o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հպարտ եմ, որ ունեմ Նարեկի պես եղբայր». Անահիտ Մութաֆյան

29.09.2019 02:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
«Հպարտ եմ, որ ունեմ Նարեկի պես եղբայր». Անահիտ Մութաֆյան

Նախորդ գիշեր բերման էր ենթարկվել «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող, ակտիվիստ ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, իսկ ավելու ուշ նրա եւ ակտիվիստ ՍԱՐԳԻՍ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ դեմ մեղադրանք է առաջադրվել: Գործողությունը ոստիկանությունն իրականացրել էր դիմակներով, ինչպես տանում են ամենավտանգավոր հանցագործներին կամ սերիական մարդասպաններին: Մինչդեռ Նարեկ Մութաֆյանի ողջ «մեղքը» եղել էր այն, որ երեկոյան զբոսնելիս հանդիպել էր դատավոր Աննա Դանիբեկյանին եւ հարց ուղղել, թե արդյոք Հայաստանի դատավորները համաձայն են վարչապետ Փաշինյանի ձեւակերպման հետ՝ առ այն, որ «դատավորները վնգստում են»: Պատասխան չստանալով՝ նա մի քանի անգամ կրկնել էր հարցը, ինչին ի պատասխան դատավորը հարվածել ու գցել էր գետնին Նարեկի հեռախոսը: Այդ ամենը տեղի էր ունեցել ուղիղ եթերում: Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Նարեկ Մութաֆյանի քույրը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ մանրամասներ է պատմել ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա նախեւառաջ պարզաբանել է, թե ինչու մեկ օր լռություն պահպանեց. «Այսօր ամբողջ օրը ձայնս դուրս չի եկել, որովհետեւ հուզականությունս մեծ էր եւ դեռեւս մեծ է… Ավելի շատ հուզմունքը չէ, որքան վրդովմունքն է անօրինականությունների դեմ, բայց չեմ դժգոհում, սպասում էի սրան, մենք մեր ընտանիքով եւ մեր ամբողջ թիմով էինք սպասում սրան, որովհետեւ անօրինական երկրում ենք ապրում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այսօր ամբողջ օրն ինձ հետ հեռախոսային կապի մեջ են եղել, ովքեր ֆեյսբուքով գրել են, ինձ զանգել են: Շնորհակալ եմ ձեր անհանգստության համար, սիրելիներս: Բոլորիդ ուզում եմ մաղթել ուժ, կամք արիություն ու հաղթանակ: Մենք կոտրվող տեսակ չենք»:

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Անահիտ Մութաֆյանը նաեւ նշել է, որ Նարեկի ու Սարգիսի դեմ չկա ոչ մի ուղիղ հանցակազմ. «Ուղղակի սա Նիկոլի երկիրն է, որտեղ նա կարողանում է գործ սարքել մարդկանց վրա: Մենք դեռ սպասում ենք, որը վաղը մեր աջակիցներից շատերին կձերբակալեն, կկալանավորեն մի քանի օրով ու տարբեր գործերով, որովհետեւ Երեւան են գալիս ԵԱՏՄ երկրների ղեկավարները, եւ Նիկոլը եւս մեկ անգամ սթրես է ունեցել եւ վախից իր ճանապարհը մաքրում է Քոչարյանի աջակիցներից, որոնք 100 տոկոսով դուրս են գալու փողոց եւ այս անգամ էլ այդ ամենը տեսնելու են Ռուսաստանի եւ աշխարհի տարբեր երկրների ղեկավարները»:

Դերասանուհին խոսելով եղբոր եւ Ս. Օհանջանյանի մասին՝ շեշտեց, որ այս պահին Նարեկն ու Սարգիսը շատ ուժեղ են եւ ամուր. «Ժողովուրդ ջան, նրանք ընդամենն ունեն ձեր աջակցության կարիքը: Ես շատ հպարտ եմ, որ ունեմ Նարեկի պես եղբայր, որը հանուն իր երկրի պետականության, հանուն իր երկրի արդարության իր ամենասիրուն տարիքը նվիրել է այս պայքարին՝ հանուն օրինականության, հանուն օրենքի երկիր ունենալու: Ոչինչ, մի քանի օր է, կդիմանանք, Նարեկն ու Սարգիսը կլինեն մեզ հետ նորից եւ կշարունակեն պայքարել»:

Այնուհետեւ Անահիտ Մութաֆյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ընդգծել. «Նիկո՛լ, ինչքան մեզ նեղես, այնքան շատանալու ենք, ու դա քո օգտին չի լինելու: Այսօր ամբողջ աշխարհն է տեսնում, թե ինչ ապօրինություններ է կատարվում մեր երկրում: Ես ասել եմ, որ դառը կորիզ եմ, կոկորդիդ եմ կանգնելու, Նիկո՛լ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА