ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՈԿԻՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ՞Ն

21.05.2019 22:00 ՍՊՈՐՏ
ՏՈԿԻՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ՞Ն

Սիրողական բռնցքամարտն Օլիմպիական խաղերի ցանկից հանելու հարցի քննարկումը հասել է վերջին փուլ: Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միջեւ բանակցությունների վերջին փուլը սկսվեցին երեկվանից, եւ երեւի վաղն ամեն ինչ պարզ կլինի՝ Լոզանում անցկացվելիք ՄՕԿ-ի Գործկոմի խորհրդի նիստում կհրապարակվի վերջնական որոշումը: «Ցանկանում ենք բռնցքամարտը պահպանել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրո՞ւմ: Այլ հարց է, թե արդյոք AIBA-ն կանցկացնի բռնցքամարտի մրցաշա՞րը, թե ստիպված կլինենք փնտրել այլ կազմակերպություն: Ամեն դեպքում, մարզական միջոցառման կազմակերպումը հրթիռաշինություն չէ, եւ մենք գլուխ կհանենք»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

Եվրոպայի չեմպիոն Արման Համբարյանը պատրաստվում է նոր մենամարտի. բացառիկ հարցազրույց

Մարզաձեւի պահպանումը օլիմպիական ծրագրում կարեւոր է նաեւ հայկական բռնցքամարտի համար, քանի որ վերջին տարիներին հայ բռնցքամարտիկները վերջապես կարողանում են լուրջ մրցակցություն ցուցաբերել ու իրատեսական հնարավորություններ ունեն` նվաճումների հասնելու Տոկիոյի օլիմպիական խաղերում: Հաջողությունների հասնելու հավակնորդներից մեկը Հովհաննես Բաչկովն է, ով շարունակում է իր պայքարը սիրողական բռնցքամարտում: Սանկտ Պետերբուրգում կայացած «Նահանգապետի գավաթի» խաղարկության եզրափակչում Բաչկովը հաղթել է ռուս Իլյա Պոպովին եւ նվաճել ոսկե մեդալ: Մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով եզրափակչում պարտվել է կուբացի բռնցքամարտիկին: Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալ են նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Իսկ մայիսի 23-ից հունիսի 2-ը Ռումինիայի Գալաց քաղաքում կկայանա ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Մեր պատանիների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: Ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի եւ մարզիչ Գեւորգ Կոստանդյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով: Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 46 կգ քաշային Խաչատուր Մանուկյանը, 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 50 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վարդգես Բաղդասարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 57 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Գոռ Մխիթարյանը, 63 կգ քաշային Կարապետ Բալագոզյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Կամո Բեգյանն ու գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը: Պատանի բռնցքամարտիկների արդյունքները դեռ զիջում են մեծահասակների գրանցած հաջողություններին, բայց մարզաձեւի ներսում կատարվող համակարգումներն ու բարեփոխումները արդեն իսկ որակական այլ բռնցքամարտ են խոստանում, որի նորաթուխ դրսեւորումներն արդեն տեսանելի են:

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА