o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՎ` ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԴՈՒՇԱՆԲԵԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՐ

05.06.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՎ` ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԴՈՒՇԱՆԲԵԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՐ

Կարծես թե սկսում է հաստատվել ավելի վաղ արված մեր այն ենթադրությունը, որ հայկական պաշտոնական դիվանագիտությունը փորձում է վերադառնալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններով սահմանված՝ շփման գծում հրադադարի խախտումների մեխանիզմների ներդրման գաղափարին, որը փաստացի թաղվել էր Դուշանբեի` Ալիեւ-Փաշինյան «վերելակային» պայմանավորվածությունների արդյունքում: Հիշեցնենք՝ նման ազդակ էր օրերս ՀՀ ԱԳՆ-ի հնչեցրած հայտարարությունը, որտեղ այս միտքն էր ընդգծված. «Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների»:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞ «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ի հիշատակած հայտարարությունից հետո, իշխանական (եւ ոչ միայն) քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները սկսեցին ակտիվորեն միանալ այդ գաղափարին, թե պետք է օր առաջ կյանքի կոչել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ու դրան զուգահեռ էլ, զգացվում է, որ հատկապես արեւմտյան ուղղվածություն ունեցող մեր տեղական քարոզչամեքենան եւս փորձում է ակտիվորեն առաջ տանել այդ նույն մոտեցումը: Բնականաբար, նույն տեսլականին արագորեն միացավ նաեւ Ստեփանակերտը. Արցախի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է»:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ

Իհարկե, կարելի է հասկանալ Արցախի այդ պաշտոնական մոտեցումը. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման պահանջներից Ստեփանակերտը երբեւէ ետ չէր էլ կանգնել, ու հիմա խոսում են նույն բանից, ինչը պնդել են մշտապես: Բայց ահա պաշտոնական Երեւանի եւ հայաստանյան քաղաքագիտա-քարոզչական թեւի մոտեցումը առնվազն տարօրինակ է: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հրատապ իրականացում պահանջելուց առաջ, նախ պետք էր մեկ ավելի պարզ քայլ կատարել: Նկատի ունենք հետեւյալը. Դուշանբեի պայմանավորվածությունը հենց այդ նույն բանի մասին է` սահմանային միջադեպեր թույլ չտալու: Ավելին, Փաշինյանը քանիցս հպարտորեն խոսել է նաեւ այդ պայմանավորվածությունների շրջանակներում Ալիեւի հետ ունեցած օպերատիվ կապի, ապա՝ դրա հաջող գործելու մասին: Վերջապես, հայկական կողմը քանիցս հավաստիացրել է, որ այդ մեխանիզմը լավ գործում է, կա սահմանային միջադեպերի էական նվազում: Իսկ այդ իրավիճակում արտաքին ուժերը ստանում էին այն պարզ մեսիջը, որ առկա է իրավիճակը հանդարտեցնող գործուն մեխանիզմ, եւ այդ պարագայում այլ մեխանիզմի մասին անգամ մտածելու կարիք չկա: Առավել եւս Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով սահմանվող մեխանիզմի, որը, ի տարբերություն Դուշանբեի, այդպես էլ չաշխատեց: Ու հիմա, եթե հայաստանյան արտաքին քաղաքականությունը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վերադառնալու հայտ է ներկայացնում, պետք է նախ նույն արտաքին ուժերին մեկ այլ նույնքան պարզ ազդակ հղեր, թե Դուշանբեի պայմանավորվածություններն արդեն չեն գործում, Ալիեւի հետ օպերատիվ կապն իրեն որեւէ կերպ չի արդարացնում: Ընդ որում, նման հայտարարությանը զուգահեռ, նաեւ Փաշինյանն է պարտավոր հրապարակային խոստովանությամբ հանդես գալ, որ «շատ կրթված մարդ» Ալիեւի հետ վերելակներում ու գերհրատապության սկզբունքով ինչ-որ բաներ պայմանավորվելով, կոպիտ սխալ է թույլ տվել, ինչի մասին, ի դեպ, մենք եւս հենց այդ պահին հստակ կարծիք ներկայացնելու առիթ ունեցել ենք: Ավելին, որ այդ կոպիտ սխալի արդյունքում հիմա բանակցային գործընթացում հայկական կողմը կանգնել է փաստի առաջ, ստիպված լինելով պահանջել մի բան՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում, ինչն այն ժամանակ բոլորն էին պահանջում Ալիեւից: Ընդ որում, նման խոստովանությունից հետո Փաշինյանը նաեւ պետք է պաշտոնապես ընդունի, որ անթույլատրելի է կոնֆետ ստացող երեխայի պարզամտությամբ հավատալ Ալիեւի ամեն մի լոլոյի, այսինքն, կասկածելի են նաեւ Դուշանբեին հաջորդած Բաքվի հետ ունեցած մյուս բոլոր բազմաժամյա շփումների արդյունքում ձեռք բերված մնացած պայմանավորվածությունները, լինի դա ղեկավարների, թե ԱԳ նախարարների մակարդակով:

ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ԽՈՐԸ ՑՈՒԿՑՎԱՆԳԻ

 

«ԿՐԹՎԱԾ ՄԱՐԴՈՒ» ԱՐՁԱԳԱՆՔԸ ՍՊԱՍԵԼԻ ԷՐ

Հակառակ դեպքում, եթե Դուշանբեի պայմանավորվածությունների սխալ եւ շտկման ոչ ենթակա լինելը չհիմնավորվի, արտաքին խաղացողների, այդ թվում՝ համանախագահ երկրների մոտ շատ պարզ հարց կառաջանա: Մոտավորապես այս տրամաբանությամբ. «Եթե Փաշինյանը չի ասում, որ Դուշանբեի պայմանավորվածությունները չեն գործում, ուրեմն համարում է, որ դեռ գործում են: Միգուցե փոքր շեղումներով, սակայն այդ դեպքում պետք է հենց առկա շեղումները շտկել, եւ ոչ թե սկսել խոսել զրոյական պրակտիկ արդյունավետություն ցույց տված Վիեննային եւ Սանկտ Պետերբուրգին վերադառնալու մասին: Ի վերջո, վիճակագրությունն էլ է նույն բանը ցույց տալիս. եթե Դուշանբեի պայմանավորվածությունների փուլում կողմերը պաշտոնապես հայտարարում են տեւական ժամանակային կտրվածքով մեկ-երկու զոհի ու վիրավորի եւ մի քանի հարյուր կրակոցների, ապա Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի այդպես էլ պրակտիկա չմտած պայմանավորվածությունների ժամանակ այդ թվերը տասնապատիկ անգամ մեծ էին: Այսինքն, լավ թե վատ գործող Դուշանբեի անհաղթահարելի խնդիրներն անգամ չմատնանշելով, առհասարակ չգործող Վիեննային եւ Սանկտ Պետերբուրգին վերադառնալու պահանջ է ներկայացվում, դա չի՞ նշանակում, որ հենց Փաշինյանն է ուզում լարվածության սրացում, կամ դա, պարզապես, բանակցային գործընթացի հետ կապված շեղող քաղաքական մանեւր է»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԹԵԺ ՕՐԱԿԱՐԳ

Իհարկե, եթե հայաստանյան արտաքին քաղաքականությանը հաջողվեր այն «դատապարտելի նախկին ռեժիմի» օրինակով վերստին ՄԽ-ի համար օրակարգային դարձնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կիրառման տեսլականը՝ դրանով ճնշումներն ուղղելով դեպի Բաքու, փայլուն քայլ կլիներ: Սակայն հիշատակված տրամաբանության պարագայում ասել, թե դրան հասնելու էական շանսեր կան, միամտություն կլիներ: Առավել եւս, որ միանգամայն սպասելի էր նաեւ Բաքվի պատասխան ռեակցիան: Նախ, հրապարակավ այդ քայլը համարեցին բանակցություններից խուսափելու միջոց, իսկ կուլուարներում հավանաբար Ալիեւը, դեմքի ամենաանմեղսունակ արտահայտությամբ կասի. «Նիկոլ ջան, եթե մտահոգություն ունեիր, ասեիր, կուղղեինք, բա էլ ինչի՞ համար է մեր այդքան հաջողված օպերատիվ կապը, եթե ոչ նման թյուրիմածությունների մասին ժամանակին միմյանց ասելու եւ միանգամից լուծումներ տալու: Թե՞ իրոք օպերատիվ լուծումներ չես ուզում, որ էլի սկսենք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ կապված հին վեճերն ու թանկարժեք բանակցային ժամանակը ծախսենք դրա վրա»: Ու ասել, թե «կրթված մարդու» նման կշտամբանքների պահին համանախագահներն ինչ դիրք կբռնեն, երեւի անգամ իմաստ էլ չունիԱրդյունքում, որ առանց Փաշինյանի կողմից Դուշանբեի պայմանավորվածությունները դատապարտելու, ձախողված համարելու, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ուղղությամբ սկսած ՀՀ ԱԳՆ-ի այս նոր մոտեցումն անարդյունավետ է լինելու, էն գլխից էլ ենթադրելի էր:

Ե՞ՐԲ ԿԼԻՆԻ ՊՈՒՏԻՆ-ՌՈՀԱՆԻ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ․ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ԿՐԵՄԼԻ ԽՈՍՆԱԿԸ

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ՄՈՏԵՑՈՒՄԸ

Բայց մյուս կողմից էլ՝ Դուշանբեի պայմանավորվածություններից հրապարակավ հրաժարվելը կարող է բավականին լուրջ հետեւանքներ ունենալ: Այն, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին ՌԴ նախագահի անձնական միջնորդությամբ, քիչ չի խոսվել: Ցուցադրաբար հրաժարվել դրանից, առավել եւս, որ զուտ սահմանային միջադեպերի առումով Դուշանբեն իրականում ավելի մեծ էֆեկտիվություն ունեցավ, քան այդպես էլ պրակտիկա չմտած Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, ի թիվս այլ խնդիրների, կդառնար նաեւ Պուտինի քաղաքական հեղինակությանն ուղղված հարված: Հաջորդը. հենց Դուշանբեն ցույց տվեց, որ Պուտինը նաեւ անձնական միջամտություն է ցուցաբերում հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացումների նկատմամբ, ընդ որում` դուրս չգալով ՄԽ-ի շրջանակներից: Այսինքն, Դուշանբեից հրաժարվելը կարող է դառնալ նաեւ դրան հաջորդած ողջ գործընթացից ետ կանգնելու եւ բանակցային գործընթացը մեկ այլ փուլի տանելու քայլ՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Այլ հարց, ՀՀ ԱԳՆ-ում այլ պատկերացումներ ունե՞ն նման հնարավոր հեռանկարների մասին: Եթե ոչ, դա շատ վատ կլիներ, եթե այոարդեն այլ հարցերի տեղիք է տալիս: Այդ թվում՝ ինչպե՞ս ստացվեց, որ մինչ այս ժամերով  ազերիների հետ միանգամայն գոհ ժպիտներով շփվող եւ «հաշտության նախապատրաստվելուց» խոսող մեր բանագնացները, հենց այն պահին, երբ գործընթացը մոտեցավ կուլմինացիոն կետի (ինչպիսին կարող է լինել Սանկտ Պետերբուրգում օրերս հնարավոր հանդիպումները), անցան «շրջանցիկ մանեւրների»: Հաջորդը. իսկ ինչպե՞ս է ստացվում, որ սուպերլիբերալիզմի ջատագով մեր շատ տեղական քաղաքագիտա-քարոզչական ուժեր ակտիվորեն աջակցում են նման շեղումներինՉնայած, նաեւ ֆիքսենք. Դուշանբեից հրաժարվելու մասին մեր ԱԳՆ-ն ոչինչ չի ասում, այսինքն՝ վա-բանկի խնդիր այստեղ չկա: Պարզապես հնչեցրել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վերադառնալու մոտեցում, մի փոքր կվիճեն դրա շուրջ, սակայն, թերեւս, առանձնապես արդյունքի չսպասելով: Եթե այս տարբերակն է, սա լուրջ համարելը դժվար է. պարզապես, ցավոք, ըստ ամենայնի, կլինի հերթական վարկանիշային կորուստը, առանց որեւէ բան ստանալու:

«ԱՐՑԱԽՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА