o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ովքեր եւ ինչպես են գծում մեր ուր գնալու քարտեզը». Լիլիթ Գալստյան

06.07.2019 13:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
«Ովքեր եւ ինչպես են գծում մեր ուր գնալու քարտեզը». Լիլիթ Գալստյան

«Գրեթե մեկ տարի մշակույթի նախարարություն չունենալն, իսկ ավելի ճիշտ՝ ոլորտն արկածախնդրության, անհեռատեսության ու դիլետանտիզմի ճիրաններում կաթվածահար անելն ու անգործության մատնելն իրեն երկար սպասել չտվեց։ Օրերս Բաքվում մեկնարկեց ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանը։ Մենք կարող էինք այնտեղ լինել եւ ճիշտը ներկա լինելն էր։ Եվ ոչ միայն այն բանի համար, որ վավերացրել ենք եւ անդամակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիային», ոչ միայն այն բանի համար, որ մինչ ոչ վաղ անցյալը քիչ թե շատ արդյունավետ աշխատել ենք ու արդյունքներ գրանցել, այլեւ, նախեւառաջ, այն պատճառով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ հատկապես նրա տվյալ կոմիտեն լրջագույն միջազգային հարթակ է, ուր մեր մշակութային ներկայությամբ, մեր մշակութային ինքնությամբ եւ համաշխարհային քաղաքակրթությանը տված ահռելի ժառանգությամբ ասելիք ունենք, մշակութային-քաղաքակրթական հարթության մեջ մեծերի հետ հավասար խոսելու բնական եւ լուրջ հիմքեր, ի վերջո, մեր մշակութային իրավունքներն ու շահերը, որոնք խորքի մեջ ավելի քան քաղաքական են, պաշտպանելու հնարավորություն», - այս մասին նշում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ապա շեշտում, որ նախ՝ պետք է գիտակցել ՄՇԱԿՈՒՅԹԻ քաղաքական գործոնը եւ հետո գնահատել ու համոզում ունենալ, թե այն ինչ անփոխարինելի դիվանագիտական-քաղաքական կապիտալ է ներկայացնում։

«Սա արդեն անցնում է բոլոր տեսակի սահմանները»

«Պետք է… Ցավոք, այս գիտակցումը, քաղաքական այս արժեւորումը չունեցանք եւ շարունակում ենք չունենալ, այլապես Մշակույթի նախարարությունը չէին խոթի կրթության ու գիտության ու երիտասարդության ու սպորտի արդեն իսկ խցանված հանրակացարանում եւ չէին փորձի ընդամենը երկու վարչությունների տիրույթում ծրագրել ու կառավարել մշակույթ հսկայական տնտեսությունը։ Իսկ Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանն է, ու մենք չկանք։ Չկանք, որովհետեւ մեկնարկից մեկ-երկու օր առաջ հանկարծ արթնացանք ու հիշեցինք, որ անվտանգության խնդիր կա ու մեր ԱԳՆ-ԿԳՄՍԵ-Ն ուշացած, վերջին վայրկյանին գրված նամակն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ին հավանաբար տեղ հասավ, երբ պատվիրակներն արդեն օդակայանում էին, իսկ նստաշրջանի օրակարգերն ու զեկուցողներն հաստատ հաստատված էին ամիսներ առաջ։ Այս ամենը նախապես չգիտակցելը, չհաշվարկելը պարզապես արդարացում չունի», - ընդգծում է Լ. Գալստյանը եւ հավելում, որ ամիսներ առաջ, դարձյալ մեր անգործության կամ չիմացյալ անտարբերության պատճառով, ադրբեջանցիներին հաջողվեց «քոչարին» գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

«Նախարարության այդ առաջարկն ընդհանրապես խափանեց իմ բոլոր ծրագրերը». Մարիաննա Մխիթարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եզրափակելով խոսքը՝ ՀՅԴ-ական քաղաքական գործիչը գրում է. «Իսկ Բաքվում, բնական է, առիթը բաց չեն թողնում, բացում են «Ադրբեջանի մշակութային ժառանգությունը Լուվրում» ցուցադրությունը, որն ի դեպ Լուվրում գործելու է մինչեւ սեպտեմբեր՝ առանցքում ունենալով XVIII-XX դարերի ադրբեջանական գորգը, այո՝ XIII դարի «ադրբեջանական» գորգը։ Այս նախադասությունը տհաճությամբ եմ գրում, ներքին վիրավորանքովնրանք անգամ գորգագործության զարգացման պետական ծրագիր ունեն, իսկ մենք անգամ մշակույթի զարգացման պետական հայեցակարգ, քաղաքականություն կամ ռազմավարություն չենք կարողանում մշակել, պարզապես չունենք։Իսկ ֆրանսիական քաղաքները՝ դատարանների վճռով, մեկը մյուսի հետեւից չեղարկում են մեր քաղաքների հետ եղբայրության համաձայնագրերը… Ի դեպ, 2018-ի դեկտեմբերին Մավրիկիի հանրապետությունում անցկացվող նստաշրջանում Հայաստանն ընտրվեց Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի փոխնախագահ, եւ մենք բոլոր հնարավորություններն ունեինք հաջորդ նիստը Հայաստանում հրավիրել։ Կարող էինք, բայց մեր առաջնահերթություններն այլ են կամ պարզապես չկան, պարզապես անգործության ու չիմացության իներցիայով կորցնում ենք հերթական միջազգային հնարավորությունը, հարթակը։ Այս օրերին մեր քաղաքական ու հասարակական միտքը տառապում է, բորբոքվում, շվարում, հանկարծ, մեկեն բացահայտված մասսայական բռնարարի եւ նույնինքն էլ մասսայական բռնաբարվածի մեր հոգեկերտվածքից… Իսկ նույն պահին զուգահեռ Բաքուն զբաղված է Շեքին համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ամրացնելու լուրջ քաղաքական գործով, եւ խնդիրն այն է, որ փաթեթում ներառված տարածաշրջանային քարտեզները, որ հրատարակվել են Բաքվում 1994-ին, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին եւ հայկական մի շարք տեղանուններ ներկայացված են ադրբեջանական տարբերակներով։ Մենք այնտեղ չենք, մեր դատը պաշտպանող դժվար թե լինի…Ու ես դժվարանում եմ կամ անգամ վախենում սահմանել, թե որտեղ ենք մենք, ովքեր եւ որտեղ են գծում մեր ուր գնալու քարտեզը մեր արտաքին հարձակողական, հայանպաստ քաղաքականությունը փոխարինել ենք կոմպլիմենտար խեղճությամբ, ներքին քաղաքական կեղծ օրակարգերը, սեւուսպիտակների, քայլողների ու չքայլածների պատերազմն ու ներքին թշնամու որսը քայքայում է երկիրը, մեզ հեռացնում մեր իսկական տեսակից, որպես պետություն հասկանալի եւ արժանապատիվ ուղեգիծ բռնելու ճանապարհից»։

«Թատրոնի տնօրենի ԺՊ նշանակվելն ինձ համար անսպասելի էր». Մարիաննա Մխիթարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА