o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի 1000 լավագույն թիմերը. Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

17.06.2019 18:56 ՍՊՈՐՏ
Աշխարհի 1000 լավագույն թիմերը. Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

«Բարսելոնան» շարունակում է գլխավորել ակումբային մակարդակով համաշխարհային վարկանիշային աղյուսակը: Clubworldranking-ի վարկածով՝ իսպանական ակումբն ունի 15688 միավոր և զգալիորեն գերազանցում է երկրորդ տեղում գտնվող արգենտինական «Ռիվեր Փլեյթին»: Վերջինս ունի 12572 միավոր: Երրորդ հորիզոնականում անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, իսկ 4-րդը՝ բրազիլական «Պալմեյրասը»: Լավագույն հնգյակը եզրափակում է Չեմպիոնների լիգայի 2018/2019 թթ. մրցաշրջանի հաղթող «Լիվերպուլը»: 6-րդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալն» է, որին հաջորդում են «Վալենսիան», արգենտինական «Բոկա Խունիորսը», բրազիլական մեկ այլ ակումբ՝ «Ատլետիկան», և Մադրիդի «Ատլետիկոն»: Լոնդոնի «Արսենալը», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վարկանիշային աղյուսակի 14-րդ հորիզոնականում է:

Ռոնալդուն չի բացառել, որ կմասնակցի 2022թ․ աշխարհի առաջնությանը

ԽՍՀՄ երկրներից լավագույն 100 ակումբների շարքում ներկայացուցիչներ ունեն միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորը» 74-րդն է, Կիևի «Դինամոն»՝ 72-րդը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 60-րդն է, «Կրասնոդարը»՝ 65-րդը, Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 80-րդը: Նշած թիմերը վերջին տարիներին կայուն կերպով ելույթ են ունեցել եվրագավաթների խաղարկություններում:

Clubworldranking-ը ակումբների միավորները հաշվարկելիս հաշվի է առնում վերջին 52 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ըստ մրցաշարերի կարևորության: Աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Մեր նոր չեմպիոնը՝ «Արարատ-Արմենիան», ինչպես նաև բրոնզե մեդալակիր «Բանանցը» վարկանիշային այս աղյուսակում տեղ չեն գտել: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամսից հայկական թիմերը պայքարը կսկսեն եվրագավաթների խաղարկություններում:

Հայկական թիմերից ամենաբարձր դիրքում Երևանի «Փյունիկն» է: Վերջինս անցյալ տարվա ամռանը բավական հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Մասնավորապես, երևանյան թիմը հեղինակավոր մրցաշարի առաջին փուլում պայքարից դուրս թողեց Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: 455 միավորով «Փյունիկը» 733-րդ հորիզոնականում է: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի այս տարվա փոխչեմպիոնը տեղաշարժի չի ենթարկվել:

«Փյունիկին» 102 հորիզոնականով զիջում է հայկական մեկ այլ ակումբ՝ «Գանձասար-Կապանը»: Վերջինս անցյալ տարի ևս ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Որակավորման առաջին փուլում կապանյան թիմը մրցակցի հարկի տակ լեհական «Լեխին» 2:0 հաշվով զիջելուց հետո Երևանում հաղթել էր 2:1 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից: «Գանձասար-Կապանն» այս պահին ունի 197 միավոր: Նախորդ հրապարակման համեմատ «Գանձասար-Կապանը» առաջադիմել է մեկ կետով:

Լավագույն 1000 թիմերի շարքում տեղ է գտել նաև Հայաստանի անցյալ տարվա չեմպիոն «Ալաշկերտը»: Վերջինիս ևս անցյալ տարի հաջողվել էր հայտնվել Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում: Ի տարբերություն «Փյունիկի», սակայն, եվրագավաթների խաղարկությունում անցկացնելով 6 հանդիպում՝ «Ալաշկերտը» խփել էր ընդամենը մեկ և բաց թողել 13 գնդակ: Մասնավորապես պայքարը սկսելով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից՝ «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում 6:0 հաշվով զիջել էր շոտլանդական «Սելթիկին»: Հայտնվելով Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ երևանյան թիմը երկու հանդիպումների արդյունքում 1:0 հաշվով առավելության էր հասել Մոնտենեգրոյի «Սուտյեսկա» թիմի նկատմամբ: Որակավորման երրորդ փուլում էլ «Ալաշկերտը» Երևանում՝ 0:2, իսկ մրցակցի հարկի տակ 5:0 հաշվով զիջել էր ռումինական «Կլուժին»: Հենց սա է պատճառը, որ վարկանիշային աղյուսակում Հայաստանի չեմպիոնի ցուցանիշը համեստ է: Մասնավորապես, այս պահին «Ալաշկերտը» 99 միավորով 902-րդ հորիզոնականում է: Նախորդ հրապարակման համեմատ հայկական թիմը նահանջել է 2 հորիզոնականով:

Հարևան երկրներից Ադրբեջանը լավագույն 1000-ի մեջ ունի 4 ակումբ: «Ղարաբաղը» գտնվում է 610-րդ, «Նեֆթչին»՝ 888-րդ, «Գաբալան»՝ 927-րդ, իսկ «Քեշլյան» 928-րդ հորիզոնականում: Վրացական թիմերից Քութայիսի «Տորպեդոն» 742-րդն է, «Չիխրուան»՝ 794-րդը, իսկ Թբիլիսիի «Դինամոն» 944-րդ տեղում է: Թուրքիան վարկանիշային աղյուսակում ունի 36, իսկ Իրանը՝ 16 թիմ:

Clubworldranking-ը հաշվարկում է նաև մարզիչների վարկանիշը: Առաջին հորիզոնականում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն է: Երկրորդ հորիզոնականում է «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալարդոն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Լիվերպուլի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գտնվում է չորրորդ հորիզոնականում, իսկ 5-րդը Բրազիլիայի «Պալմեյրասը» գլխավորող Լուիս Ֆելիպե Սկոլարին է: Վերջինիս հաջորդում են «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինյոն, բրազիլական «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Տիագո Նունյեսը, Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 174-րդն է:

«Մեսսին չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը առանց աշխարհի գավաթի». Կամաչո

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА