o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մշակույթի նախարարությունը շքեղություն չէ, այլ ազգային ինքնության երաշխիք». Ռուբեն Էլբակյան (Տեսանյութ)

27.09.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մշակույթի նախարարությունը շքեղություն չէ, այլ ազգային ինքնության  երաշխիք». Ռուբեն Էլբակյան (Տեսանյութ)

Տարին հոբելյանական է ոչ միայն Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, այլեւ հայ մեծանուն երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի համար: Սեպտեմբերի 26-ին Կոմիտասը կդառնար 150 տարեկան: Եվ մինչ հայաստանյան ողջ իրականությունը սեւեռված է ներքաղաքական գործընթացների վրա, իսկ մշակույթից խոսելու համար նույնիսկ Մշակույթի նախարարություն չունենք, պարզվում է` հենց այս հոբելյանի առթիվ ամռանը Հայաստան է այցելել  ֆրանսաբնակ աշխարհահռչակ տենոր, «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ` թեպետ մամուլից, քաղաքական այրերի աչքից աննկատ, բայց մեծ առաքելությամբ: «Իրավունքն» առիթ ունեցավ այս մասին բացառիկ հարցազրույց ունենալ հենց Ռ. Էլբակյանի հետ, որին հաճախ միջազգային մամուլում «Հայ Կարուզո» են անվանում:

«Մեր հանրությունը, ցավոք, կենդանի հերոսներ չի սիրում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

«ՍԱ ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԻՄ 3-ՐԴ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆ Է »

– Պարոն Էլբակյան,  որքանով տեղյակ ենք, Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով ամռանն ընտանիքով  եղաք հայրենիքում: Կբացե՞ք փակագծերը:

– Այս տարվա Հայաստան այցիս գերնպատակը Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ ազգային ոճի մեջ տեսահոլովակ կյանքի կոչելն էր, որի պրեմիերան կլինի այսօր: Սա Կոմիտասին նվիրված իմ 3-րդ տեսահոլովակն է: Առաջինը 2007 թվին էր` «Գարուն ա» երգը, որի տեսահոլովակը նկարահանվեց Ցեղասպանության թանգարանի կողմից հրապարակված իմ «Կոմիտաս» ալբոմի լույս տեսնելու կապակցությամբ: Երկրորդը` «Կռունկն» էր` Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Եվ հիմա Կոմիտասի 150-ամյակի մեծագույն առիթով ցանկացա ընտրել ոչ ողբերգական, այլ քնարական մի երգ, դրա համար էլ ընտրեցի «Չինար ես» նրբագեղ սիրո երգը:

– Տեսահոլովակում Ձեր որդին է կերտել գլխավոր հերոսի դերը: Սա Ձե՞ր որոշումն էր:

– Անկեղծորեն` ոչ: Ինձ հարկավոր էր պատանեկան առաջին սիրո զգացմունքն ապրող զույգ` 15-16 տարեկան: Բոլորը խորհուրդ տվեցին, թե որդիս իր արտաքինով շատ համապատասխանում է այդ դերը կատարելու համար : Իսկ աղջկան երկար փնտրելուց հետո` պատահական գտանք օծանելիքի խանութում եւ միանգամից հասկացանք, որ նա համապատասխանում է Կոմիտասի դարաշրջանի աղջկա կերպարին  եւ ներդաշնակ է Դավիթի` որդուս հետ:

– Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Դուք  Կոմիտասի  անզուգական կատարողներից մեկն եք: Իսկ տեսահոլովակում, կարծես թե,  Կոմիտասի կերպարն եք կերտել:  Ինչպիսի՞ն էին զգացողությունները: 

– Շատ կուզենայի Կոմիտասի կերպարը կերտել, բայց այն շատ պատասխանատու քայլ կլիներ, քանզի նման տիեզերական մեծություն կերտելու համար հարկավոր է առնվազն Վահրամ Փափազյան լինել: Այդ իսկ պատճառով  որոշեցի տեսահոլովակում մնալ չեզոք վկայի դերում, որն աշխատում է պատկերացնել երգի քնարական բովանդակությունը:

Նկարչի ժառանգը նախարարությունից պահանջում է վերադարձնել պարտքը, նախարարությունը` լռում է. (տեսանյութ)

«ԽՈՐԱՊԵՍ ՑՆՑՎԱԾ ԷԻ` ՏԵՍՆԵԼՈՎ  ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ  ԳՈՒԼՊԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ...»

– Վերջին առնվազն մեկուկես տարին բավական թեժ իրադարձություններով էր հագեցած Հայաստանը:  Հետեւո՞ւմ էիք այդ ամենին:

– Բնականաբար, հետեւում էի եւ հիմա էլ հետեւում եմ, բայց դեռ, ճիշտն ասած, ոչ մի կոնկրետ կարծիք չունեմ արտահայտելու: Միայն ինձ թույլ կտամ չթաքցնել եւ ասել, որ խորապես ցնցված էի` տեսնելով մեր եռագույնը գուլպայի կարգավիճակում: Դե, Մշակույթի նախարարության վերացման փաստի մասին էլ չխոսեմ, քանզի Մշակույթի նախարարությունը շքեղություն չէ, այլ ազգային ինքնության  երաշխիք:  Երբ Ուինսթոն Չերչիլին առաջարկեցին պատերազմի համար կրճատել արվեստի բյուջեն, նա պատասխանեց. «Ուրեմն` ինչո՞ւ ենք մենք պայքարում»: Բայց մնում եմ լավատես, քանզի ժողովրդի նոր հուսախաբությունը կարող է լուրջ հետեւանքներ թողնել:  Ուստի` վարչապետին պետք է աջակցել կառուցողական թե՛ խորհուրդներով, թե՛ քննադատությամբ:

– Մեր նախորդ զրույցում Դուք նշել էիք, որ հրատապ խնդիր է` մշակույթը ռաբիսից զտելը: Այսօր որեւէ քայլ արվա՞ծ է այդ ուղղությամբ:

– Հեռուստատեսություն շատ հազվադեպ եմ նայում, բայց իմ մեկ ամսվա Հայաստան այցի ժամանակ, երբ հեռուստացույցը միացրի, հիմնականում ռաբիս կամ օտարամոլ երաժշտություն լսեցի` պրիմիտիվ կատարողականությամբ: Ցավալի է, քանի որ վստահ եմ` մենք ունենք շատ որակյալ ձայներ եւ կատարողներ:

«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԻՄ ԱՐՎԵՍՏՈՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ»

– Ի դեպ, ֆեյսբուքյան  Ձեր «Ֆան կլուբի» էջում տեսանք Ձեր գալիք «Ավե Մարիա» մենահամերգի աֆիշը` հայտնի փարիզյան Մադելեինե եկեղեցում: Մենահամերգը բարեգործակա՞ն է:

«Հայֆեստի» հաջողված լինելու գնահատականը թողնում եմ հանդիսատեսին. Արթուր Ղուկասյան (տեսանյութ)

– Այո, չեք սխալվում: Հռոմում իմ «Ավե Մարիա» մենահամերգն արժանացավ մեծ ընդունելության, որը քաջալերեց իմ պրոդյուսերին եվրո-տուր կազմակերպելու որոշում ընդունել: Նոյեմբերի 29-ին հայտնի Մադելեինե եկեղեցում կկայանա մենահամերգը, որի հասույթը կտրամադրվի «Կաթոլիկ օգնության» ֆոնդին, որը սննդամթերքով է ապահովում կարիքավոր մարդկանց: Սա իմ 2-րդ «Ավե Մարիա» բարեգործական մենահամերգն է: Առաջինը` Ֆրանսիայի ամենահայտնի «Աբբե Պիեռե» ֆոնդի համար էր, որը տեղի ունեցավ 2014-ին Տրինիտե եկեղեցում`  «Ոսկյա ձայնն անձայների համար» խորագրով, քանզի այս ֆոնդը նեցուկ է կանգնում օթեւան չունեցող մարդկանց: Ուրախ եմ, որ իմ արվեստով կարողանում եմ բարեգործություն անել, քանզի բացի ոսկե ձայնից, առայժմ ուրիշ ոչինչ չեմ կարող տալ:

«ՀՈՒՍՈՎ ԵՄ`  ԿԳՏՆԵՄ ԱԶՆՎԱԿԱՆ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐ` ԱՅՍ ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

– Դուք արդեն ունեք երեք ձայնասկավառակ. նեոպոլիտական երգերը, Rռcital-ը, որն ընգրկում է ամենահայտնի տենորի արիաները եւ «Կոմիտաս ալբոմը», որը երեք մրցանակ է ստացել Փարիզում: 4-րդ ձայնասկավառակի պլաններ ունե՞ք:

– Կարծես թե, գուշակեցիք: Այո, այժմ համագործակցում եմ մի քանի ժամանակակից ֆրանսա-իտալացի երգահանների հետ` փոփ-քնարերգական ոճի ձայնասկավառակ թողարկելու համար: Շուտով տեղի կունենա հատուկ իմ համար գրված իտալական երգի տեսահոլովակի ցուցադրությունը: Օգտվեմ առիթից եւ ասեմ, որ եթե այս ոճի երաժշտություն գրող հայ երգահան կա, սիրով պատրաստ եմ համագործակցել: Բայց, իհարկե, իմ երազած ալբոմն այն է, որ մի օր թողարկեմ հայ երաժշտության անթոլոգիա` առնվազն եռալբոմ` սկսած Նարեկացուց մինչեւ Առնո Բաբաջանյան: Ի դեպ, Հռոմի իմ «Ավե Մարիա» մենահամերգի վերջում որոշեցի 4-րդ բիսը երգել հայկական երգ եւ ընտրել էի Նարեկացու «Հավուն, հավուն»-ը, որն արժանացավ հոտնկայս ծափահարությունների: Հուսով եմ, որ կգտնեմ ազնվական հայ բարերար` այս երազանքս իրականացնելու համար:

– Իսկ կա՞ հայկական ժամանակակից մի երգ, որ կուզենայիք կատարել:

– Օ՜հ, շատ երգեր կան, բայց իմ երկրպագուներն ինձ շատ են դիմում` խնդրելով մի օր կատարել «Առաջին սիրո» երգը:

«ԲՈԼՈՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ` Ե՞ՐԲ ԵՔ ԳԱԼՈՒ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԷՐ` ԵՍ  ՀՐԱՎԵՐ ՉԵՄ ՄԵՐԺԵԼ»

– Ե՞րբ հայաստանյան ունկնդիրը հնարավորություն կունենա Ձեր կատարումները վայելելու երեւանյան բեմերից մեկում: Չէ՞ որ, արդեն 10 տարուց ավել է, ինչ հայրենիքում չեք երգել: Վերջին մենահամերգը Օպերայում 2007 թվին էր:

– Իսկապես... Տարիները շատ արագ են թռչում, կարծես թե, երեկ լիներ այդ անմոռանալի պահը, երբ տեսա Օպերայի դահլիճը լեփ-լեցուն մինչեւ վերջին աթոռը: Չկարողացա հուզմունքս թաքցնել, երբ բեմ դուրս եկա: Պարզվեց, որ նման «անշլագ» Օպերայի դահլիճում եղել էր վերջին անգամ Էլենա Օբրասցովայի համար: Սա անչափ ուրախալի փաստ էր, հատկապես, որ մենահամերգի հասույթը փոխանցվելու էր Վլադիմիր Սպիվակովի ֆոնդին, որը համեստ ընտանիքների շնորհալի երեխաներին ապահովում էր երաժշտական գործիքներով: Հայրենիքում երգելը բացառիկ եւ պատասխանատու քայլ է` ցանկացած դրսում ապրող երգչի համար: Իմ պրոդյուսերը առաջարկել է բարեգործական համերգ, բայց դեռ դրական պատասխան չի ստացել: Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել: Իմ այս ամառային այցի ժամանակ բոլորը հարցնում էին` ե՞րբ եք գալու մենահամերգով, իմ պատասխանն էր` ես հրավեր չեմ մերժել եւ միշտ պատրաստ եմ բարեգործական մենահամերգ տալ Հայրենիքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА