ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը Ղարիբյանին անպատիժ թողեց, քանի որ նրա վրա էր դրել մշակույթը ոչնչացնելու «սուրբ» պարտականությունը

04.06.2019 19:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանը Ղարիբյանին անպատիժ թողեց, քանի որ նրա վրա էր դրել մշակույթը ոչնչացնելու «սուրբ»  պարտականությունը

Նախորդ շաբաթվա ավարտին Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը (Խաչատրյանը) պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահություն: Թուխիկյանի այս քայլը թերեւս ամենեւին էլ պատահական չէ, քանի որ վերջին մեկ շաբաթներին հենց նրա անունն էր շրջանառվում, որ նոր ձեւավորվող ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունում կնշանակվի նախարարի տեղակալ` մշակույթի գծով:

Տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում. բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան

Թեպետ տիկին Թուխիկյանը իր հարցազրույցներում ասել էր, որ նման առաջարկ եղել է, ու ինքը դեռեւս մտածում է այդ հարցի շուրջ: Մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացնելու օրն էլ լրագրողների հետ զրույցում հաստատել էր այն` շեշտելով. «Ծիծաղելի կլինի, եթե հիմա հերքեմ այդ լուրերը: Բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու: Ոչ մի բան չեմ բացառում, ո՛չ բացառում եմ գնալը, ո՛չ բացառում եմ մնալը: Կխնդրեմ մի քանի օր համբերել: Ես դեռ 6 օր ժամանակ ունեմ, մի քանի օրից պարզ կլինի, կհավաքեմ մտքերս ու վերջնական պատասխան կտամ»:

Այնուամենայնիվ, մանդատի վայր դնելն արդեն հուշում է` Թուխիկյանը օրերս ԿԳՆ-ում կնշանակվի` որպես մշակույթի գծով փոխնախարար: Ավելին` մշակութային կուլիսներում արդեն շրջանառվում է թատերագետ Արա Խզմալյանի անունը` որպես երկրորդ փոխնախարար: Արդարության համար փաստենք, որ ով էլ ստանձնի մշակույթի ոլորտի պատասխանատուի պաշտոնը` ոլորտը կժառանգի խայտառակ վիճակում, քանի որ Նազենի Ղարիբյանն իր իրավահաջորդներին սկուտեղի վրա մատուցում է խառնափնթոր ու աղքատիկ վիճակում: Հիշում եք, չէ՞, որ դեռեւս 2 ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ կպատժի այն անձին, ով իրեն կեղծ հակափաստարկներ էր ներկայացրել Կոնստանտին Օրբելյանին` Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու համար: Սակայն 2 ամիս անց պարզվեց, որ Փաշինյանի պատիժը Ղարիբյանին` սահմանափակվեց միայն նրան դեռեւս նախարարի պարտականությունները կատարողի պաշտոնից ազատելով, այն էլ այն դեպքում, երբ ընդհանրապես այդ նախարարությունը, որպես առանձին կառույց, դադարեց գոյություն ունենալ: Այսինքն` վարչապետը աչք փակեց այն հանգամանքի վրա, որ իր իսկ նշանակած մարդիկ` նախ Լիլիթ Մակունցը, ապա առավելեւս Նազենի Ղարիբյանը մշակույթի ոլորտը այս մեկ տարվա ընթացքում ահաբեկված պահելով` այն վերածեցին քաոսի, ապա ոչնչացրին ընդհատակ, իսկ ոլորտն ու ընդհանրապես այդ ոլորտի անդամների նյարդերը «քանդակողը»` Նազենի Ղարիբյանը, մնաց անպատիժ, ինչն էլ արդեն ենթադրում է վատ նախադեպ` հաջորդների համար: Իսկ այս ընթացքում Նազենի Ղարիբյանը մշակութային բոլոր ծրագրերի ֆինանսավորումը դարձրեց դրամաշնորհով` իր իսկ ստեղծած հանձնաժողովի ընտրությամբ, որի շարքերը համալրեց իր ընկեր-ծանոթ-բարեկամներով: Եվ ցավալին էլ այն է, որ հենց նրանց քիմքին հարմար մշակութային ծրագրերին էլ, մեր իսկ հարկերից գոյացած գումարներով, պետական ֆինանսավորում տրվեց: Արդյունքում, արդեն բոլոր ֆինանսները ծախսված են ու այսուհետ նրանց փոխարինող փոխնախարարները դատարկ տաշտակով են գալիս ոլորտը ղեկավարելու: Եվ, ամենակարեւորը` Ղարիբյանը պետական աջակցություն տվեց այն անձանց, ովքեր շնորհալի էին խառնաշփոթ ստեղծելու մշակութային ոլորտում, կամ ` այս ու այն ՊՈԱԿ-ի վրա բողոք գրելով... Այսինքն` այս ընթացքում, ով «գործ տվեց», Ղարիբյանի կողմից որպես պարգեւ ստացավ ֆինանսական աջակցություն: Այդ թվում, իհարկե, Ղարիբյանը հասցրեց ֆինանսավորել իր դստեր «Փուշ» ծրագրին եւ վաղամեռիկ ամուսնու գրքի տպագրությանը... Էլ կոռուպցիան ինչպե՞ս է լինում: Ուշագրավ է նաեւ, որ իրենց ղեկավարման օրվանից ե՛ւ Մակունցը, ե՛ւ Ղարիբյանը պատեհ ու անպատեհ ասում են, որ կառուցողական աշխատանք է պետք իրականացնել մշակութային ոլորտում, բայց, ինչպես ասում են, այնպես էլ իրենք իրենց չեն լսում, քանի որ այս մեկ տարվա ընթացքում ոչ մի կառուցողական մթնոլորտ չստեղծեց նախարարությունում: Օրինակ` հենց սկզբից խոսվում էր, որ ոլորտի բարելավման համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն այս ընթացքում մշակութային ոլորտի որեւէ պատասխանատու որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեկավ: Փոխարենը` ԱԺ-ում քննարկման ժամանակ Ն. Ղարիբյանը ամբիոնի մոտ անտեղյակությունից անիմաստ պատասխաններ էր տալիս պատգամավորների հնչեցրած հարցերին ու արժանանում նրանց հանդիմանությանն ու ծաղրին: Ի վերջո, Նազենի Ղարիբյանը այդպես էլ չսովորեց «կուլտուրայի» մարդկանց հետ կուլտուրական խոսել, փոխարենը մշակույթի գործիչների ու մշակութասեր հանրության հուշերում կմնա որպես մտավորական սերուցքին նվաստացնող, նրանց որպես իր ենթականեր որակող, եւ իհարկե` իր անհաջող ֆլամենկո պարով...

«Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին

Թեպետ, Ղարիբյանը անընդհատ բղավում էր ու մատնացույց անում, թե Օրբելյանը խախտումով է նշանակվել տնօրեն, մոռանում էր մի պարզ ճշմարտություն, որ ինքը լինելով երկքաղաքացի` իրավունք չուներ անգամ մեկ օր զբաղեցնելու մշակույթի փոխնախարարի առավել եւս նախարարի պարտականությունները կատարող: Ինչը խստորեն հակասում է ՀՀ օրենքին, բայց փաստորեն կառավարության ղեկավարի կողմից, մեղմ ասած, շրջանցվեց այդ փաստն, ու մշակույթի ոլորտի համար չարիք դարձած Ղարիբյանին գրեթե 6 ամիս բավական չէր թույլ տվեց այդ պաշտոնում մնալ, մի բան էլ` նրա վրա դրեց մշակույթը ոչնչացնելու «սուրբ» պարտականությունը, որը վերջինս գերազանց կատարեց:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА