ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԹԱԼԻՇՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿՈՒՄ

12.06.2019 21:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԹԱԼԻՇՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿՈՒՄ

Թալիշների ծագումնաբանության ու Իրանում եւ Ադրբեջանում ներկայիս կարգավիճակի, ինչպես նաեւ հայ-թալիշական հարաբերությունների մասին զրուցեցինք Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանում հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրեն ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

Ադրբեջանցի սպան բռնաբարել ու գնդակահարել է ազգությամբ թալիշ զինվորի

Ովքե՞ր են թալիշները, մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք նրանց պատմությունն ու ծագումնաբանությունը:

- Թալիշներն իրանական ժողովուրդ են, որ բնակվում են Կասպից ծովի հարավարեւմտյան ափամերձ շրջաններում: Ըստ պատմաբանների՝ սերում են տեղաբնիկ քադուսական ցեղերից, որոնք ժամանակի ընթացքում ընդունել են իրանական ինքնություն: Ըստ որոշ ուսումնասիրությունների էլ, ներկա թալիշերենը համարվում է պատմական Ատրպատականի, միջնադարյան իրանական ազարի լեզվի հիմնական ժառանգորդը: Այսինքն, թալիշերենը ժառանգորդն է մինչ թյուրքալեզու դառնալը Ատրպատականում տարածված իրանական ազարի լեզվի: Ուշ միջնադարում թալիշական խանություններն ունեցել են կիսանկախ կարգավիճակ եւ մասնակի են ենթարկվել իրանական շահերին: Թալիշական խանությունն առանձին պայմանագրով է XIX դարասկզբին միացել է ռուսական կայսրությանը: Սակայն թալիշական խանի եւ ցարի միջեւ կնքված պայմանագիրն իր կենսունակությունը պահպանեց մինչեւ 1840-ական թվականները, եւ Կովկասում իրականացված վարչական ռեֆորմների հետեւանքով, ինչպես հայկական, այնպես էլ թալիշական մարզը դադարեց առանձին վարչական միավոր լինելուց եւ միացվեց Բաքվի նահանգին:   

«Ալիեւը որոշել է վերջնական լուծել թալիշների եւ լեզգինների հարցը»

- Ադրբեջանի թալիշները ներկայումս, բնակվելով այդ երկրում, որպես ինքնուրույն ազգային միավոր, որեւէ արտոնությունից օգտվո՞ւմ:

- Ցարական Ռուսաստանին միանալուց հետո, կորցնելով սեփական պետականությունը, թալիշներն առաջին անգամ փորձ կատարեցին այն վերականգնել  1919 թվականին՝ հիմնելով Թալիշ-Մուղանի Խորհրդային Հանրապետությունը՝ տեղացի ռուս բնակչության հետ: Սակայն այս հանրապետությունը գոյատեւեց երեք ամիս եւ նվաճվեց Մուսաֆաթական Ադրբեջանի կողմից: Խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1920-1938 թթ. Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության գոյության տարիներին թալիշներին հաջողվեց ունենալ մշակութային ինքնավարություն, հիմնվեցին ազգային դպրոցներ, հրատարակվում էին թալիշերեն դասագրքեր, թարգմանվում համաշխարհային գրականությունից բազմաթիվ ստեղծագործություններ: Սակայն 1938 թ. ստալինյան բռնաճնշումների ալիքից օգտվելով, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը հաշվեհարդար է տեսնում թալիշ մտավորականության հետ՝ նրանց մեծագույն մասին աքսորելով Սիբիր: Հետայդու ոչ միայն փակվում են թալիշական դպրոցները, այլ նույնիսկ Ադրբեջանում արգելվում է թալիշ ցեղանունը: Կարելի է ասել՝ այս ժողովուրդը գրեթե իսպառ անհետանում է պաշտոնական փաստաթղթերից ու պատմագրությունից: Թալիշներն իրենց մասին կարողացան բարձրաձայնել միայն Ադրբեջանի անկախացումից հետո, եւ 1993 թ. հիմնեցին թալիշական  երկրորդ հանրապետությունը, որը, սակայն, կրկին երեք ամիս գոյատեւեց եւ տապալվեց Հեյդար Ալիեւի վարչակարգի ռազմական գործողությունների արդյունքում: Այժմ թալիշներն Ադրբեջանում ազգային ինքնության պահպանման ոչ մի պայման չունեն: Ավելին, ազգային ինքնագիտակցության վերականգնման ցանկացած փորձ դիտարկվում է  ոտնձգություն՝ Ադրբեջանի ինքնիշխանության դեմ:

«Ալիեւի ռեժիմը ազգային փոքրամասնություններին ստիպողաբար տարել է ռազմաճակտ` կոտորվելու»

- Ապրելով Ադրբեջանի տարածքում` կարողանո՞ւմ են արդյոք պահպանել իրենց ինքնավարությունը:

- Ո՛չ ազգային, ո՛չ վարչական, ո՛չ էլ մշակութային ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Դեռ ավելին, Բաքվի իշխանությունները վարում են էթնոցիդի քաղաքականություն, որի հետեւանքով թալիշ ժողովուրդը կանգնած է թյուրքացման լուրջ վտանգի առջեւ:

- Իսկ ինչպես կբացատրեք այն երեւույթը, որ այսօր հակառակորդի բանակում, մասնավորապես՝ առաջնագծում ծառայում են այստեղ ապրող ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ ազգությամբ թալիշ զինծառայողները:

- Թալիշները, որպես Ադրբեջանի քաղաքացիներ, զինապարտ են եւ բանակում չծառայլու դեպքում կկանգնեն դատական իշխանությունների առաջ:

- Ինչպե՞ս կբնութագրեք հայ-թալիշական փոխհարաբերությունները:

- Թալիշ մտավորականության մեծագույն մասի հետ այսօր էլ ունենք սերտ հարաբերություններ: Երկու ժողովուրդներն այս տարածաշրջանում բնական դաշնակիցներ են, ինչը քաջ գիտակցվում է թալիշ մտավորականության կողմից: Թալիշական մշակույթի եւ ինքնության պահպանման հարցում հայերս առաքելություն ունենք՝ օժանդակելու թալիշ մտավորականությանը, քանի որ նրանք զրկված են ամենատարրական հնարավորություններից: Կարծում եմ՝ «Ազատ Թալիշստանի ձայն» ռադիոկայանն արդեն իր վեցամյա գործունեությամբ ապացուցել է մեր բարյացակամությունն ու պատրաստակամությունն այս հարցում: Թալիշ մտավորականության մեծագույն մասը համագործակցել եւ շարունակում է համագործակցել մեր ռադիոկայանի հետ` այն համարելով իրենց քաղաքական եւ մշակութային հիմնական խոսափողներից մեկը

- Գոյություն ունեն նաեւ իրանաբնակ թալիշներ: Նրանք ի՞նչ կարգավիճակում են:

- Իրանական թալիշներն ապրում են իրենց մայր հայրենիքում: Իրանը իրանական բոլոր ժողովուրդների ընդհանուր հայրենիքն, ինչպեսեւ՝ թալիշների: Նրանք ազատ զարգացնում են իրենց մշակույթը, քանի որ այն իրանական ընդհանուր մշակույթի մի բաղկացուցիչն է: Հակառակ դրան, ադրբեջանական հանրապետությունը վարում է բոլոր տեղաբնիկ ժողովուրդների թյուրքացման քաղաքականություն: Թալիշական մշակույթի եւ ինքնության պահպանման կամ պրոպագանդման ցանկացած փորձ  հանդիպում է Բաքվի իշխանությունների թշնամական վերաբերմունքին: Նրանք զրկված են ազգային եւ մարդկային իրավունքների պահպանման բոլոր հնարավորություններից: Չկան թալիշական դպրոցներ, հեռուստատեսություն, ռադիո, մշակույթի կենտրոններ եւ այլն: Միակ թալիշալեզու ամսաթերթը՝ «Թոլոշոն սադոն» (Թալիշների ձայն), որ հրատարակվում է Բաքվում, չի ստանում պետական ոչ մի օժանդակություն:     

Զրուցեց ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА