ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանցիները 25 տարի վերելակների համար գումար պետք է տրամադրեն

13.05.2019 17:20 ԹԵՄԱ
Երեւանցիները 25 տարի վերելակների համար գումար պետք է տրամադրեն

Երեւանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման եւ բարելավման քաղաքապետարանի ծրագիրն ավարտական փուլում է: Քաղաքային իշխանությունն առաջիկա օրերին կդիմի կառավարություն` համապատասխան ֆինանսական մոդելի հաստատման նպատակով, որովհետեւ ծրագրի իրագործումը պահանջում է մեծ ծախսեր:

Ոստիկանների պարգևատրումների համար գումարները կավելացվեն․ կներդրվի միասնական համակարգ

Այս տեղեկությունն այսօր հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը` լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով, մայրաքաղաքի գրեթե 3 600 վերելակների փոխարինման համար հարկավոր է լինելու 30 միլիարդ դրամ, ինչի հնարավորությունը Երեւանի բյուջեն չունի: Համայնքային բյուջեի սեփական մուտքերի ամբողջ ծավալը 2019 թվականի համար կազմում է 31 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ եթե համանքը որոշի այս ծրագիրն իրականացնել ինքնուրույն, ապա որեւէ այլ ծախս չպետք է անի:

Քաղաքապետարանը կդիմի կառավարություն, որպեսզի վերելակների փոխարինման ծրագիրն իրականացվի ինչպես պետական բյուջեի աջակցությամբ, այնպես էլ լրացուցիչ միջոցների ներգրավմամբ` փոխառու, վարկային ու դրամաշնորհային միջոցներ:

Նախատեսվում է նաեւ, որ բնակիչները 20-25 տարվա ընթացքում փոխհատուցելու են վերելակների նորացման համար ծախսված գումարները: «Օրինակ միջին հաշվարկով միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար այժմ ամսական վճարում է շուրջ 1600 դրամ: Որեւէ ալգորիթմ, որեւէ տրամաբանություն բացահայտված չէ, թե ինչու մի շենքի մի մուտքում նույնատիպ վերելակի սպասարկման ծառայությունը քաղաքացու համար արժենում է 1 000 դրամ, մեկ այլ շենքում նույն հարկայնության դեպքում արժենում է 4 հազար: Այս սպասարկման վճարները իրականացվում են համատիրությունների կողմից հավաքագրմամբ, ուստի տրամաբանությունը շատ դժվար է հիմնավորել: Այդ նպատակով դիտարկել ենք միջինացված հաշվարկ: Եվ այսօրվա այդ միջինացված 1 600 դրամը  կարող է ավելանալ ոչ ավելի, քան 20-30 տոկոսով»,- նոր վերելակների համար ամսական վճարի հնարավոր չափը նշեց Հայկ Սարգսյանը: Ծրագրի իրագործումից հետո ծախսերի փոխհատուցում է նախատեսվում նաեւ խնայված էլետրաէներգիայի հաշվին, որվհետեւ նոր վերելակները առավել քիչ հոսանքով են աշխատելու:

Երեւանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում են ավելի քան 40 տարի, այնինչ նրանք պետք է դադարեին գործել 25 տարի հետո:

Արտակարգ իրավիճակի նախարարությունը միառժամանակ առաջ իրականացրել է շուրջ 1100 վերելակների տեխնիկական գնահատում ու պարզել, որ դրանց 31-ը ենթակա չէ շահագործման, ու կազմել է խոտանման ակտեր: Բայց հետագայում այդ վերելակները նորից միացվել են: Այժմ, ըստ Սարգսյանի, աշխատում են խիստ հսկողությամբ: Սպասվում է, որ շահագործումից հանվելու ենթակա վերելակների թիվը կավելանա մնացած մասի ուսումնասիրության արդյունքում:

Նախորդ վեց տարիներին` 2012-2018 թթ., վերելակների վթարների հետեւանքով զոհվել է 6 մարդ, 5-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА