբ հենց Հայաստանն է նախագահում ԵՏՄ-ում: Մեկ պարզ հարց. ինչո՞վ է զբաղված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Չնայած՝ դեռ վարչապետության տարիներին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվող եւ հետագայում էլ Վաշինգտոնից Մոսկվայում հայտնված Տ.Սարգսյանը, եթե անգամ ցանկություն ունենա, նաեւ հնարավորություն ունի՞ հայկական բեռների խնդրով զբաղվել. անկեղծ ասած՝ կասկածում ենք: Եվ խնդիրը միայն բեռները չեն. տնտեսական օրակարգում է նաեւ գազի գների հարցը, որը շատ ավելի լուրջ խնդիր է Հայաստանի համար, քան նույնիսկ այդ բեռնակուտակումները: Իսկ տնտեսականից զատ վերջին ժամանակներս ինչքան էլ որ ՌԴ-ից սիրալիր հայտարարություններ լսվեն հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, մեկ է, տարաբնույթ հարվածների պակաս էլ չկա: Այդ թվում՝ քարոզչական հարթակում, հաշվի առնելով, որ հատկապես վերջին օրերին ռուսական ամենատարբեր աղբյուրներում վարչապետ Փաշինյանին հասցեագրված ծանր հարվածների առատությունը պարզապես տեղ չի թողնում մտածելու համար, որ դրանք մեկ-երկու լրատվամիջոցի հերթական լուրն են եւ ոչ թե՝ կազմակերպված գործընթաց: Արդյունքում այն, որ Պուտինը Հայաստան է այցելում Փաշինյանին ուղղված մի շարք լուրջ, այսպես ասենք, նախազգուշական քայլերի ֆոնին, կասկածի տեղիք գործնականում չի տալիս: Առավել եւս, որ ամենեւին էլ պատահաբար շրջանառության մեջ չհայտնվեց նաեւ այն լուրը, որ Հայաստանում նա հազիվ մեկ-երկու ժամ կանցկացնի եւ նույնիսկ, ի տարբերություն մյուս այցելուների, չի մասնակցի ԵՏՄ ղեկավարների եւ մյուս բարձրաստիճան հյուրերի պատվին տրվող պաշտոնական ընթրիքին: Եվ իհարկե, նման լուրն արդեն իսկ Փաշինյանին ուղղված հերթական ծանր հարվածի տպավորությունը թողեց, թեեւ երեկ պարզվեց, որ Պուտինի այցի օրակարգը փոխվել է. կլինի հանդիպում Ռոհանիի եւ Փաշինյանի հետ: Թերեւս, դրանում տրամաբանություն կա: Նախ այն հարցը. իսկ ինչո՞ւ այսպես ցուցադրական դարձան Հայաստանին ուղղված ճնշումային քայլերը, ո՞րն է դրա իմաստը: Մեկ-երկու շաբաթ առաջ Լարսի կուտակումներն ու գազի գինը որոշ վերլուծաբաններ կապում էին Փաշինյանի ամերիկյան այցի հետ: Այսինքն, թե Փաշինյանն ԱՄՆ-ում կարող է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու փորձեր անել, եւ Մոսկվան ճնշումներով հենց դրա դեմն է առնում: Բայց սա մակերեսային մոտեցում կլիներ: Այն պարզ պատճառով, որ մինչ Փաշինյանի ամերիկյան այցն էլ ակնհայտ էր, որ աշխարհաքաղաքական առումով այն որեւէ տեղաշարժ անգամ մեծագույն ցանկության դեպքում չի կարող առաջացնել, ինչը ներկայացնելու առիթ ունեցել ենք դեռ այդ այցից շաբաթներ առաջ: Եվ ասել, թե Մոսկվան այդ պարզ հաշվարկներին չէր տիրապետում, իհարկե՝ ծիծաղելի կլիներ: Այսինքն, ճնշումներն այդ այցի հետ կապելը միամտություն է: Լավ, ասենք կապված էին: Բայց ահա այցից հետո վերլուծաբանները գործնականում միաձայն ֆիքսում են, որ դա որեւէ բան չտվեց: Մինչդեռ ո՛չ Լարսի կուտակումների հարցում հստակեցում կա, ո՛չ էլ՝ գազի գների, էլ չասած, որ դրան էլ արդեն ամերիկյան այցից հետո գումարվեց հարվածների քարոզչական հարթակը:

 

ԱՐՑԱԽԸ ՄԻԱԿ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ

Սրանից զատ, որոշ ռուսական աղբյուրներ (հիմնականում՝ արեւմտյան հակումներով) սկսեցին ակնարկել, թե այս ամբողջ իրավիճակը պետք է կապել արցախյան բանակցությունների հետ: Թե իբր օրակարգում է դեռ Բոլթոնից մնացած հայտնի ծրագիրը, եւ ահա Մնացականյանը դեռ Վաշինգտոնում կայացած Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ համաձայնություն է տվել՝ 5 միլիարդ դոլարի դիմաց Ադրբեջանին 5 շրջան հանձնելու գաղափարին: Բայց եթե անգամ այդպես լիներ, ինչո՞ւ պետք է դրանից միայն երեք ամիս անց Մոսկվան հանկարծ սկսեր Հայաստանին հարվածել: Ավելին, այն օրակարգը, որը դրված է Մինսկի խմբի գլխավորած բանակցային գործընթացի հիմքում, եւ որը, ըստ մի շարք հայտնի աղբյուրների, քննարկվել է նաեւ Վաշինգտոնում, վերջապես որը, ինչպես դեռ մարտին է բացահայտվել, ենթադրում է որոշակի տարածքների հանձնում, ամենեւին էլ «Բոլթոնի պլան» կոչվածը չէ: Ավելին, այն նաեւ շրջանառվում է «Լավրովի ծրագիր» անվամբ: Ու եթե ՄԽ-ն է այն առաջ տանում, նշանակում է՝ կա նաեւ ՌԴ-ի հավանությունը` որպես համանախագահ երկիր: Այսինքն, եթե ընդունենք, որ Մնացականյանը դրան համաձայնություն է տվել, Մոսկվան պետք է սկսեր ճնշե՞լ. միամտություն է: Ընդհակառակը, կա այլ տրամաբանություն. եթե իրոք Մնացականյանը համաձայնություն է տվել «Լավրովի ծրագիր» կոչվածին, ապա ոչ թե Մոսկվան, այլ ուլտրալիբերալ թեւը կարող էր դիմել նման տեղեկատվական մանիպուլյացիաների, հաշվի առնելով, որ այդ ծրագրի բաղադրիչներից մեկն էլ Իրանի սահմանին ռուսական ուժերի ի հայտ գալն է, որը կդներ հարավկովկասյան խաղատախտակին դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր շարունակվող մեծ խաղին: Եվ ամենագլխավորը, նման զինուժը կտար նաեւ Իրանի շուրջ եւ Մերձավոր Արեւելքում շարունակվող լարվածության հանգուցալուծումը, որը, իհարկե, այսպես ասենք, բոլթոնասորոսական թեւի համար բավականին ծանր պարտություն կնշանակի: Այսինքն, ավելի տրամաբանական կլիներ հակառակը, որ ռուսական ճնշումները գործեին, եթե Մնացականյանը, ավելի ճիշտ՝ Փաշինյանը հրաժարվել է ՄԽ-ի հայտնի վեցկետանոց ծրագրից՝ վերջնականապես տեղափոխվելով «Բոլթոնի պլանի» հարթություն (խոսքը տխրահռչակ «հող՝ խաղաղության դիմաց» առաջարկի մասին է): Սակայն դեռ հիմքեր չկան մտածելու, որ Փաշինյանը հրաժարվել է կամ ընդունել ՄԽ-ի առաջարկը, թեեւ նման անորոշությունն արդեն իսկ կարող էր ճնշումներ առաջ բերելՍակայն այստեղ մեկ կարեւոր նկատառում եւս: Հիշեցնենք, ԱՄՆ-ում Փաշինյանը հայտարարեց, թե Դավոսի համաժողովի շրջանակներում Սորոսն ուզում էր իր հետ հանդիպել, բայց ինքը ժամանակ չգտավ: Այո, բայց նաեւ չմոռանանք, որ նույն Դավոսում ուլտրալիբերալ թեւը կարողացավ կազմակերպել Ալիեւ-Փաշինյան հանդիպում, եւ դրա շրջանակներում պարզվեց, որ Փաշինյանն առնվազն հեռախոսազրույց ունեցել է Սորոսի հետ: Այն, որ Դավոսում փորձում էին հենց «Բոլթոնի պլանը» արագ-արագ առաջ մղել, շատ է խոսվել: Ի վերջո, չմոռանանք. նույն դավոսյան հանդիպումից հետո էր, որ Պուտինը չընդունեց Մոսկվա այցելած Փաշինյանին, ինչը դեռ այն ժամանակ պարզ ցույց տվեց, որ ուլտրալիբերալ թեւի ուղղությամբ նման «գաղտնի սիրավեպերը» Մոսկվայի հետ խորը հակասությունների են տանելու: Եվ ահա Սորոսի հետ հանդիպումից հրաժարվելու մասին Փաշինյանի ակնարկը, այն էլ, երբ նրա համար եւս վերջնականապես պարզ դարձավ, որ ամերիկյան այցից ոչինչ չի ստանում, ստացավ նաեւ «Բոլթոնի պլանից» հրաժարվելու տեսք: Բայց եթե դա հենց ԱՄՆ-ում ի ցույց դրվեց, ապա ստացվում է, որ մինչ այդ այցը դեռ «Բոլթոնի պլանով» առաջնորդվելու նախադրյալներ կային, ինչը կարող էր Մոսկվայի համար ճնշումների անցնելու լուրջ առիթ լինել: Ընդ որում, խնդիրն այստեղ միայն արցախյան հարցը չէ, այլ, թե դրանով հանդերձ, Հայաստանը որ դաշտում է տեղավորվում: Ի՞նչ է «Բոլթոնի պլանը», եթե ոչ արցախյան կարգավորման արդյունքում այս հատվածում խաղաղարարների անվան տակ ՆԱՏՕ-ական ուժեր տեղակայելու փորձ՝ ռուս-իրանական ցամաքային կապի խզմամբ եւ Իրանի դեմ ռազմական պլացդարմ ստեղծելու հեռանկարով: Ու ի՞նչ է ՄԽ-ի ծրագիրը (այս անգամ արդեն ուլտրալիբերալիզմի փոխարեն պաշտոնական Վաշինգտոնի մասնակցությամբ). այս ուղղությամբ ռուսական խաղաղարարներ տեղակայելու հեռանկար...

Եվ ի՞նչ, Փաշինյանին թվում է, թե՝ «հրաժարվել եմ Սորոսի հետ հանդիպել» պարզունակ բացատրությամբ Մոսկվան կասկածի տակ կդնի այն ռազմավարական ծրագրերը, որոնցից բազում պետությունների եւ միլիոնավոր մարդկանց ճակատագրե՞ր են կախված: Ու արդյունքում, միացված է մնում այն «հուշատախտակը», որը պարզ ցույց է տալիս, թե ինչի պետք է սպասենք, եթե հայաստանյան կառավարման համակարգը լցված է տարաբնույթ սորոսականներով եւ լեւոնականներով: Ու, թերեւս, կախված այն ռեալ պատասխանից, որը Պուտինը կստանա Հայաստանում, կունենանք այս իրավիճակը` հանգուցալուծումը: Կարճ ասած, որ Պուտինի այս այցը Հայաստանի համար ճակատագրական է լինելու, դա կարծես հաստատ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА