o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թատերականի ուսանողները դասախոսներից ոմանց ոչ թե դուրս, այլ` ներս չպիտի թողնեին»

07.06.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Թատերականի ուսանողները դասախոսներից ոմանց ոչ թե դուրս, այլ` ներս չպիտի թողնեին»

Ի՞նչ է կատարվում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ինչո՞վ են զբաղված ուսանողները եւ պրոֆեսորադասախոսական կազմը: Ցավոք, ինչպես շատ ոլորտներում, այստեղ եւս ոչ ոք չի զբաղվում իր հիմնական առաքելությամբ` ո՛չ ուսանողությունը, ո՛չ դասախոսները: Անշուշտ, չեմ կարող որակել բոլորին, որովհետեւ դասախոսական կազմից ոմանց հետ իմ ունեցած բարեկամությունը բարձր եմ գնահատում, քանի որ նրանք իրապես իրենց ուսերի վրա են պահում արդի թատերաշխարհը:

Վահրամ Սահակյանը ` սադո-մազոյից մինչեւ սիրո խոստովանություն

Ինստիտուտում օրերս ռեկտոր ընտրվեց, ուսանողները փակեցին մուտքը` դուրս չթողնելով դասախոսներին, այնինչ իրականում այդ դասախոսներից ոմանց ոչ թե դուրս, այլ ներս չպիտի թողնեին, որովհետեւ հենց նրանց հանցավոր ամենաթողության արդյունքներն են դատարկ խաղացանկերը, ասելիք չունեցող նորաթուխ արտիստներն ու բեմադրիչները: Ուսանողները բուհի դատարկ եւ ասելիք չունեցող լինելու մեջ մեղադրում են ռեկտոր Լիլիթ Արզումանյանին, որը թերեւս այս պահին միակն է, որ կարող է շտկել այն բացերը, որոնք ի հայտ են եկել վերջին տարիների ընթացքում: Միակն է այն առումով, որ առաջադրված էր, որպես ռեկտորի թեկնածու, թեեւ կային նաեւ այլ մտածողներ, որոնք, սակայն, չցանկացան «անցավ գլուխները ցավի տակ դնել»:

Բոլորովին վերջերս իմացա, որ բուհում ուսման վարձը վեց հարյուր հազար դրամ է, եւ հարց առաջացավ, որ վստահ եմ` կառաջանա նաեւ ընթերցողի մոտ` ո՞ւր են գնում այս աստղաբաշխական գումարները, երբ ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսորները, բառի ամենալայն իմաստով, ստանում են կոպեկներ` քսանից երեսուն հազար դրամ: Գուցե հենց սա է դասախոսներից մի քանիսի, թերեւս գերակշռող մասի, իրենց գործին` սերունդ կրթելու սուրբ առաքելությանը մատների արանքով նայելու պատճառը: Սա խորհելու մեծ առիթ է եւ մեծ դժբախտություն ո՛չ միայն ժամանակակից, այլեւ թատերական աշխարհի վաղվա օրվա համար: 

Օրեր առաջ իմացա պրոֆեսորներից մեկի, ով ի դեպ ժամանակին եւս ռեկտոր էր, իսկ հիմա կոչում է իրեն «Սադովնիկ»` Այգեպան, մտքի թռիչքի մասին, ու խորշեցի, թե ուր ենք հասել: Իսկ հասել ենք այնտեղ, որ դիպլոմային ներկայացումներում ուսանողները գրեթե մերկ են բեմում: Հարց է առաջանում` ինչ է տալու այդ մերկությունը հանդիսատեսին, ինչ է տալու իր ստեղծագործական կենսագրության մաքուր էջերը նոր լրացնող արտիստին եւ ինչ է տալիս դա բեմադրիչին` արվեստագետ-մտավորականի հոգեւոր հաճույք, թե՞ մեկ այլ բան: Հետաքրքիր կլիներ իմանալ` այս Այգեպանի այգում ուսանած տղաները համաձա՞յն են իրենց պրոֆեսորի բեմադրական լուծումներին...

Ինչ վերաբերում է ռեկտորի դեմ սկսված արշավին, ապա հավատացած եմ, որ սա սադրանք էր. ինչ-որ մեկը կամ մի քանիսը ուսանողությանը ռեկտորի դեմ «լարել» փորձելով` պարզապես ցանկանում են իրենց հեղինակությունը բարձրացնել ուսանողության շրջանում, իբր թե` ձեր մասին ենք մտածում, գործեք, քանի ուշ չէ: Ես դեռ կիսամերկ ուսանողների մասին լուրերի տպավորության տակ եմ եւ հավաստիացնում եմ, որ այդ դասախոսը անգամ պրոֆեսոր ու ժողովրդական արտիստ լինելով` ո՛չ մասնագիտական եւ ո՛չ էլ բարոյական հարթության վրա չի կարող հիմնավորել իր արարքը:

Հիշեցնեմ` թատրոնը գեղեցիկ է վեհության եւ ո՛չ գռեհկության մեջ, իսկ եթե ես, պիտի ընտանյոք գնալով թատրոն, անակնկալի գամ բեմում, տեսնելով կիսամերկ տղաների ու աղջիկների, ապա ուր մնաց թատրոնի դաստիարակչական դերը հասարակության համար:

Հորդորում եմ Կրթության նախարարությանը, բուհի ղեկավարությանը, եւ ինչու ոչ, մշակույթի ոլորտի պատասխանատուներին հետեւողական լինել, վերանայել բուհի դասախոսների եւ ուսման մակարդակը, աշխատանքային վճարը, եւ որ շատ կարեւոր ու օրախնդիր հարց է` ուսանողների համար սահմանված աստղաբաշխական վարձը: Սրանք հարցեր են, որոնք հրատապ լուծում են պահանջում, իսկ դասախոսներին բարեկամական խորհուրդ` հիշեք ձե՛ր դասախոսներին, նրանց նախանձելի վեհությունը, եւ վերջ տվեք այս խայտառակությանը:

Բեմադրիչ, դրամատուրգ ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА