o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՒԼԻՍԻ 17-Ի «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱՐԴԵՆ ԶԳԱՑՆԵԼ ԵՆ ՏԱԼԻՍ

26.08.2016 20:33 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐՄԱՆՔ
ՀՈՒԼԻՍԻ 17-Ի «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱՐԴԵՆ ԶԳԱՑՆԵԼ ԵՆ ՏԱԼԻՍ

Թե ի՞նչ փոփոխությունների մասին էին խոսում ոստիկանության գունդը գրավելու, երեք հայրենակիցներին սպանելու, պատանդներ վերցնելու, մեքենաներ հրդեհելու միջոցով հուլիսի 17-ին զինված խմբի անդամները կամ սեփական պետության դեմ ուղղված այդ գործողությունների հավանություն տվողները, այնքան էլ պարզ չէր:Սակայն, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանն ուղեկցող այդ երկու շաբաթվա իրադարձությունների հետեւանքները անպայման իրենց ազդեցությունն են ունենալու մեր երկրի տնտեսության վրա, պարզ էր դեռ այդ օրերին:

Մեզ միացել են արդեն 58 դասախոս եւ գործադուլ են անում. ԵՊՀ ուսանողներ. տեսանյութ

Դրա վկայությունը եղավ հունվար-հուլիս ամիսների եւ, մասնավորապես, հուլիս ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնք հրապարակվել են ազգային վիճակագրական ծառայության կողմից: Թեեւ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արձանագրվել է 3 տոկոս տնտեսական ակտիվության աճ, բայց նախորդ ցուցանիշների համեմատ աճի տեմպը կտրուկ նվազել է:

Տարեսկզբից ի վեր, տնտեսական ակտիվության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը եղել է 4,7 տոկոսը, ամենաբարձրը` 6 տոկոսը: Ներկայացնենք ըստ ամիսների` 2016-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5 տոկոս, հունվար-փետրվարին 2015-ի հունվար-փետրվարի համեմատ` 4,7 տոկոս, հունվար-մարտին 2015-ի հունվար-մարտի համեմատ` 5,5 տոկոս, հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ` 6 տոկոս, հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ` 5,5 տոկոս, հունվար-հունիսին նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ` 4,8 տոկոս:

Ավելի հստակ պատկերացում տալիս են հուլիս ամսվա ցուցանիշները: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նման ցնցումների ժամանակ առաջինը տուժում են շինարարությունը եւ ծառայությունների ոլորտը, ներկայացնենք հուլիսին այստեղ արձանագրված ցուցանիշները: Հուլիսին հունիսի համեմատ ծառայությունների ոլորտում 4 տոկոս անկում է արձանագրվել: Համեմատության համար նշենք, որ հունիսին մայիսի համեմատ այս ոլորտում 9 տոկոս աճ էր արձանագրվել:

Ընդհանրապես, տարեսկզբից սկսած ծառայությունների ոլորտը արդյունաբերությունից հետո ամենաբարձր աճն էր արձանագրում` 9-10 տոկոսի միջակայքում: Հուլիսի դեպքերից եւ դրան համարժեք ցուցանիշների հետեւանքով հունվար-հուլիս ամիսներին ծառայությունների ոլորտում աճի տեմպը նվազել է մինչեւ 7,6 տոկոսի: Հիշեցնենք, որ այս ոլորտում ներգրավված են հյուրանոցներից, հանգստյան տներից, տուրգործակալություններից սկսած մինչեւ տաքսի ծառայություններ, վարսավիրանոցներ, հուշանվերների վաճառք եւ մի շարք այլ ծառայություններ: Դրանք բոլորը Հայաստանի համար նպաստավոր զբոսաշրջության սեզոնին փաստորեն ծավալների անկում են ունեցել:

Հուլիսի 17-ի դեպքերի պատճառով արտերկրում ապրող բազմաթիվ հայեր ցանկություն չունեցան այս տարի այցելել Հայաստան` չխոսելով արդեն օտարազգի զբոսաշրջիկների դիրքորոշման մասին: Շինարարության ծավալները Հայաստանում պահպանվում են մեծագույն ջանքերի գնով: Թեեւ նախորդ տարվա համեմատ շինարարության ծավալները ավելի փոքր են, բայց փետրվար-մարտ ամիսներից սկսած, յուրաքանչյուր նախորդ ամսվա նկատմամբ այստեղ լուրջ` երկնիշ աճ էր արձանագրվում:

Եվ շինարարության ամենաեռուն սեզոնին, հուլիս ամսին հունիսի նկատմամբ արձանագրվեց 3,5 տոկոսի անկում: Բացի հուլիսի 17-ից սկսած երկշաբաթյա ցնցումներից, ուրիշ ոչ մի պատճառ չկար նման անկման համար: Առանց այն էլ ոչ մեծաթիվ կառուցապատողների մի մասը բռնեց սպասողական մոտեցում, ուրիշներն էլ մտածում են կատարեն նախապես ծրագրած ներդրումները, թե` ոչ:

Վերոնշյալին հարկ է ավելացնել նաեւ հուլիս ամսին հունիսի նկատմամբ արդյունաբերության մեջ արձանագրված մոտ 6 տոկոս անկումը, որը չէր կարող անմիջականորեն պայմանավորված լինել ՊՊԾ գնդի գրավման հետեւանքներով: Այստեղ արձանագրված անկման պատճառները հասկանալի կլինեն, երբ հրապարակվեն ցուցանիշներն ըստ արդյունաբերության ենթաճյուղերի: Ամեն դեպքում, հուլիսյան իրադարձությունները եւս մեկ անգամ փաստեցին անհերքելին` ցանկացած ցնցում, առավել եւս զինված բախում եւ զանգվածային անկարգություններ, անմիջականորեն ազդում են մեր տնտեսության, քիչ ավելի ուշ` մեր կենսամակարդակի վրա:

Այնպես որ «փոփոխությունները», բայց ոչ թե աներեւույթ դրական, այլ ակնհայտ բացասական, արդեն կան եւ դեռ իրենց ազդեցությունը կունենան մեր կյանքի վրա: Հարկ է այս մասին մտածել հաջորդ անգամ, հերթական «փրկիչների» օգտին փողոցներում բղավելուց առաջ:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА