o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նա պետք է չարժանանար այս վախճանին». Ալիկ Սարգսյանը՝ Հայկ Հարությունյանի մասին

25.09.2019 18:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նա պետք է չարժանանար այս վախճանին». Ալիկ Սարգսյանը՝ Հայկ Հարությունյանի մասին

«Նախ շատ ցավում եմ, ցավակցում եմ բոլոր հարազատներին, ընդհանրապես՝ մեր ժողովրդին ու մասնավորապես ՝ ոստիկանության ողջ համակարգին, որոնք երկար տարիներ Հայկ Արտյոմիչի հետ աշխատել են՝ նրա ղեկավարության ներքո եւ միասին: Նա շատ սկզբունքային, կամայական, լուրջ, տղամարդուն հատուկ հատկանիշներով, ամուր կեցվածքով մարդ էր եւ պրոֆեսիոնալն ու նվիրյալն էր իր գործի: Ինչու ոչ, ոստիկանության երախտավորներից մեկն էր: Շատ ցավալի բան կատարվեց, որի համար ուղղակի գնահատականներ չունեմ: Նա պետք է չարժանանար այս վախճանին, այս ճակատագրին, նա պետք է ապրեր երկար», - անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանը՝ հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

«Իմ քայլում» կրկին լարվել են հարաբերությունները

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հ. Հարությունյանն առողջական խնդիրներ է ունեցել՝ Ա. Սարգսյանն ասաց. «Ես երբեք չեմ նկատել, որ նա առողջական խնդիրներ կարող էր ունենալ: Նա շատ առողջ էր, ձիգ, նախկին մարզիկ էր, բռնցքամարտիկ: Իսկ մնացածն, ինչ քննարկվում է մամուլում, ժողովրդի մեջ, ինձ համար շատ խորթ են եւ անհասկանալի»:

Բացառո՞ւմ է, որ տեղի ունեցածն ինքնասպանություն էր, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Չասացի բացառում եմ, ուղղակի, չեմ հասկանում, թե ինչպես կարող էր, ինչից դրդված Հայկ Հարությունյանը դիմել այդ էքստրեմալ քայլին, ոչ ոք այս պահին որեւէ բացատրություն չունի՝ ճանաչելով նրան, թե ով է իրականում: Թող ինձ ների, բայց իմ կարծիքով ՝վերջին պահին միշտ որոշում չունեցող մարդիկ են դիմում այդ քայլին՝ արդեն էլ ելքը չտեսնելով ապրելու: Բայց ինքն ուժեղ մարդ էր եւ կարող էր ամեն ինչի դիմակայել: Իսկ ինչո՞ւ գնաց ինքնասպանության, ինձ արդեն անհասկանալի է միայն նրան ճանաչելով, որովհետեւ նրա խառնվածքին, նրա տեսակին հարիր չէր: Թող քննությունը պարզի: Գրում են, որ մարդ է ներկա եղել, տեսել է, ինչ-որ հիմքեր կա, որ այս ամեն ինչը վկաներ ունի: Կարծում եմ՝ ամեն դեպքում, քննությունը լուրջ անելիքներ ունի նրա մահվան, ինչու ոչ, եթե  ինքնասպանություն է տեղի ունեցել, ապա հանգամանքներն  ամբողջությամբ պարզելու համար, որպեսզի ե՛ւ մեզ հասկանալի լինի, ե՛ւ հանրությանը, ե՛ւ նրա հարազատներին»:

Ինչ վերաբերում է նրան, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Հ. Հարությունյանը վերջին շրջանում ալկոհոլ է օգտագործել, նախկին ոստիկանապետն ասաց. «Ցավոք սրտի, վերջերս չէինք շփվում, վերջին անգամ երեք ամիս առաջ եմ տեսել: Բայց այս ամբողջ տարիների աշխատանքային գործունեութան ընթացքում, ներողություն եմ խնդրում՝ ես նրան երբեւիցե  հարբած չեմ տեսել: Կարող է մի երկու բաժակ խմեր, տրամադրությունը լավանար: Այդ ժամանակ էլ իրեն հատուկ նախասիրություններն ուներ՝ որս, կենդանական աշխարհ, բնություն, հիմնականում այդ մասին էր խոսում, նույնիսկ խուսափում էր մասնագիտականից խոսել: Կարող էր խոսել շրջապատից, ԱՊՀ երկրների ղեկավարների հետ ունեցած հանդիպումներից: Իսկ եթե վերջին երեք ամիսների ընթացքում ավելի ագրեսիվ է դարձել եւ սկսել է ալկոհոլ օգտագործել ես այդ մասին տեղեկություն չունեմ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ Բջնի գյուղի իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА