o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԻՆ` ԴԱՍԱԽՈՍԱԿԵՆՏՐՈՆ ՄԵԹՈԴԸ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է»

23.08.2016 18:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԻՆ` ԴԱՍԱԽՈՍԱԿԵՆՏՐՈՆ ՄԵԹՈԴԸ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է»


Բուհական թեժ քննաշրջանում ընթացիկ եւ լուծարքային քննությունների ու ստուգարքների ժամանակ բավականին տարածված է կաշառք տալը: Ինչպես անմիջապես որոշ դասախոսների, այնպես էլ բուհի վարչակազմի «գործը սարքող» այս կամ այն աշխատակցի միջնորդությամբ: Նմանատիպ օրինակներից մեկն էլ` վերջերս ԱԱԾ-ի կողմից բացահայտված բուհական կոռուպցիայի օրինակն է, երբ բուհի ուսանողներից մեկը մոտ 10.000 դոլար գումար էր տվել նույն բուհում սովորող մեկ այլ ուսանողի, որն էլ, իր հերթին, ստացած գումարը փոխանցել էր ԵՊԲՀ անվտանգության պետ Վանիկ Գինոսյանին` կաշառք տված ուսանողի ընթացիկ եւ լուծարքային քննությունների դրական գնահատականներն ապահովելու համար:Նմանատիպ օրինակները շատ են, պարզապես լինում են դեպքեր, որ ե՛ւ կաշառք տվողին, ե՛ւ ստացողին ձեռնտու չէ այդ մասին բարձրաձայնելը: 
Իսկ թե բուհական կոռուպցիան վերացնելու համար ինչ մեխանիզմներ է մտածում գործարկել ¥եթե միայն մտածում է այդ մասին¤ Կրթության եւ գիտության նախարարությունը եւ որո՞նք են առհասարակ բուհերում կոռուպցիա ծնող երեւույթները, փորձեցինք պարզել՝ զրուցելով ՀՀ ԿԳ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման եւ համակարգման բաժնի պետ ՍԱՍՈՒՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ, ով նախ անդրադառնալով ոլորտում առկա բուն կոռուպցիայի խնդրին, մասնավորապես ասաց.
– Իրոք, կոռուպցիա երեւույթը, եւ հատկապես բուհական կոռուպցիան իսկապես արդիական խնդիր է: Եվ պատահական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարը եւ բարեվարքության հաստատումն այսօր մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Վերջին տարիների ընթացքում ե՛ւ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել այդ ուղղությամբ, ե՛ւ ռազմավարություն է մշակվել, այժմ գործողության մեջ է 2015-2018թթ.-ի ռազմավարությունը, որը հենց ուղղված է ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարին, ե՛ւ բարեվարքության ամրապնդմանը: Այս համատեքստում, ինչ խոսք, բուհական համակարգը ունի իր ուրույն տեղը, եւ հիմնական նպատակը մնում է կոռուպցիայի պատճառների վերացումը: Իսկ դրան հասնելու համար առաջին հերթին այս պահի դրությամբ մենք նախապատրաստում ենք «Բարձրագույն կրթության մասին օրենքի» նախագիծը. կոռուպցիայի պատճառների վերացումը մենք փորձում ենք կարգավորել օրենսդրական ճանապարհով` վերափոխելով այն կարգերը, որոնք գործում են այսօրվա բուհական համակարգում: Քանի որ, վերացնելով պատճառը, մենք կհասնենք նրան, որպեսզի այդ ցավագին կոռուպցիոն դրսեւորումները, ի վերջո, արմատախիլ արվեն: Որպես օրինակ` նշեմ ուսանողների գիտելիքների գնահատման համակարգը: Այսինքն` միգուցե արդեն նպատակահարմար չէ թողնել քննությունների այդ ձեւը: Պետք է մշակել գնահատման այնպիսի մեթոդներ, որոնք բացառեն դասախոսի սուբյեկտիվ վերաբերմունքը: Կամ պետք է կիրառել այնպիսի մեխանիզմներ, որ ուսանողը, օրինակ, չմտածի ինչպես ինտերնետից ներբեռնի դիպլոմային կամ կուրսային աշխատանք, այլ ինքնուրույն աշխատի: Սրանք մեթոդներ են, որոնք կարելի է կիրառել եւ հասնել որոշակի արդյունքների:

ՆՈԲԵԼՅԱՆ ԴԱՓՆԵԿԻՐԸ ԳՏԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԹՈԴԸ

«ՀԻՆ` ԴԱՍԱԽՈՍԱԿԵՆՏՐՈՆ 
ՄԵԹՈԴԸ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է»
–Որո՞նք կհամարեք բուհական համակարգում իշխող կոռուպցիայի երեք հիմնական պատճառները:
– Առաջին կարեւոր պայմանը, ըստ իս, իրավական նորմատիվ դաշտի կարգավորման մեջ եմ տեսնում: Երկրորդը. եթե ուսանողը վճարում է եւ եկել է բուհում սովորելու, նա պետք է հասկանա, որ պարտավոր է սովորել ու ոչ թե հեշտությամբ դիպլոմ ստանա: Այսինքն` պետք է ուսանողն էլ հասկանա, թե ինչու է եկել բուհ եւ ինչի է ձգտում: Այստեղ պետք է աշխատաշուկան եւս կարգավորվի, որ գործատուն ոչ միայն նայի ներկայացվող դիպլոմը, այլ շեշտը դնի առաջին հերթին գիտելիքների վրա. ի վերջո հենց գործատուն պետք է շահագրգռված լինի, որ իր մոտ աշխատի պրակտիկ գիտելիքներով օժտված աշխատակից: Հակառակ դեպքում, եթե ուսանողին եւ գործատուին անհրաժեշտ է զուտ ֆորմալ փաստաթուղթը, մենք որակ չենք ունենա:
Եվ երրորդը. պետք է բուհերում մեթոդները փոփոխել: Ուսանողակենտրոն համակարգ ենք ասում, որին արդեն անցում ենք կատարել, բայց այսօր ռեալ շատ քիչ բուհերում ենք մենք տեսնում այդ ինտերակտիվ դասերը, իրական ուսանողակենտրոն համակարգը, դասախոսների հետ երկխոսություն: Նոր մեթոդներ են անհրաժեշտ, հին` դասախոսակենտրոն մեթոդը իրեն վաղուց է սպառել:
– Ի՞նչ մակարդակի վրա է այսօր բուհական կոռուպցիան:
– Տեսանելի է արդեն, որ գնալով բուհական կոռուպցիան պակասում է. այն, որ դա այդպես է, կասեն նաեւ երիտասարդ սերունդները, թե համեմատած նախորդ տարիներին` ինչ առաջընթաց քայլեր են նկատվել: Այսօր գիտելիք ունեցող ուսանողը որեւէ խնդիր չի ունենում, խոսքը գնում է այն ուսանողների մասին, որոնք վատ են սովորում:
– Իսկ ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ կիրառել դասախոսների հետ կապված:
– Այստեղ հետազոտություններ են պետք առանձին կազմակերպությունների կողմից, դա ավելի անաչառ կլինի: Ես ինքս էլ բուհերում դասախոսում եմ, եւ դասախոսների մասով եւս լուրջ առաջընթաց ունենք: Բայց երեւույթներ, որպես այդպիսին, ինչ խոսք, դեռեւս կան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА