o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թավշյա, ժողովրդական, բայց բռնի իշխանափոխություն էր». Ռոբերտ Մարգարյան (Տեսանյութ)

25.08.2019 15:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Թավշյա, ժողովրդական, բայց բռնի իշխանափոխություն էր». Ռոբերտ Մարգարյան (Տեսանյութ)

Այս օրերին Երեւանում էր ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Նրա հետ առիթ ունեցանք զրուցելու՝ հյուրընկալելով «Իրավունք TV»-ի տաղավարում:

​​​​​​​Վլադիմիր Կարապետյանի արձագանքը վառ ապացույցն էր՝ կառավարությունում «առաջնայինը երկրորդականից չտարբերելու»

- Պարոն Մարգարյան, վերջին 1.5 տարվա ընթացքում բավական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է այդ ամենի վերաբերյալ դրսից տպավորությունները:

- Վերջին անգամ երկու տարի առաջ էի եղել Հայաստանում՝ 2017 թվականի գրեթե այս ամիսներին: Այս մի քանի օրն առիթ եմ ունեցել փողոցում շփվելու ժողովրդի հետ, խոսելու տաքսու վարորդների հետ: Բնականաբար, ուրախություն, ոգեւորություն կա, շատերն են ասում, որ, այսպես ասած, ժողովրդի դեմքին ժպիտ է եկել: Բայց իրականությունն այն է, որ երբ 2017-ին կրկին այստեղ էի, ես Երեւանում տխուր դեմքեր չեմ տեսել: Այսինքն՝ չի կարելի ասել, թե մինչեւ հեղափոխությունը ժողովուրդը նստած լացուկոծ էին անում, իսկ հեղափոխությունից հետո՝ 2019 թվականից բոլորն ուրախ են: Չի կարելի ամեն ինչ վերագրել հեղափոխությանը: Համենայնդեպս, նախկինում լավն էլ է եղել, իհարկե, վատն էլ է գոյություն ունեցել: Այսօր փոփոխություն, այնուամենայնիվ, կա: Օրինակ, մի քանի օր առաջ գործով դիմեցի պետական կառույցներից մեկին եւ հետաքրքիր, սիրալիր վերաբերմունք ցուցաբերեցին, գործը շատ կարճ ժամանակում, առանց ակնկալիքների, կատարվեց: Եթե որեւէ մեկին հարցնեի, կասեին, որ սա հեղափոխության արդյունք է, բայց 2017-ին նույն կառույցում նույն վերաբերմունքին էի արժանացել: Գոնե այդտեղ փոփոխություն չեմ տեսել, որովհետեւ նույն բարիդրացիական վերաբերմունքը կար նաեւ նախկինում: Արդեն սկսվել էր փոփոխությունների գործընթացը եւ պետք է լիներ շարունակություն: Հեղափոխությունը մի քիչ օգնեց, որ այդ գործընթացներն արագանան, բայց այն, որ ամեն ինչ սկսվեց հեղափոխությունից եւ հիմա ամեն ինչ լավ կլինի, իսկ մինչեւ այդ զրո էր, այդպես չեմ կարծում: Հեղափոխությունների բնույթն է այդպիսին, որ երբ այն տեղի է ունենում, ժողովուրդը մի որոշակի ժամանակ սկսում է մոռանալ, թե անցյալում ինչպես է եղել, սկսում է ապրել այդ հեղափոխության շրջանով: Բայց մի քիչ անց սկսում է վերականգնվել հիշողությունը, որ նախկինում էլ, վերջին հաշվով, եղել է դրականը, ամեն ինչ նոր չի սկսվել:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ չարդարացվեցին ակնկալիքները  տեղի ունեցած իշխանափոխությունից:

- Այն, ինչ պետք է լիներ հեղափոխության արդյունքում, եղավ: Հեղափոխությունը, ինչպես հիշում եք, սկսվեց Սերժ Սարգսյանին մերժելու նշանաբանով, մինչեւ ապրիլի 23-ը դա էր: Իսկ հետո արդեն գործընթացը սկսվեց փոխվել, ուրիշ տեսք ստացավ, դարձավ այն իշխանափոխությունը, որը նաեւ դուք ընդգծեցիք, եւ ես էլ հավատացած եմ, որ այն դարձավ իշխանափոխություն: Այնպես որ, մինչեւ ապրիլի 23-ն էր ակնկալվում հեղափոխություն, ինչը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի, նախկին իշխանությունների մերժումով: Արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նախկին իշխանությունները գնացին: Իսկ ապրիլի 25-ից հետո սկսվեց մեկ այլ գործընթաց՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը: Հետեւաբար, երբ խոսում ենք ակնկալիքների մասին, այն պետք է բաժանենք երկու մասի՝ մինչեւ ապրիլի 23-ը եւ ապրիլի 25-ից հետո ընկած ժամանակահատվածը: Օրինակ, խոստումները, որ տրվեց, որքանո՞վ են իրականացել, թռիչքային տնտեսական վերելք տեղի ունեցա՞վ: Շատերն ասում են, որ սոցիալական փոփոխություն իրենց կյանքում չկա, դեռ մի քիչ էլ վիճակը վատացել է, քանի որ թանկացումներ կան: Բայց մարդիկ դեռ հույսով են ապրում, որ կփոխվի, խոստումները կկատարվեն: Ե՞րբ, չգիտեմ:

- Նկատի ունեք, որ մինչեւ ապրիլի 23-ը եղած սպասումներն իրականացան՝ մերժելով նախկններին, սակայն նույնը չի կարելի ասել Ն. Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ընկած շրջանի՞ մասին:

- Մինչեւ ապրիլի 23-ը, եթե հիշում եք, բացարձակապես որեւիցե խոսք չկար Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու մասին: Մի քանի անգամ հարցազրույցների ժամանակ Ն. Փաշինյանից հետաքրքրվում էին, թե ով է լինելու վարչապետը, նա խուսափում էր հստակ պատասխան տալուց եւ միայն ասում էր, որ իրենց նպատակը «Սերժին մերժելն է»: Հավատացած եմ, որ եթե մարտի վերջերին, երբ սկսվեց այս շարժումը, նշանաբանը լիներ «Մերժենք Սերժին, վարչապետ դարձնենք Նիկոլին», գործընթացները մի քիչ այլ կլիներ: Այն պատկերացումը, որ հեղափոխության սկզբում ժողովուրդն ուներ Ն. Փաշինյանից, բնականաբար, ապրիլի 25-ից հետո գոյություն ունեցող պատկերացումից 100 տոկոսով տարբերվում է: Այսինքն՝ ապրիլի 25-ից հետո՝ նա արդեն զգաց, որ ժողովուրդը նրան տեսավ առաջնորդի դերում եւ վարպետորեն կարողացավ օգտվել ստեղծված էյֆորիայից: Եվ ապրիլի 25-ից հետո արդեն նշանաբանը դարձավ՝ «կա՛մ ես եմ լինելու վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ ընդհանրապես չի ունենալու», ինչն էլ հանգեցրեց իշխանափոխության: Նաեւ մի հետաքրքիր բան կա. հաճախ է Նիկոլ Փաշինյանն անդրադառնում «թավյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը», բայց այս կարգախոսի մեջ ապակողմնորոշող, ժողովրդին մոլորեցնող միտում եմ նկատում:

Նիկոլը խիստ ծանր է տարել Վանեցյանի հրաժարականի տեքստը

- Ինչո՞ւ:

- Տեսեք՝ ժողովրդական լինելու մասին հարց չկա, որովհետեւ ով նայում է այդ օրերի եթերները, համենայնդեպս, կփաստի, որ հարյուր հազարավոր մարդիկ էին հրապարակում, թեպետ Հայաստանի ամբողջ ժողովուրդը չէր: Չի կարելի ասել, որ ամբողջ ժողովուրդն էր դուրս եկել փողոց, բայց, այնուամենայնիվ, այսպես ասած, ժողովուրդ կար: Հետեւաբար ժողովրդական կարելի է համարել այդ շարժումը: Թավշյայի հետ կապված էլ հարց չունեմ, որովհետեւ պայմանական մեկն իր հեղափոխությունն անվանում է կակաչների, մյուսը՝ վարդերի, երրորդը՝ նարնջագույն, Նիկոլ Փաշինյանն էլ թող կոչի թավշյա հեղափոխություն, դրանից ոչինչ չի փոխվում: Բայց երբ խոսում ենք ոչ բռնի հեղափոխության մասին, ապա ասեմ, որ այն պետք է բխի հեղափոխության էությունից: Այսինքն՝ դու չես կարող բռնի կերպով քո հեղափոխությունը փոխանցել, երբ չի եղել այդպիսին: Հեղափոխությունը նաեւ բռնություն է իր մեջ պարունակում, չի կարող առանց բռնության հեղափոխությունը հաղթանակել: Այնպես որ, ոչ բռնի հեղափոխություն գոյություն չունի, դրանք անհամատեղելի հասկացություններ են:

- Իրականում նաեւ բռնություն կար, հիշենք, թե ինչպես էին շրջափակել Ազգային ժողովը եւ ստիպում պատգամավորներին իրենց ուզածով քվեարկել:

- Հեղափոխությունն այն ժամանակ է սկսվում, երբ իշխանությունները պատրաստված չեն լինում խաղաղ, ժողովրդավարական միջոցներով իշխանությունը հանձնել: Այսինքն՝ այսպես ասած, դժգոհություն է առաջանում, իշխանությունները սկսում են խոսքի, մամուլի ազատությունը ճնշել, ընդդիմությանը կալանքի տակ են դնում, ժողովուրդը ելք չի գտնում, հեղափոխություն է կատարում եւ բռնությամբ իշխանություններին պարտադրում է հեռանալ: Հետեւաբար, ոչ բռնի հեղափոխություն չի կարող լինել:  Խնդիրն այն է, որ մեր պատկերացումը բռնությունից մի քիչ ավանդական է, այսինքն՝ բռնություն ասելով՝ միանգամից պատկերացնում ենք ֆիզկական բռնությունը, ինչը դուք էլ եք ակնարկում: Անպայման պատկերացնում ենք, որ բռնություն նշանակում է մեքենան այրել, ապակի ջարդել, հանրային գույքը ոչնչացնել, ժողովուրդը քարեր նետի ոստիկանների վրա, ոստիկանները մահակներով ժողովրդին հարվածեն, կրակեն, մարդ վիրավորվի, Աստված մի արասցե, նաեւ զոհեր լինեն, եւ մենք հավատանք, որ այս հեղափոխությանը բռնություն է եղել: Բայց կա բռնության ոչ ֆիզիկական տեսակը, որն, ի դեպ, ավելի ծանր ու կոպիտ է լինում, քան ֆիզիկականը: Համենայնդեպս, երբ մեքենա ես այրում, այդ վնասը կարող են փոխհատուցել, ստացած վերքն ինչ-որ տեղ սպիանում է, բայց այն ցավը, վիշտը, որ պատճառում են մարդկանց հոգիներին, հետեւանքը շատ երկար է մնում: Միշտ պատկերացնում եմ այն երեխայի վիճակը, երբ առավոտյան արթնացել է, պատուհանից նայել է դուրս եւ տեսել, որ իր նախկին պաշտոնյա հոր կամ մոր սեւ դագաղն է դրած, նկարը վրան դրած եւ սեւ ժապավեններ կախած, կամ մտել է սոցիալական ցանցեր եւ տեսել է ամենաանվայել հայհոյանքները իր ծնողների հասցեին, որից նաեւ ինքն անմասն չի մնացել, չնայած նրան, որ ներգրավված չէ էլ եղել ծնողների աշխատանքի մեջ: Այդ ցավը, որը պատճառվել է այդ երեխային, հազար տեսակ, այսպես ասած, ֆիզիկական բռնությունից, ավելի ծանր է: Հետեւաբար, անընդհատ կոչել սա ոչ բռնի հեղափոխություն, սխալ է: Այն ոչ բռնի չի եղել, բացի այդ, ժողովրդին տանել խորհրդարանի առջեւ համախմբելը եւս հոգեբանական ճնշում գործադրել էր: Ուստի՝ այս ամենը թավշյա, ժողովրդական, բայց բռնի իշխանափոխություն էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА