o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, տրամադրության անկում նկատեցի». քաղաքագետ

09.07.2019 11:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, տրամադրության անկում նկատեցի». քաղաքագետ

Մոսկվայում օրերս կայացավ «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցում էին 130 երկրներից ժամանած պատվիրակներ: Ներկա էին մի քանի տասնյակ ԱԺ նախագահներ, հարյուրավոր պատգամավորներ ու քաղաքական գործիչներ: ՀՀ Ազգային ժողովից համաժողովին մասնակցում էին բավական թվով պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Նարեկ Մկրտչյանը եւ Անուշ Բեղլոյանը, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ այլք: Համաժողովի ուշագրավ մանրամասների եւ հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ, որը եւս եղել է «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներից:

«Հերոսություն է բարձրաձայնել ճշմարտությունը». կայացավ Կ. Հարությունյանի նոր գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՀԱՅ-ՄՈԶԱՄԲԻԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

- Մարիամ, նախ անդրադառնանք «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին. ի՞նչ տպավորություններ ունեք թե՛ համաժողովից, թե՛ հայաստանյան պատվիրակության մասնակցությունից:

- Այս համաժողովի անցկացման գաղափարը դեռ անցած տարվա հոկտեմբեր ամսին է եղել եւ, որպես առաջին, փորձնական տարբերակ այն ժամանակ անցկացվեց երիտասարդ խորհրդարանականների համաշխարհային կոնգրեսը, որտեղ հրավիրել էին երիտասարդական խորհրդարանների պատգամավորների, ինչպես նաեւ մինչեւ 35 տարեկան ԱԺ պատգամավորների: Այդ փորձը հաջողությամբ ավարտելուց հետո՝ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային անդրանիկ համաժողովը: Ինչպես գիտեք, այդ ժամանակ Հայաստանում ընտրություները դեռ նոր էին ավարտվել, եւ պատգամավորներից ոչ մեկ ներկա չէր գտնվել: Կարողացել էինք, այսպես ասած, գտնել եւ բերել միայն նախորդ երիտասարդական խորհրդարանից մեկ անդամի, որովհետեւ երիտասարդական խորհրդարանը Հայաստանում արդեն չի գործում 2017 թվականից: Այնպես որ, ունենալով լայն փորձ՝  այս տարի կայացած թվով երկրորդ համաժողովը շատ ավելի լուրջ մակարդակի վրա էր: Եկել էին բազմաթիվ պետությունների ԱԺ նախագահներ,  մասնավորապես՝ նկատելի էր Աֆրիկայի առանձնացումը, ավելին՝ հատուկ օր կար նվիրված Աֆրիկային, ռուս-աֆրիկյան հարաբերություններին: Մեծ հաշվով Հայաստանի մասնակցությունը նմանատիպ միջոցառմանը կարեւորում եմ, քանի որ դժվար թե մի ուրիշ հարթակում ՀՀ պատգամավորները կարողանային հանդիպել, օրինակ, Էկվադորի կամ Մոզամբիկի խորհրդարանի եւ նմանատիպ այլ պետությունների ներկայացուցիչների հետ:

- Որքանո՞վ մեր պատգամավորներին հաջողվեց հարաբերություններ ձեւավորել համաժողովի ընթացքում կամ երկրի համար առանցքային ելույթներ ունենալ:

- Ասեմ, որ ոչ բոլոր սեկցիաներին եմ մասնակցել, որովհետեւ զուգահեռ էր ընթանում եւ եթե մեկին մասնակցում ես, մյուսը բաց են թողնում: Ուստի՝ չեմ կարող ընդհանուր գնահատական տալ, բայց նկատեցի, որ մեր խորհրդարանականներից որոշների մոտ կար բավականին լուրջ հետաքրքրություն աֆրիկյան պետությունների նկատմամբ: Մասնավորապես՝ ցանկություն ունեին Մոզամբիկի ԱԺ նախագահին Հայաստան հրավիրելու: Ի դեպ, Մոզամբիկի ԱԺ նախագահի օգնականին վաղուց եմ ճանաչում, նա վաղոց է ուզում Հայաստան գալ, բայց միշտ մտածել եմ, որ այս այցը որեւէ առանցքային կարեւորություն չունի մեր պետության համար: Ինչեւէ, երեւի թե սխալվել եմ, որովհետեւ հայ պատգամավորները հանդես եկան առաջարկներով ու հրավերներով, կոնտակտներով փոխանակվեցին, իսկ թե ինչ սպասել հայ-մոզամբիկական հարաբերություններից, հետագան արդեն ցույց կտա: Պատգամավորներից Նարեկ Մկրտչյանի էջում նկատեցի նաեւ, որ իրենք աֆրիկյան այլ պետությունների խորհրդարանի ներկայացուցիչների հետ եւս առիթ ունեցել են շփվելու: Կարծես թե, այդ ուղղությամբ նա ակտիվ զբաղվում է, միգուցե դրա մեջ կա որոշակի հեռանկար, բայց ես դեռեւս չեմ տեսնում: Ընդհանրապես, ես մի քիչ ավելի հրատապ խնդիրների լուծման կողմնակից եմ: Իսկ այս պահի դրությամբ՝ չգիտեմ Աֆրիկան որքանո՞վ է ակտուալ:

«Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել». Վահան Բաբայան

ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԵՐԵԿՈ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՝ ՈՉ. ԻՆՉ Է ՊԱՏՄԵԼ ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

- Իսկ մեզ համար ավելի առանցքային երկրների հետ հարաբերությունների ձեւավորմամբ կամ աչքի ընկնող ելույթներով հանդես չե՞ն եկել մեր պատգամավորները…

- Կար սեկցիա, որը վերաբերում էր անվտանգությանը…

- Եվ մեզ հասան լուրեր, որ այդ սեկցիային ներկա չեն եղել մեր պատգամավորները, իսկ թուրք-ադրբեջանական պատգամավորների հակահայկական ագրեսիային սանձել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը եւս մասնակցում էր համաժողովին:

- Իրավիճակը հետեւյալն է եղել՝ այդ հակահայկական հարցադրումները եղել են առաջին օրը, իսկ պարոն Աշոտյանն արդեն հաջորդ օրն է գրանցվել եւ պատասխանել այդ արձագանքներին: Այդ սեկցիային կոնկրետ ես ներկա չեմ եղել, չեմ լսել պարոն Աշոտյանի ելույթը: Իսկ արձագանքներից ինքներդ էլ տեղյակ եք:

- Դուք լուսանկար էիք հրապարակալել համաժողովից՝ սելֆի Պյոտր Տալստոյի հետ՝ այն ռուս պատգամավորի, որը ԵԽԽՎ վերադարձած ՌԴ պատվիրակության ղեկավարն է եւ որի հետ սելֆի էր հրապարակել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ ասելով, թե «ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր եւ մեր ռուս գործընկերների միջեւ բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»: Սա այն բանից հետո, երբ Ռուբինյանը դեմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում ՌԴ վերադարձին: Հետաքրքիր է՝ առիթ ունեցա՞ք Պ. Տալստոյի հետ խոսելու ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի, ինչպես նաեւ Ռուբինյանի հետ մերձեցման երեկոյի մասին:

- Նախ ասեմ, որ իմ եւ Պյոտր Օլեգովիչի սելֆին առաջինը չէր, մենք նման լուսանկար արել էինք դեռեւս մի քանի տարի առաջ եւ հիմա էլ կրկնեցինք: Անկեղծ ասեմ, պլանավորել էի, որ անպայման իր հետ այս մասին կխոսեմ, բայց երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, լարվածություն, տրամադրության անկում նկատեցի եւ չհամարձակվեցի շարունակել խոսակցությունը: Ամեն դեպքում, հասցրեցի սելֆի անել, ինքն էլ քմծիծաղով ասաց, որ բոլոր հայերն իր հետ սելֆի են անում: Մերձեցման երեկոն եղել էր, թե՝ ոչ  կամ լինելուց ինչ ֆորմատով էր եղել, ուղղակի, հասկացա, որ եթե Ռուբինյան անունից է արդեն բարկանում, պետք չէ շարունակել հարցեր տալ: Չէ որ անփութության, անուշադրության կամ միգուցե շատ ավելի հնարավոր է միտումնավոր պատճառով այնպես ստացվեց, որ Հայաստանը ԵԽԽՎ-ում հայտնվեց իրեն ոչ հարիր պետությունների շարքում, այսինքն՝ այն շարքում, որոնք մասամբ կողմ էին ՌԴ-ի ԵԽԽՎ վերադարձին, մասամբ՝ դեմ: Փոխարենը՝ ՌԴ-ի վերադարձին ամբողջական կողմ պետությունների շարքում էին Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանին հարակից գրեթե բոլոր այլ պետությունները: Ի դեպ, այս կապակցությամբ ռուս ռազմական փորձագետ եւ լրագրող Իգոր Կարատչենկոն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել՝ ասելով. «Ադրբեջանը քվերակել է ամբողջական կողմ ՌԴ-ի ԵԽԽՎ վերադառնալուն, իսկ Հայաստանը՝ մասամբ: Հարց է առաջանում՝ այս երկուսից ո՞րն է դաշնակիցը»: Այսինքն՝ ակամայից մենք հայտնվեցինք ինտրիգային դաշտում ու կանգնեցինք նոր մարտահրավերի առաջ:

Ավելի հեշտ է ինձ ու ձեզ մեղադրել Լենինի դեմ մահափորձ անելու, քան Բաբլոյանին՝ ՍԴ իշխանությունը յուրացնելու մեջ. Շարմազանով (Տեսանյութ)

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԼՌԵՑ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

- Վերադառնալով «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովին՝ ի՞նչ կասեք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի մասին, որը հնչեցրեց համաժողովի հենց առաջին օրը:

- Ողջունելի էր, որ դեռեւս 2016 թվականին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց ցույցերի մասնակցող պարոն Միրզոյանը գտնվում էր Մոսկվայում եւ բարիդրացիական ելույթ էր ունենում՝ համաժողովն անվանելով հեղինակավոր: Բայց, ամեն դեպքում, սպասելիքներն իմ եւ ուղղակի ադեկվատ հասարակության ավելին էին: Արարատ Միրզոյանի ելույթը համաժողովի բացման արարողությանը իր մեջ ներառում էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի թեման, բայց, չգիտես ինչու, չէր ներառում Ադրբեջան պետության անվանումը: Սա մի քիչ կարող էր մարդկանց անհասկանալի թվալ, որովհետեւ նույն աֆրիկյան պետությունները շատ չգիտեն, թե Հայաստանի, Ղարաբաղի կոնֆլիկտը ո՞ր պետության հետ է: Եթե համաժողովը լիներ ԵԱՏՄ մասշտաբով կամ Ռուսաստանը եւ հարակից երկրները, այդտեղ մի քիչ տրամաբանական կլիներ, որովհետեւ երբեմն լինում է, որ առանց ասելու էլ հասկանալի է: Բայց այս  պարագայում համաժողովին ամբողջ աշխարհի երկրներն էին հավաքված, ընդ որում՝ այնպիսի պետություններ, որոնցից շատերը հաճախ չեն էլ տարբերում Հայաստանը Ադրբեջանից, որովհետեւ այն իրենց համար Կովկաս է եւ վերջ: Այս պարագայում կարծում եմ՝ կար խիստ անհրաժեշտություն նշելու, թե խնդիրը որ պետության հետ է: Կարելի էր նաեւ այս առումով որոշակի հայտարարություններ անել, բայց եթե բացման արարողությանը պետք չէր, ապա այն կարելի էր անել  անվտանգության սեկցիայի ժամանակ: Մեր պատգամավորները կարող էին նման ելույթներով հանդես գալ, բայց, ավա՜ղ, այդպիսի ելույթներ տեղի չունեցան: Ի դեպ, Արարատ Միրզոյանն իր ելույթում շնորհավորեց ՌԴ-ին՝ ԵԽԽՎ վերադառնալու կապակցությամբ: Այդպես էլ չհասկացա, թե ինչի՞ էր ինքը շնորհավորում, երբ ԵԽԽՎ-ում ՌԴ-ի վերադարձի քվեարկության ժամանակ իր պատգամավորներից մեկն անհայտ կորած էր, իսկ մյուսն էլ չի քվեարկել: Այս առումով պատշաճ բացատրություն անգամ տեղի չունեցավ, կարելի էր կա՛մ մեկ բառով իր ելույթում այդ բացատրությունը տեղավորել, կա՛մ գոնե ընդհանրապես սրա մասին չխոսել: Եվ վերջում Ա. Միրզոյանն իր ելույթում պատրաստակամություն հայտնեց շփվելու, համագործակցելու՝ երկկողմանի եւ բազմակողմանի առաջարկների դեպքում, բայց չընդծեց եւ չխոսեց հայ-ռուսական հարաբերությունների մասին, որպես ռազմավարական գործընկեր, կամ գոնե խոսվեր հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների մասին, որոնց նիստերը վերջին մեկ  շաբաթում վերականգնվել էին: Ըստ իս, սա բավականին թույլ մոտեցում էր: Ի վերջո,  ռազմավարական դաշնակցի մասին ինչ-որ ընդհանուր, վերացական ձեւակերպումներով չեն խոսում:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՄԵԴԱԼԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

- Վերջին շրջանում մամուլում շատ է խոսվում այն մասին, որ ՌԴ Պետդումայում մեր պատգամավորներին այնքան էլ միանշանակ չեն ընդունում: Դուք սերտ կապեր ունենալով ՌԴ Պետդումայում՝ նկատե՞լ եք, որ կա բացասական ֆոն հայ-ռուսական ներկա խորհրդարանական հարաբերություններում:

-  Գիտեք, շատ երկար ժամանակ չի անցել այն օրից, երբ այսօրվա պատգամավորները բոլորովին ուրիշ ձեռագիր ունեին, իսկ այսօր իրենց ուրիշ ձեւ են դրսեւորում: Եթե եկել են ՌԴ պետդումա, սա դեռ չի նշանակում, որ մոտեցումը պետք է լինի գրկաբաց, որովհետեւ դեռեւս երկար տարիներ չեն անցել այն ժամանակահատվածից, երբ իրենք հակառուսական ցույցեր էին կազմակերպում Հայաստանում: Այդ մարդիկ նման ակցիաներ իրականացնելով են եկել իշխանության եւ այսօր ի պաշտոնե ստիպված են շփվելու Ռուսաստանի հետ եւ նմանատիպ միջոցառումների մասնակցելու: Հետեւաբար,  դեռես վաղ է խոսել, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր կարող են լինել անկեղծ եւ առանց ինտրիգների: Միեւնույն ժամանակ, ասեմ, որ լավ է գոնե այս անգամ Ազգային ժողովի պատգամավորները հյուրընկալվեցին, իհարկե, ոչ թե Պետդումայում, այլեւ Պետդումայի կողմից կազմակերպված միջոցառմանը, որովհետեւ նախկինում իրենք ունեցել էին այց Ռուսաստանի Դաշնային խորհրդում: Անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը այնտեղ տանելը կամ ռուսների հրավիրելը եւ հայերի համաձայնելը:  Անհասկանալի ձեւաչափ էր, նույնն է, որ որեւիցե միջազգային պատվիրակություն հրավիրենք Հայաստան եւ հյուրընկալենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կամ՝ ինչ-որ շփման մարզպետների հետ: Այնպես, որ միակ դրականն այն է, որ գոնե կառույցները, ըստ իրենց պրոֆիլի են սկսել շփվել: Այն, որ մեր ԱԺ պատգամավորները մասնակցում էին Պետդոււմայի կազմակերպած միջոցառմանը, կարող ենք արդեն հաղթանակ համարել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Լուսանկարները Մարիամ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА