o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մնացել ենք պատմության ու մեծերի ավանդած դասերին անհաղորդ». Արգամ Այվազյան

21.06.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«Մնացել ենք պատմության ու մեծերի ավանդած դասերին անհաղորդ». Արգամ Այվազյան

Ճարտարապետության եւ մշակույթի պատմաբան, նախիջեւանագետ, վիմագրագետ, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանը անցյալ տարի ընթերցողի սեղանին դրեց Նախիջեւանի պատմության եւ մշակույթի վերաբերյալ 5 գիրք: Նա  նաեւ 1978 թ.-ից մինչեւ 2015 թ. ¥մի քանի տարվա ընդմիջումով¤ մեծ ավանդ ու ներդրում, փորձ ունի Հայաստանի հուշարձանների պահպանության ու հանրահռչակման բնագավառում: Միով բանիվ, հիացք ու ակնածանք, երախտագիտություն նրա անձի  կատարած անուրանալի, պատկառելի գիտական ժառանգության հանդեպ: Քանզի հայագիտություն բերած նրա հսկայածավալ ժառանգությամբ` շուրջ 300 հոդվածներով ու առանձին հրատարակած 50 գրքերով, թե՛ այսօր եւ թե՛ ապագայում նախիջեւանյան պատմամշակութային ժառանգությունը ճանաչելի է լինելու գերազանցապես միմիայն նրա ուսումնասիրություններով: Մեկ ամիս առաջ լույս է տեսել նաեւ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ հեղինակած «Նախիջեւանյան մտորումներ-էսքիզներ» ստվարածավալ հատորը: «Իրավունքի» հետ զրույցում հեղինակն ասաց, որ այն նախատեսված չի եղել իր ստեղծագործական ծրագրերում: 
- Այն հղացավ-ստեղծվեց եւ տպագրվեց ընդամենը վեց ամսվա ընթացքում: 2018թ. նոյեմբերի սկզբներին` պատահական մի հանդիպման ժամանակ, Երեւանի լուսանկարչատներից մեկում ծանոթացա պատմական Գողթն գավառի Փառակա գյուղի աչքառու գերդաստաններից Մարգարյանների երեւանաբնակ Նելլի, ապա մանկավարժ Լիդա Մարգարյանների հետ: Հիշողությունները ինձ տարան տասնամյակներ առաջ` 1971թ., Գողթնի լեռնային բնակավայրերը ուսումնասիրություններ կատարելիս ինձ համար դեռեւս անծանոթ Փառակայում Լիդա Մարգարյանի (1949) հայրիկի` Փառակայի դպրոցի տնօրեն Առաքել Մարգարյանի (1915-2002), նրա փեսա` Երեւանից Փառակա տեղափոխված եւ Փառակայի դպրոցում ուսուցիչ աշխատող Ժորա Սարգսյանի հետ իմ հանդիպումը, նրանց հյուրընկալ օջախում հյուըկալվելը, որի մասին գրել եմ 2007թ. տպագրված իմ «Նախիջեւան. գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ»  ծավալուն հատորի «Գողթնի լեռնային բնակավայրերում» էսսեում: Տիկին Լիդային կատարած իմ զանազան հարցումներից պարզվեց, որ Փառակայի վերաբերյալ նրա մոտ պահպանվող հին լուսանկարների թվում կան 1968-1971թթ. Փառակա այցելած բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մեկ, երաժշտագետ Մարգարիտա (Մարգո) Բրուտյանի հետ լուսանկարված երկու լուսանկարներ: Հետաքրքրությունս, անշուշտ, ավելի մեծացավ, եւ տիկին Լիդային խնդրեցի այդ լուսանկարների սկանավորած օրինակներ ինձ տրամադրել, որին սիրով համաձայնեց: Ահա հենց այդ լուսանկարներն էլ  ազդակ դարձան փնտրտուքներ կատարել եւ արագորեն շարադրել ընթերցողին ներկայացվող «Նախիջեւանյան մտորում-էսքիզներ. ըստ գրապատմական սակավ հայտնի եւ նորահայտ աղբյուրների ու իրողություններ» հատորի ստեղծման առիթը, որը, գրեթե ամբողջությամբ 2019թ. հունվար-փետրվար ամիսներին շարադրվեց Հունաստանում եւ ապա` մարտ-ապրիլ ամիսներին լրացվեց-շտկվեց Երեւանում: Մինչեւ տպագրության վերջին օրն էլ այն լրացվել է նոր լուսանկարներով ու տեղեկություններով:
- Ի՞նչ նյութեր եւ ի՞նչ ժամանակաշրջան է ընդգրկում հատորի նյութերը:
- Այն ընդգրկում է 46 մեծ ու փոքր ծավալներ ունեցող մտորում-էսքիզներից, որոնք ժամանակագրական առումով հիմնականում արտացոլում են 1918-2010-ական թվականների նախիջեւանյան եղելությունները: Մտորումներ, որոնք հարյուրավոր գրապատմական փաստերով մեկ անգամ եւս փաստում են նախիջեւանյան բազմազան խնդիրները, փաստում այն, որ դարեր շարունակ մեր պատմության դասերից` սերունդ առ սերունդ, ամենեւին եւ հավուր պատշաճի դասեր չքաղածներս, դեռեւս մնում ենք պատմության ու մեր մեծերի ավանդած-հորդորած դասերին անհաղորդ: Քանզի մեր դարավոր մրմուռներն ու կորուստները նույն են ու շարունակական... Քանզի դարեր շարունակ մեր բասիր գործողություններով ու անմիաբանությամբ ընդոտնել ենք շատ ու շատ արժեքներ ու պատմական անցուդարձերը... Հատորը պատկերազարդ է եւ ունի ավելի քան 500 փաստավավերագրական լուսանկարներ, որոնց մի մասը գունավոր են եւ դարձյալ տպագրվում են առաջին անգամ: Հուսամ, որ այս հատորը կնպաստի ընթերցողին Նախիջանի եւ նախիջեւանյան 1918-2010-ական թվականների խնդիրների վերաբերյալ իր ունեցած գիտելիքներն էլ ավելի ամբողջացնելու ու հարստացնելու գործում: Մանավանդ, որ Նախիջեւանն ու նրան առնչվող խնդիրները, որքան էլ ժամանակ առ ժամանակ անտեսվեն կամ էլ անտարբերության մատնվեն, սերտորեն ու անքակտելիորեն կապված են եւ հարատեւելու են մեր ժողովրդի թե՛ պատմական եւ թե՛ ազգային հիշողության խառնարաններում: Օրինակ` մտորում-էսքիզներից մեկում ներկայացված է 1949թ., ապա 1973թ. եւ հետագա տարիներում Հին Ջուղայի հռչակավոր գերեզմանատնից Հայաստան տեղափոխված խաչքարերի ու խոյաքանդակների պատմությունն ու փաստագրական լուսանկարները: Մեկ այլ մտորումում քննարկված է մեծանուն վիպասան Րաֆֆու ագուլիսցիների վերաբերյալ գրած` «Ես ֆելետոնիստ չեմ» գործը: Մի քանի այլ մտորումներում ներկայացված են Հայաստանի մշակութային եւ գիտության գործիչների (գրող Սուրեն Այվազյան, Սերգեյ Փարաջանով, Սիլվա Կապուտիկյան, Սերո Խանզադյան, Մարգարիտա Բրուտյան, Գեւորգ Աբգարյան եւ այլոց) տարբեր տարիներում Նախիջեւանի բնակավայրեր այցելելու դրվագները, Արցախյան շարժման տարիներին` 1989-1990 թթ. նախիջեւանահայության վերջին բեկորների` շուրջ 3 հազար հայության տեղահանության փաստագրման եւ նմանատիպ այլեւայլ նյութեր:

​​​​​​​«Ժամանակն է վերականգնել մարտում ընկած հայ զինվորների հիշատակի տոնը». Արմեն Այվազյան

Զրուցեց ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА