ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.05.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ գլխավոր դատախազ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ բազում մեղքեր ունի, նորություն չէ: Բայց տվյալ դեպքում, նկատի ունենք ոչ թե ծառայամտությունը թավշյա ուզուրպատորների խունտայի հանդեպ, այլ այն, որ գլխավոր դատախազությունը զարմանալիորեն որոշեց ստանձնել գրաքննիչի դեր եւ մամուլին ցուցումներ տալ, թե ինչ կարելի է գրել, իսկ ինչը` ոչ: Նրանց հանրային կապերի բաժնի տարածած հայտարարությունում ահա կարդում ենք այսպիսի գլուխգործոց. «…Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլյացման փորձերը թույլ չտալուն եւ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ` մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ»: Ժուռնալիստների միությունը դատապարտել է այդ անթույլատրելի ոտնձգությունը, իսկ մենք զարմանքով կհարցադրենք` երիտասարդ, ինչո՞ւ ավագ գործընկերներիդ հետ չես խորհրդակցել, թե արդյոք կարելի է ԶԼՄ-ների դեմ դուրս գալ: Ինչեւէ, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը` մենք գրելու ենք ինչ ուզելու ենք, իսկ դու նստած կարդալու ես:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ նույն ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ դատի ընթացքում պարզվել է ոչ միայն այն, որ գործը ջուր է, այլ, որ ջրի շիշն էլ զենք է: Ինչքան էլ զարմանալի լինի, տխրահռչակ Վարդգես Գասպարիի շառով քննիչը միջնորդություն էր ներկայացրել` կալանավորելու 5TV հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին` զենքի գործադրմամբ Գասպարիին վնասվածք հասցնելու համար: Եվ որպես զենք նշված էր ջրի պլաստիկե շիշը: Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, տանն ինչքան պլաստիկե շիշ ունեք` հավաքեք եւ ինքնակամ հանձնեք ոստիկանություն, որպես զենք: Ինչեւէ, այդ զարմանալի պատմությունից ելնելով, արդեն սկսել էինք մտորել, թե ինչպես անենք, որ Վարդավառին ազգովի չկալանավորվենք, սակայն դատարանը կալանքի միջնորդությունն ուղարկեց գրողի ծոցը:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց հարկ է նշել, որ լրիվ ջուր էր եւ մեր ժպտերեսիկ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Նիկոլի հակասահմանադրական եւ հույժ վտանգավոր գործողությունների առնչությամբ: Թեեւ մաշտոցատառ էր գրված, բայց չէր լինում հասկանալ` ողջունո՞ւմ, թե` դատապարտում է հակասահմանադրական քայլը: Ինչպես ընդունված է ասել` հայերենի համար սեղմեք մեկ: Բայց մեզ զարմացրեց եւ մոտավորապես նույն հարցով ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ հայտնած դիրքորոշումը. «Սա պահանջում է վճռականություն, զգոնություն եւ կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»: Տո, այ ձեր հոգուն ղուրբան, դուք էլ հո Արմեն Սարգսյանը չե՞ք...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА