o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «Իշխանությունը ցույց Է տվել, որ ցանկացած էքսցենտրիկ քայլի պատրաստ Է» (ՄԱՍ 3-րդ, Քոչարյանի գործը)

09.08.2019 14:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «Իշխանությունը ցույց Է տվել, որ ցանկացած էքսցենտրիկ քայլի պատրաստ Է» (ՄԱՍ 3-րդ, Քոչարյանի գործը)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ հարցազրույցի վերջին հատվածը:

– Գանք Քոչարյանի գործին: Երկրորդ նախագահին երկրորդ անգամ բանտից ազատող դատավորը հայտնվեց աննախադեպ պատմության կիզակետում: Նա դարձավ քրգործով անցնող, նրա աշխատասենյանը առաջին ատյանի դատարանի թույլտվությամբ խուզարկեցին, առգրավեցին, սակայն բոլորովին այլ՝ Քոչարյանի գործի հետ առնչվող նյութերը: Եվ ահա երկրորդ ատյանի դատարանը այդ խուզարկությունն ապօրինի հռչակեց: Այս ի՞նչ է կատարվում:
– Քոչարյանի գործի հետ կապված մեկ տարվա արդյունքներն ամփոփելիս` ասելու առիթ ունեցել եմ՝ հիմա դժվար է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ Քոչարյանը մարտի 1-ին ինչ-որ հանցանք է կատարել: Ու ոչ միայն ողջ գործն է քանդվել, այլեւ չկա որեւէ օրինական հիմք՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Եվ բոլորն են արդեն պարզ տեսնում, թե ինչ կարգի են բռնաբարում դատական համակարգը՝ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար: Մինչդեռ եթե Քոչարյանին կալանքի տակ պահելու եւ քրեական հետապնդումը շարունակելու հիմքերը բավարար լինեին, ինչների՞ն էր պետք, ասենք, հետապնդել դատավորներին, մյուսին զանգել, ստիպել, թե ուզես-չուզես պետք է կալանքի տակ առնես: Ու Դավիթ Գրիգորյանի հետ կատարվածն էլ նույն սերիայից է: Նաեւ հիշեցնեմ, որ մենք վերջերս հրապարակեցինք 29 կետանոց խախտումների ցանկը, որոնք թույլ են տրվել նախագահ Քոչարյանի իրավունքների նկատմամբ, եւ դրանց անգամ տաս տոկոսն է բավական՝ ցանկացած դատարանում գործը հաղթելու համար: Այսինքն, մենք հիմա ապօրինության դաշտում ենք՝ փորձելով օրինական ճանապարհներով պայքարել դրա դեմ: Բայց նաեւ չենք էլ կասկածում, որ հաջողության հասնելու ենք:
– Կարծես թե այն ամենը, ինչի մասին խոսեցինք՝ Քոչարյանի գործից սկսած մինչեւ ներքին իրավիճակ եւ Արցախ, մի ընդհանուր կաթսայի մեջ է: Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում, ո՞ւր ենք հասնելու:
– Մենք պետք է առաջին հերթին, որպես միասնական հասարակություն, հայ ժողովուրդ, արձանագրենք մեկ բան: Հեղափոխությունը տեղի է ունեցել դժգոհության հողի վրա, բայց հեղափոխության հեղինակները պարզապես խաբել, մոլորեցրել են մարդկանց՝ իրենց իրական նպատակների վերաբերյալ: Ստեփանակերտում եւ դրանից առաջ, այսպես կոչված, գաղտնի թղթից խոսելով, Փաշինյանը պարզապես ապացուցեց պետական կառավարման հարցում իր ոչ ունակ, ներկայացրած գաղափարների սին լինելը: Ապացուցեց, որ պարզապես խաբել է մարդկանց՝ ասելով, թե ինքը կգա, ու ամեն ինչ լավ կլինի: Այսինքն, նախ պետք է այս վիճակը արձանագրենք, տանք ճիշտ ախտորոշումը: Հաջորդ քայլով պետք է, պատկերավոր ասած, ազգովի նստենք կլոր սեղանի շուրջ եւ հասկանանք, թե հետո ինչ ենք անելու: Պետք է մշակել պետական զարգացման նոր օրակարգ, եւ ցավոք, դա արվելու է իշխանության փոխարեն, քանի որ իշխանությունը նման օրակարգ պարզապես չունի: Եվ վերադառնալով նախագահ Քոչարյանի հիմնական գաղափարներից մեկին, նշեմ. այո, մենք պետք է գնանք «կոնցենսուս մինուս 1» ճանապարհով, որովհետեւ իշխանությունը պարզապես ինքն իրեն դուրս է դնում համազգային կոնցենսուսից, չկա մի որեւէ դրվագ, որտեղ կփորձի իրեն կոնստրուկտիվ դաշտում դրսեւորել, ոչ թե կենացային, այլ իրական գործընթաց սկսի՝ համազգային համերաշխության հասնելու համար: Ընդունի իր սխալները, որ մոլորվել է: Բայց ես չեմ տեսնում, որ իշխանությունն այս արդարության, ազնվության ճանապարհով շարժվում է:
– Դրանից ելնելո՞վ է, որ աշնանը Քոչարյանը կանխատեսեց սրացումներ:
– Բնականաբար: Աշնանը կարող է որեւէ գործընթաց չլինել երկու պարագայում: Եթե իշխանությունը հանկարծ արթնանա ու սկսի շարժվել արդարության ճանապարհով եւ փորձի ինքը կոնսոլիդացնի քաղաքական ուժերին՝ ազգային փրկության գաղափարի շուրջ: Սակայն դրա նախադրյալները չեմ տեսնում: Եվ երկրորդը, եթե ինչ-որ դժբախտ հրաշքով Հայաստանի քաղաքական ուժերը դադարեն մտահոգված լինել երկրի ապագայով եւ որոշեն, որ մեր պետությունը նվիրում են մեկ մարդու քմահաճույքներին: Մնացած բոլոր պարագաներում ես որեւէ կասկած չունեմ, որ քաղաքական ուժերի շարժի միտումները լինելու են դեպի միավորում, դեպի կառուցողական օրակարգերի ձեւակերպում:
– Կա նաեւ դա թույլ չտալու երրորդ ճանապարհը՝ պատերին ծեփելն ու ասֆալտին փռելը:
– Դիկտատուրայի ճանապարհը միշտ էլ կա, դրա հնարավորությունը ցանկացած իշխանություն էլ ունի: Պարզ է նաեւ, որ դա մի քանի օր է տեւելու կամ մի քանի շաբաթ: Պարզապես այդ ընթացքում շատ բան կկորցնենք, այդ թվում՝ միջազգային ժողովրդավարական վարկի մնացորդները, այն հսկայական առավելությունը, որն այդ առումով ունենք, օրինակ, Ադրբեջանի նկատմամբ եւ այլն: Դա ճանապարհ է, որը տանում է անդունդ ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ մեզ բոլորիս: Չնայած, իշխանությունը եւ նրա ղեկավարը ցույց Է տվել, որ ցանկացած էքսցենտրիկ քայլի պատրաստ Է: Դատարանների շրջապատումից հետո ցանկացած բանի պետք է պատրաստ լինել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА