ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ հայցերով է Կոնստանտին Օրբելյանը դատի տվել Նազենի Ղարիբյանին. Մանրամասներ

25.05.2019 10:58 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ հայցերով է Կոնստանտին Օրբելյանը դատի տվել Նազենի Ղարիբյանին. Մանրամասներ

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։ Լուրը «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց փաստաբան ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ու հստակեցրեց. «Դատարան ներկայացրել ենք երկու հայց, մեկը՝ վարչական դատարան, մյուսը՝ Երեւանի ընդհանրուր իրավասության դատարան»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ հայցերը ներկայացրել են երկու օր առաջ եւ արդեն հայցերը մակագրված են համապատասխան դատավորներին. «Բայց մակագրել դեռ չի նշանակում, որ մեր վարույթն ընդունվել կամ չի ընդունվել, դեռ ժամանակ կա: Այսինքն՝ հայցերը նոր ենք ներկայացրել, սպասում ենք վարույթն ընդունվի դատավորների կողմից: Վարույթն ընդունելու համար նախատեսված է 5 աշխատանքային օր, որից հետո որոշում կկայացվի եւ արդեն կնշանակվեն դատական նիստերը»:

«Որեւէ ստեղծագործող չի կարող լինել իմ ենթական». Արա Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեզ հետ զրույցում փաստաբանը նաեւ մանրամասնեց, թե ինչ պահանջով են երկու հայցով դիմել դատարան. «Ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայտադիմումը մի քանի պահանջ է ներառում՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը անվավեր ճանաչելը, այն հրամանը, որով պարոն Օրբելյանը աշխատանքից ազատվել էր: Ինչպես նաեւ պարապուրդի գումարի վճարումը եւ բնականաբար աշխատանքի վերականգնելը՝ թատրոնի տնօրենի պաշտոնում: Սա քաղաքացիական գործով մեր պահանջն է, իսկ վարչական գործով ներկայացված պահանջը վերաբերում է վարչապետի որոշումը անվավեր ճանաչելուն: Այն որոշումն է, որով տիկին Ղարիբյանը, այս տարվա հունվարին նշանակվել էր մշակույթի նախարարի պարտականությունները կատարող եւ արդեն, որպես վարչապետի որոշման անվավերության հետեւանք, կրկին անվավեր ճանաչել տիկին Ղարիբյանի հրամանը՝ Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3-ին` մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։

Իսկ արդեն այս տարի, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով, մարտի 28-ին Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, պատճառաբանելով, որ ըստ օրենքի Օրբելյանը չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար,  ինչպես նաեւ շեշտվում էր «Լեզվի մասին» օրենքը, ըստ որի Օրբելյանը պետք է տիրապետի հայերենին:

Ազատման հրամանից հետո հաջորդեցին օպերային թատրոնի աշխատակիցների բողոք-ակցիան ու մշակույթի գործիչների համախմբված աջակցությունը, ապա` պահանջ-նամակով ՀՀ վարչապետին ներկայացվեց Ն. Ղարիբյանի կողմից կայացված անհեթեթ որոշման չեղարկման եւ վերջինիս հրաժարականի պահանջը:

Սակայն, օպերային թատրոնի մի քանի աշխատակիցների իր նստավայրում ընդունելուց հետո Ն. Փաշինյանը շեշտել էր, որ իրեն ներկայացվել է 15 փաստ, ըստ որի, Ն.Ղարիբյանը Կ. Օրբելյանին ազատել է տնօրենի պաշտոնից: Ն. Փաշինյանը հանդիպման ընթացքում թատրոնի աշխատակցիներին խոստացել էր, որ եթե ներկայացրած այն հիմնական խնդիրները, որով էլ արդարացվում է Կ. Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու նազենիղարիբյանական փաստարկներից գոնե մի կետը կեղծ լինի, ապա ներկայացնողն անմիջապես կպատժվի`կազատվի աշխատանքից: Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը, պայմանավորվածության համաձայն, ի հակակշիռ Կ. Օրբելյանին պաշտոնանկ անելու փաստարկների` հենց հաջորդ օրը կառավարության ղեկավարին էր ուղարկել հակափաստարկների մի խումբ: Սակայն, Փաշինյանը խոստացել էր, բայց դեռ հանդիպելու որեւէ փորձ չի նախաձեռնվել, իսկ իրավական առումով իրեն աշխատանքից անհիմն ու անօրինական ազատումը Օրբելյանը կարող է բողոքարկել դատարանում 2 ամսվա ընթացքում: Այսինքն` այս ընթացքում որեւէ արձագանք չունենալով էլ Օրբելյանը դիմել է դատարան:

Այնուամենայնիվ, Նազենի Ղարիբյանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում, երեկ առավոտյան, երբ պարզ դարձավ, որ Կ. Օրբելյանը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին դատի է տվել, իսկ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ Նազենի Ղարիբյանն ընտրվել է օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ: Այդ փաստը բարկացրել է օպերային թատրոնի աշխատակիցներին, որոնք դեմ են Նազենի Ղարիբյանի նոր պաշտոնին եւ մայիսի 27-ին հայտարարել են աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА