o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉԻՑ ԵՆ ԴԺԳՈՀԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ

17.07.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉԻՑ ԵՆ ԴԺԳՈՀԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ

Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն ԿԱՐՈ ՆԱՍԻԲՅԱՆՆ, ամփոփելով միասնական քննությունների արդյունքները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ միասնական քննությունների մեկնարկը հանրապետությունում տրվել էր հունիսի 4-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Համաշխարհային պատմություն» առարկաներով եւ ավարտվել հուլիսի 8-ին՝ «Հայոց պատմություն», «Քիմիա» առարկաներով:

Հայտնի են միասնական քննությունների արդյունքները

«Միասնական քննություններն ընթացան ընդունելության կարգի համաձայն, եւ որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, եթե չհաշվենք, իհարկե, դիմորդների կողմից հեռախոսների, ժամացույցների ու ծածկագրերի օգտագործումը: Դա ԳԹԿ-ի եւ քննություն անցկացնողների համար սովորական փորձ է»:

Պարոն Նասիբյանը նշեց, որ քննափուլն ավարտելու համար, ինչպես հայտնի է, մեկ -երկու տարի առաջ կրթական քաղաքականությունը որոշող լիազոր մարմինն որոշում կայացրեց լրացուցիչ փուլ անցկացնելու մասին. «Լրացուցիչ փուլին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք այս կամ այն առարկաներից հիմնական փուլում ունեցել են դրական միավոր կամ միավորներ: Լրացուցիչ փուլին մասնակցելու համար դիմորդները պետք է նոր դիմում-հայտեր լրացնեն՝ այս կամ այն մասնագիտություններով թափուր տեղերին մասնակցելու համար: Լրացուցիչ փուլի մեկնարկը հանրապետությունում տրվեց հուլիսի 16-ին եւ կավարտվի հուլիսի 21-ին: Մինչեւ հուլիսի 25-ը ԳԹԿ-ն կամփոփի լրացուցիչ քննությունների արդյունքներն եւ դարձյալ կհրապարակի»:

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրենը նաեւ ներկայացրեց, թե հիմնականում ինչից են դժգոհել դիմորդները. «Քննական փուլի ավարտից հետո մենք, ինչպես միշտ, ունեցանք նաեւ բողոքարկումներ: Դժգոհությունները հիմնականում առնչվել են թեստերի հետ: Բողոքարկումների, այսպես ասած, առյուծի բաժինը հասավ «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Քիմիա» առարկաների միասնական քննության թեստերին: Պետք է նշեմ, որ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի թեստի վերաբերյալ բողոքարկումները շատ չեն եղել. մոտավոր 6000 դիմորդներից 181 դիմորդ է բողոքարկել: Դիմում-բողոքների ճնշող մեծամասնությունը խնդրանքներ են եղել: Եղել են նաեւ բողոքներ թեստի վերաբերյալ՝ մինչեւ թեստի ամբողջ բովանդակությանը ծանոթանալը: Լուրեր տարածեցին, թե իբր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի թեստի առաջադրանքները կազմված են եղել շտեմարաններից դուրս առաջադրանքներով, սակայն ԳԹԿ մասնագետներն առաջադրանք առ առաջադրանք մատնանշեցին շտեմարանի այն հատվածները, որտեղից կազմված են եղել այդ առաջադրանքները: Պարզապես այս տարի փոխվեցին առաջադրանքների պատասխանների տեղերը. առաջադրանքը մնաց նույնը, նույն շտեմարանից, եւ անգիրները ինչ-որ տեղ չաշխատեցին: Դա էր պատճառը, որ այս տարի մենք «Հայոց եւ լեզու եւ գրականություն» առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ»:

ԴԻՄՈՐԴԸ ԶՐԿՎԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

ԳԹԿ մասնագետները պնդում են, որ բողոքարկման գործընթացում որեւէ արտառոց բան չեն տեսել նաեւ «Քիմիա» առարկայի թեստում: Ուստի որեւէ գնահատական չի բարձրացվել ո՛չ «Հայոց լեզու եւ գրականություն», ո՛չ էլ՝ «Քիմիա» առարկաներից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА