o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գյուղացուն դարձրել են թենիսի գնդակ». 15 օր` առանց խմելու ջրի

26.06.2019 14:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գյուղացուն դարձրել են թենիսի գնդակ». 15 օր` առանց խմելու ջրի

Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում արդեն ավելի քան 15 օր խմելու ջուր չկա։ Խնդրին անմիջապես առնչվող մարմինները` «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, համայնքապետարանը, մարզպետարանը մինչ այս պահը խնդիրը կարգավորել չեն կարողանում։ Պարզ չէ, թե այս սարսափելի տապին, երբ կլինի խմելու ջուր։ Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Փոքր Վեդու բնակիչ ԱՐՄԻՆԵ ԽԱՉԻԿՅԱՆԸ եւ իրական պատկերը ներկայացնելու համար մի քանի շեշտադրում արեց. «Այս սեզոնին խմելու ջուր չունենալը, մեղմ ասած, անմարդկային, վայրենի իրականություն է։ Կեսօրին մինչեւ 40 աստիճան է, մյուս կողմից էլ ծիրանաքաղ, սեզոնային գյուղատնտեսական այլ գործեր, որոնցից է կախված գյուղացու ապրուստը, գոյատեւելու հարցը։ Մարդիկ դաշտից, գործից, սահմանում ծառայությունից վերադառնում են ու լողանալ չի ստացվում (արտեզյան եւս չկա), հաց սարքել չի ստացվում, խմելու ջուրն առնում ենք։ Վիճակն ավելի ծայրահեղ է փոքր երեխաներ ունեցող ընտանիքներում։ Այս պատկերի ֆոնին ավելի քան նորմալ է, որ գյուղում արդեն լարվածություն կա»։ 

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

Ա. Խաչիկյանը նաեւ նշեց, որ հարցին ոչ միայն լուծում չի տրվում, այլեւ հարցի նկատմաբ անհետեւողական, մատերի արանքով նայելու, իրենց չվերաբերելու ակներեւ վերաբերմունք կա, անտարբերություն։ Ի պատասխան տասնյակ գյուղացիների զանգերի, «Վեոլիա ջուրը» հարցը բարդում է համայնքապետարանի վրա։ Մասնավորապես, ինչպես  Արարատի մարզպետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ է տեղեկացնում ֆեյսբուքյան իր արձագանքում. «Վեոլիա ջրից մեզ հավաստիացնում են, որ սահմանված չափի ջրաքանակ է մատակարարվում օրվա կարգավորիչ ջրամբարից»: Սակայն, ըստ Փոքր Վեդու բնակիչների, իրականությանը սա չի համապատասխանում։ Մարզպետին կա՛մ «Վեոլիա ջուրն» է խաբում, կա՛մ համայնքապետարանը պատշաճ չի իրազեկում, որ արդեն 15 օր գյուղի մի հսկայական հատված իսպառ ջրազրկված է` բառի ուղիղ նշանակությամբ։ Ոչ մի կաթիլ խմելու ջուր այս օրերին գյուղի մի մասին չի հասնում։ Իսկ վերջին օրերին գյուղացիները պնդում են, որ «Վեոլիա ջրի» աշխատակիցները հենց տեղեկանում են, որ զանգը Փոքր Վեդիից է, անջատում են։ 

Անդրադառնանք նաեւ համայնքապետարանին, որտեղ, ըստ տեղացիների, ակտիվություն դրսեւորվում է միայն ֆեյսբուքյան հարթակում, այն էլ հետեւյալ մոտեցմամբ. «Ձեր բողոքներն ու պահանջներն ուղղեք ջրամատակարար կազմակերպությանը։ Լրացուցիչ տեղեկութան համար դիտեք տեսանյութը»: Ինչպես Վեդու բնակիչ Խաչիկյանն ասաց, Յութուբից հղում է դրվում, որ արդեն 15 օր ջուր չունեցող գյուղացին հղումը նայի ու հավանաբար ծարավը հագեցնի...

«Միայն Փոքր Վեդի համայնքում է համայնքապետի պարտականություն համարվում բնակչի անձնական կյանքը, ապրելակերպը, նույնիսկ ճակատագիրը»,- այս մասին գրել է  համայնքապետարանի աշխատակցուհի ՆԵԼԼԻ ՍՈՂՈՅԱՆԸ։ 

Իսկ համայնքապետարանի մեկ այլ առաջատար մասնագետ` ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, հորդորում է զանգահարել 080000185 հեռախոսահամարին եւ հարցի բարձրաձայնումը ընկալում` որպես լավը չտեսնելու եւ թերագնահատելու քայլ։ Ահա համայնքապետարանի աշխատանքային «մարզավիճակը» կամ կարողությունը` խմելու ջուր չունենալը անձնական հարց է, իսկ դրա համար բողոքելը` վատատեսություն։ 

Կարճ ասած` Արմինե Խաչիկյանի գնահատմամբ` գյուղացին դարձել է թենիսի գնդակ. «Վեոլիա ջուրը» ուղարկում է համայնքապետարան, համայնքապետարանը չգիտես ինչով է զբաղված, մարզպետարանն էլ հղում է անում վերջիններիս։ Եվ հարցը դեռ մնում է առկախ` մինչեւ ե՞րբ, մինչեւ ե՞րբ խմելու ջուր չի լինելու։ Հարցի մի այլ կողմն էլ կա. խնդիրը ծավալային խափանման հետեւանքով չի առաջացել, ընդամենը կարգավորիչ փականն է խնդիրը... Անգամ պատշաճ իրազեկում չի եղել, որ խափանում կա, ու օրեր շարունակ ջուր չի լինելու, մարդիկ գոնե ջուր հավաքեին...Խնդիրներ միշտ էլ կարող են ծագել, բայց լուծում է պետք, այլընտրանք եւ թեկուզ ժամանակավոր. չէ՞ որ հարցը կենսական նշանակություն ունի։ Հուսանք` խնդիրը ժամ առաջ կկարգավորվի, հակառակ դեպքում ծայրահեղ քայլերի ձեռնարկումն անխուսափելի է դառնալու։ Ջուր տվե՛ք խմելու», -շեշտեց Փոքր Վեդու բնակիչը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА