ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՄԽ-Ի ԾՐԱԳԻՐԸ, ԹԵ՝ ՈՉ. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

14.05.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՄԽ-Ի ԾՐԱԳԻՐԸ, ԹԵ՝ ՈՉ. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Վերջին շաբաթներին Բաքուն փորձում է ցույց տալ, որ արցախյան բանակցությունների ներկայիս ընթացքն իրեն սկսում է նյարդայնացնել: Իրականո՞ւմ է Բաքուն նյարդայնանում, թե՞ այդ քայլերը տակտիկական քայլեր են, դեռ պետք է հասկանալ: Սակայն այն, որ զուգահեռաբար լարվում է սահմանային իրավիճակը, օրերս խոստովանեց անգամ Փաշինյանը:

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՐԴ ԽՆԴԻՐՆ ԱՌԱՋ ՏԱՆՈՂԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԼԻՆԵԼ

 

 

ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՖԵՐԻՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Միաժամանակ Բաքուն, նյարդայնություն ցուցաբերելով, բացահայտ խոսելով, որ կարող է բանակցությունների փոխարեն անցնել իր հարցերը պատերազմով լուծելու տարբերակին, այս ամենի տակ մեկ բավականին խորամանկ քայլ է դնում: Օրինակ` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան օրերս, հերթական երկար-բարակ մեղադրական ճառ հնչեցնելով Հայաստանի հասցեին, հասավ նման մտքի. «Իրադարձությունների հետագա հնարավոր զարգացման հետ կապված ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ղեկավարության վրա»: Եվ սա վերջին ժամանակներում միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանի տարաբնույթ ներկայացուցիչներ նույն թեզն են առաջ տանում՝ «ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ղեկավարության վրա»: Մի կողմից, իհարկե, սա կարելի է համարել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տրյուկը: Բայց մյուս կողմից, նման հռետորաբանությունն ավելի յուրահատուկ է, այսպես ասենք, ռազմադիվանագիտական լեզվին, առավել եւս, որ Բաքուն այն կապում է մեղադրանքների հետ, թե՝ «Հայաստանը պետք է կառուցողական մասնակցություն ունենա բանակցային գործընթացին՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար»:

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԱԿՆԿԱԼ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ

Միացնելով այս մտքերը, ստանում ենք, որ Բաքուն ակտիվորեն փորձում է այս մեսիջը հղել. «Հայաստանը բանակցություններում կառուցողական մոտեցում չունի եւ եթե շարունակի այդպես, ապա հետեւանքների ողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ղեկավարության վրա»: Իսկ թե որն է հետեւանքը, պարզ է: Իհարկե, կարելի է նաեւ հասկանալ, թե ինչն է Բաքվին նման հռետորաբանություն ծավալելու հիմք հանդիսացել: Գաղտնիք չէ, որ ինչպես Մինսկի խումբը, այնպես էլ ՄԽ համանախագահներից առնվազն ՌԴ-ն, մասամբ էլ՝ ԱՄՆ-ն, ցույց տալով, որ կա հակամարտության կարգավորման բանակցային հստակ ծրագիր, փորձում են ակտիվացնել այդ գործընթացը: Բաքուն այս ընթացքում, մի կողմից հրապարակավ շարունակելով կարգավորման իր պատկերացումները համառորեն առաջ տանել, մյուս կողմից էլ ցույց է տալիս, որ կընդունի ՄԽ-ի ծրագիրը: Ավելին, խոսակցություններ կան, որ ՌԴ-ն ՄԽ-ից մի փոքր տարբերվող իր մոտեցումներն ունի, եւ ԱԳ նախարարների մոսկովյան հայտնի հանդիպումից հետո Մամեդյարովը ցուցադրաբար ակնարկում էր, որ այդ տարբերակն էլ իրենք համարում են առաջընթաց: Իսկ ահա Փաշինյանը իր վերջին ասուլիսում միանգամայն համառ միտք հնչեցրեց, թե որեւէ ռեալ բանակցային ծրագիր էլ այս պահին չկա, չնայելով անգամ նրան, որ ՄԽ-ն անգամ հրապարակավ ոչ միայն ծրագրի առկայության փաստը ներկայացրեց, այլ նաեւ բացեց դրա հիմնական թեզերը: Եվ բնական է, որ Բաքուն անմիջապես փորձեց օգտվել առիթից՝ սկսելով աստիճանաբար զարգացող քարոզչություն՝ մոտավորապես նման տեսլականի ուղղությամբ. «Մենք կողմ ենք բոլոր առաջարկներին, իսկ Փաշինյանն անգամ չի ընդունում, որ կան առաջարկներ, այսինքն՝ դեմ է»: Իսկ ահա ՄԽ-ի եւ համանախագահ երկրների, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ կուլիսային քննարկումներում դա կարող է այս ուղղությամբ զարգանալ. «Մեզ առաջարկեցիք, եւ մենք ընդունեցինք խաղի կանոնները: Դե հիմա հասեք նրան, որ Փաշինյանն էլ «կառուցողական մասնակցություն ունենա բանակցային գործընթացին»: Եթե ոչ, ուրեմն նա կդառնա բանակցությունները տապալող, պատասխանատվությունը նրա վրա կմնա, եւ մեր ձեռքերն էլ ազատ կլինեն»:

ՌԴ-ում Հայաստանի համարներով մեքենայի մասնակցությամբ զանգվածային ավտովթար է տեղի ունեցել

 

«ԱՅՈ», ԹԵ՝ «ՈՉ»

Իհարկե, դա չի նշանակում, որ Ադրբեջանն անմիջապես կվազի պատերազմելու: Նման ռազմավարության նախնական նպատակը համանախագահ երկրների ճնշումները Հայաստանի ուղղությամբ սրելն է: Այսինքն՝ նրանք հենց Հայաստանից են սպասելու այս հարցի պատասխանը՝ վերջապես ընդունո՞ւմ, թե մերժում ենք օրակարգում գտնվող ծրագիրը՝ դրանից բխող մնացած հետեւանքներով հանդերձ: Իհարկե, կարելի է նաեւ նկատել, որ մեր ԱԳՆ-ն փորձում է գնդակը մեր դաշտում չմնալու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Օրինակ, զինադադարի 25-ամյակին նվիրված ՀՀ ԱՀՆ հայտարարության մեջ նկատվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններին վերադառնալու ձգտում. «Հատուկ միջոցները, մասնավորապես 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն»: Մինչդեռ իրողությունն այն է, որ Դուշանբեի «վերելակային» պայմանավորվածությունները, ինչպես որ ժամանակին ահազանգում էինք, գործնականում օրակարգից դուրս թողեցին Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, հետագա մի շարք համատեղ հայտարարություններում այդ մասին խոսք անգամ չեղավ: Իհարկե, կարելի է նաեւ ասել, որ երբ գործող իշխանությունները փորձում են վերադառնալ նախկին «հանցավոր ռեժիմի» ռազմավարական այդ կարեւորագույն ձեռքբերմանը, դա արդեն իսկ նշանակում է, որ սեփական ոչ պրոֆեսիոնալ փորձարկումներում այնքան են խճճվել, որ այլ տարբերակ պարզապես չեն տեսնում: Սակայն սխալն արդեն թույլ է տրված, եւ դժվար է հավատալ, որ հնարավոր կլինի երկրորդ շունչ տալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին եւ դրանք դարձնել բանակցությունները սառեցնելու տակտիկական մեխանիզմ՝ քանի դեռ Բաքուն կյանքի չի կոչել այդ պայմանավորվածությունները: Նախ՝ դրանց փոխարինելու եկավ բոլորի կողմից դրական գնահատական ստացած Դուշանբեի պայմանավորվածությունները: Ապա, հենց մեր վարչապետն է քանիցս ոգեւորված հայտարարել, թե Դուշանբեի իր այդ «մեծագույն ձեռքբերումը» էապես նվազեցրել է սահմանային լարվածությունը: Եվ հիմա բանակցային մյուս կողմերն այդ ամենը նրա դեմն են դնելու. «Եթե ունենք իրավիճակը լիցքաթափող մի մեխանիզմ, որը ձեր իսկ գնահատմամբ շատ լավ աշխատում է, ընթացիկ խնդիրներն էլ կարող եք Բաքվի հետ օպերատիվ կապի միջոցով հարթել, էլ ո՞րն է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մեխանիզմներին վերադառնալու իմաստը, երբ դրանք այդպես էլ չաշխատեցին»:

«ԵԹԵ ՄԵՆՔ ԿՈՐՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ, ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԵՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Իսկ եթե այս ռազմավարությունը չգործի, ապա այսօր-վաղը պետք է վերջնական պատասխան տալ՝ ընդունո՞ւմ ենք կարգավորման օրակարգային մեխանիզմը, թե՝ ոչ: «Այո» պատասխանը բավականին սուր զարգացումներ էխոստանում: Հիշեցնենք՝ ՄԽ-ի հայտնի ծրագիրը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ, եւ այդ, առանց Ստեփանակերտի հետ համաձայնեցնելու, Փաշինյանը պարզապես չի կարող դրական պատասխան տալ: Ենթադրենք, ասում ես՝ «այո», իսկ Պաշտպանության բանակը հրաժարվում է անգամ մեկ մետր ետ քաշվել, ի՞նչ կարող է անել Փաշինյանը: Մինչդեռ արցախյան տեսանելի տրամադրությունները հուշում են, որ Արցախը հենց այդպես էլ կվարվի: Նախ, հիշենք Ստեփանակերտի Անվտանգության խորհրդի հայտնի նիստը, որտեղ Փաշինյանը խոսում էր ՄԽ-ի 6 սկզբունքներից, իսկ Բակո Սահակյանը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման վրա շեշտը դնելուց: Խորքային առումով նաեւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին Արցախի գործող եւ նախկին նախագահի հայտնի հայտարարությունն էր նման տրամադրությունների մասին ակնարկ, առավել եւս, երբ այդ հայտարարությունը հնչեց հրապարակավ եւ ոչ թե Փաշինյանի հետ դեմ առ դեմ զրուցելու միջոցով: Վերջապես, այդ մասին է ակնարկում Փաշինյանի Արցախ կատարած վերջին այցը, որն այն աստիճան նյարդային ստացվեց, որ նա չդիմացավ՝ սկսելով խոսել արցախյան հակահեղափոխականներից: Ընդ որում, այդ տոնայնությունը Հայաստանում եւս բուռն քննադատական արձագանք ստացավ, ինչը հուշում է, որ առանց Արցախի համաձայնության՝ բանակցային «այո» պատասխանը ներհայաստանյան հարթակում եւս բուռն կրքեր կառաջացնի, եւ այս իրողությունը, բնական է, Փաշինյանը եւս չի կարող աչքաթող անելԱյսինքն, եթե Արցախում իրավիճակի գնահատականը չփոխվի, դժվար է ասել, թե բանակցային գործընթացն ինչ հուն կմտնի: Ընդ որում, գնահատականի փոփոխությունը կախված չէ միայն պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումներից: Դեռ իր դիրքերում է ազատամարտի հին ու հեղինակավոր կազմը, այսինքն, հենց այստեղ է, որ պետք է տրամադրությունների փոփոխություն լինի, եւ դժվար չէ կռահել, որ անգամ բանակում չծառայած Փաշինյանը հազիվ թե կարողանա այդ կազմի հետ անձամբ լեզու գտնել: «Ոչ»-ի դեպքում է, որ Բաքուն ակտիվորեն առաջ կտանի իր հիշատակած սցենարը. «Իրադարձությունների հետագա հնարավոր զարգացման հետ կապված ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ղեկավարության վրա»: Իհարկե, սա էլ դեռ պատերազմ չի նշանակում: Սակայն չմոռանանք, որ վերջին ժամանակներս տարածաշրջանային ընդհանուր մթնոլորտը լուրջ սրացումների հունի մեջ է: Նկատի ունենք Իրանի շուրջ իրավիճակը, որտեղ արդեն ԱՄՆ-ի հետ պատերազմական սպառնալիքները մտել են ամենօրյա ռեժիմի փուլ: Իհարկե, քիչ հավանական տարբերակ է, որ իրականում վիճակը կհասնի պատերազմի. դա կդառնա Երրորդ աշխարհամարտ: Սակայն այս լարվածությունն Ադրբեջանի համար առիթից օգտվելու հրապուրանք կարող է առաջացնել:

ՄԻԱՅՆ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ԱՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА