o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ անակնկալներ է պատրաստել մնջախաղի փառատոնը (+Տեսանյութ)

10.08.2019 21:35 ՄՇԱԿՈՒՅԹ
 Ինչ անակնկալներ է պատրաստել մնջախաղի փառատոնը (+Տեսանյութ)

Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում և Դիլիջանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Թվով այն 7-րդն է։ Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փառատոնի գլխավոր պրոդյուսեր ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ։

Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 14-րդ փառատոնը

Ըստ նրա՝ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին` ժամը 20:30-ին, Ծաղկաձորի «Ծաղկունյաց» հրապարակում: Մանրապատումներով կներկայանան մասնակից թատերախմբերը: Արարողությունը կեզրափակվի հրավառությամբ:

Ժ․ Դադասյանի խոսքով ՝ այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից: Հայաստանյան մասնակիցների թվում են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումը և դերասանուհի Աննա Վարդանյանը:

Փառատոնը կանցկացվի ցերեկային և երեկոյան ծրագրով ՝ Ծաղկաձորի «Ծաղկունյաց» և «Օրբելիների» հրապարակներում:

Ժ․ Դադասյանն ընդգծել է, որ մասնակիցները կներկայացնեն մնջախաղի արվեստի տարբեր ուղղությունները՝ էստրադային, դասական, պարային, դրամատիկ, ծաղրածուական և այլն: Կանցկացվեն վարպետության դասեր։ Կան նաև անակնկալներ երեխաների համար:

Փառատոնի մեխը Լեհաստանի Վրոցլավի Հենրիխ Տոմաշևսկու անվան մնջախաղի թատրոնի «Թուղթ որսացողները» ներկայացումն է։ Այն ոգեշնչված է Ֆրանց Կաֆկայի «Դղյակը» վեպից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ, շնորհավորելով փառատոնի կազմակերպիչներին և թատերասեր հասարակությանը, հորդորել է, որ էլ ավելի ակտիվ մասնակցեն փառատոնին:

Ըստ նրա` փառատոնն ունի շատ լուրջ մասնակցային աջակցության խնդիր: «Մասնագիտական առումով չափազանց կարևորում ենք մնջախաղի արվեստի կայուն ընթացքը մեր իրականության մեջ: Նաև դրա զարգացումը, նոր ձևերի բացահայտումը: Կարծում եմ, որ և՛ կրթական համակարգում, և՛ թատերական համակարգում մասնագիտական մնջախաղի արվեստը պետք է լինի առաջին դիրքերում, քանի որ միջազգային թատերական միտումները մեզ ցույց են տալիս, որ գնալով ավելի ու ավելի է կարևորվում թատրոնում վիզուալ բաղադրիչը»,- ասել է Ա․ Խզմալյանը։

Արգենտինացի դերասան ՊԵԴՐՈ ԼԵՍԵՐԸ նշել է, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում։

«Ես երջանիկ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց մասնակցել փառատոնին և կիսել իմ փորձը մնջախաղաց գործընկերներիս հետ»։

Պ․Լեսերը կցուցադրի «Երազներ» ինտերակտիվ ներկայացումը, որտեղ կան զարմանալի հնարքներ, աճպարարություն։

Ավանդույթի համաձայն փառատոնի ընթացքում կգործի անվճար երթուղի՝ Մաշտոց 58, Մատենադարանի հարակից տարածքից, Երևան-Ծաղկաձոր-Երևան ուղղություններով:

Փառատոնի փակումը կկայանա օգոստոսի 14-ին, որի ընթացքում կտրվեն մասնակցության վկայականներ և հանդիսավորությամբ կհանձնվեն պատվո մեդալներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ։

Վ․ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հ․Գ․ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի մամուլի ասուլիսից հետո փոքրիկ համարով հանդես եկավ դերասան Հայկ Փայտյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА