ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արշակ սրբազանը՝ Ռ. Քոչարյանի բացառիկ հումորի եւ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին (Տեսանյութ)

12.05.2019 23:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արշակ սրբազանը՝ Ռ. Քոչարյանի բացառիկ հումորի եւ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին (Տեսանյութ)

Կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ներկա էին բազմաթիվ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ եւ համախոհներ, ինչպես նաեւ ընտանիքի անդամներն ու հարազատները:  Շնորհանդեսին խոսքով հանդես եկավ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նա նախ նշեց, որ շնորհանդեսը առաջին հերթին հնարավորություն է  վերաբերմունք արտահայտելու ՀՀ երկորրդ նախագահի անձի եւ իր գործունեության նկատմամբ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը

«Այս առումով ուզում եմ խոստովանել, որ տակավին գիրքը չեմ կարդացել, բայց դա ինձ չի խանգարում, որպեսզի իմ որոշ մտածումներ արտահայտեմ՝ ելնելով այն իրողությունից, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարության ընթացքում եւ թե դրան հաջորդած ժամանակահատվածում տարբեր առիթներ ունեցել եմ հանդիպելու, զրուցելու պարոն Քոչարյանի հետ: Իհարկե, հակասական զգացումներ կան յուրաքանչյուրիս մեջ էլ այս պահին, որ գրքի շնորհանդեսին պարոն Քոչարյանը մեզ հայտնի պատճառներով մասնակից չէ: Բայց կարծում եմ՝ դա եւս որոշակի խորհուրդ ունի իր մեջ՝ այն առումով որ մտքերդ կարողանում ես արտահայտել ավելի ազատությամբ՝ առանց մտավախություն ունենալու, որ կարող ես իր համեստությունը դույզն-ինչ վիրավորել», - նշեց Արշակ սրբազանը եւ հավելեց, որ  նախագահ Քոչարյանին ճանաչել է, երեւի, ոչ պակաս, քան 20 տարի, ապա խոսեց նրա գործունեության մասին՝ թե՛ որպես նախագահ, եւ թե՛ որպես անձ:

«Իբրեւ նախագահ՝ իմ ունեցած տպավորություններն իրենից  այն էր, որ նա չափազանց սկզբունքային է, հետեւողական, նպատակասլաց: Մարդու գնահատման համար մենք՝ եկեղեցականներս, փոքր-ինչ հավանաբար այլ մոտեցում ունենք: Մենք հատկապես նկատի ենք ունենում, թե անձն ինչ դիրքորոշում ունի եկեղեցու նկատմամբ, եւ սա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ մենք ներկայացնում ենք եկեղեցին կամ եկեղեցին մի հաստատություն է, որտեղ արտահայտված է մեր, այսպես ասած, «մարդկային շահերը», այլ եկեղեցին ընկալում ենք, որպես մի հաստատություն, որն արտահայտում է ազգային, ավանդական, հոգեւոր արժեքների այն ամբողջությունը, որը պատվանդան է եղել ազգի գոյատեւման համար: Եկեղեցին ընտանիքն է, միջանձնային հարաբերություններն  են, եկեղեցին ավանդական բարոյականությունն է, դպրոցն է: Եվ այն դպրոցը, այն ընտանիքը, որը կառուցված է եկեղեցու կողմից դավանված արժեքների վրա, չի կարող արդյունավետ չլինել: Եվ այս առումով՝ ցանկանում եմ արձանագրել ընդամենը երկու փաստ. առաջինը՝ նախագահ Ռոբերևտ Քոչարյանի օրոք էր, որ Սահմանադրության մեջ որոշակիորեն արտահայտվեց պետության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ՝ այն արձանագրելով որպես ազգային հաստատություն՝ հաշվի առնելով եկեղեցու բացառիկ դերակատարությունը հոգեւոր, մշակութային ինքնության պահպանման գործում: Երկրորդը՝ նախագահ Քոչարյանի պաշտոնավարության շրջանում էր, որ հայ եկեղեցու պատմություն առարկան ներդրվեց հանրակրթական դպրոցներում, որպեսզի մեր երեխաները հնարավորություն ունենան ծանոթանալ եկեղեցու դավանած արժեքներին՝ թե՛ բարոյական, թե՛ հոգեւոր, թե՛ ազգային, որը կարծում եմ՝ կհամնաձայնեք այն միակ ամուր երաշխիքն է, որով մեր ազգը կարող է գոյատեւել», - շեշտեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը:

Արշակ սրբազանը, որպես անձ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին՝ մտաբերեց, որ բացի սկզբունքայնությունից, նպատակասլացությունից, չափազանց տպավորված է եղել ՀՀ երկրորդ նախագահի բացառիկ հումորով. «Եվ այս առումով կուզեմ մի դեպք պատմել. երբ հերթական անգամ նախագահ Քոչարյանը մասնակցում էր Զատկական Սուրբ Պատարագին, պատարագից հետո՝ քանի որ Վեհափառն էր պատարագիչը, ինձ պատիվ ընծայվեց ուղեկցելու նախագահ Քոչարյանին դեպի վեհարան: Եվ երբ վեհարանում սպասում էինք, այս ընթացքում մինչեւ հայրապետական թափորը կմոտենար, հարցրեցի՝ սուրճ կկամենա՞ք, թե՝ թեյ, ասաց. «Դու ի՞նչ կնախընտրես»: Պատասխանեցի՝ երեւի, թեյ, հետո զրույցը ինչ-որ ձեւով շարունակելու նպատակով, ասացի՝ գիտե՞ք, անցյալ օրը այսպիսի բան կարդացի, պարոն նախագահ, որ թեյը Չինաստանում առաջացել է հետեւյալ կերպ. իրենց իշխանավորներից կամ կայսրերից մեկը նստած է եղել այգում, ջուր է խմել եւ պատահաբար թեյի թուփը հայտնվել է բաժակի մեջ: Խմելուց հետո՝ մարդը տեսել է, որ շատ համեղ է, եւ այս դեպքը համարվել է թեյի գյուտը: Ինքն ինձ ասաց. «Լսիր, բախտներս շատ է բերել, եթե այդ թուփը մի քիչ այն կողմ ընկներ, մենք մինչեւ հիմա եռման ջուր էինք խմելու»:  Այսպիսի բազմաթիվ դրվագներ կան, ես ուղղակի տպավորված եմ եղել իր հումորով»:

​​​​​​​«Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ». Ռոբերտ Քոչարյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի հիման վրա նկարահանված տեսաֆիլմին, որը ցուցադրվեց շնորհանդեսի ժամանակ. «Ֆիլմի մեջ արձանագրվեց մի ճշմարտություն, որ չափազանց դժվար է ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվություն վերցնել: Իհարկե, ոչ ոք չի կարող վիճել այս իրականության հետ, բայց մի ճշմարտություն եւս կա, այդպիսի դժվար իրավիճակներում պատասխանատվություն վերցնելու ժամանակ մրցակիցներ չես ունենում, առավելությունը դա է: Մրցակիցները հայտնվում են այն ժամանակ, երբ հաջողություններ են լինում, եւ դափնիները կիսելու ժամանակն է լինում: Աստված թող մեզ խնայի այդպիսի ճգնաժամային իրավիճակներց, բայց, այնուամենայնիվ, այդպիսի իրավիճակներում պատասխանատվություն վերցնում են միայն բացառիկ քաջարի մարդիկ»:

Եզրափակելով խոսքը՝ Արշակ սրբազանն ընդգծեց. «Որպես քրիստոնեաներ, հավատում ենք, որ այս երկրավոր կյանքը հավիտենության մեջ ընդամենը մեկ ակնթարթ է: Հազարավոր տարիներ հետո՝ ոչ մի նշանակություն չի ունենալու, թե այս պահին մեզնից ով է գտնվում ազատության մեջ, ով՝ անազատության մեջ: Յուրաքանչյուրս էլ, ինչպես Սուրբ գիրքը կասեր, ամենայն երկրի ճանապարհը բռնող ենք, եւ ըստ էության, յուրաքանչյուրս մի առիթով մեկնելու ենք, ու այդ ճամփան բռնելու ենք՝ մեկս արկածից է գնալու, մյուսը՝ կաթվածից, մեկը՝ ազատության, մյուսը՝ անազատության մեջ: Պարզապես կարեւորը, որպես քրիստոնեաներ, այն է, թե Աստված ինչպես է ընդունելու մեզ եւ երկրորդ՝ պատմությունը ինչպես է պահելու մեր անունը: Կարծում եմ՝ ժամանակը եւ ժամանակի մեջ մարդիկ ամեն ինչ իր տեղը կգցի: Մարդկային կյանքի եւ գործունեության ամենից օբյեկտիվ, ամենից առարկայական գնահատողը ժամանակն է եւ պատմությունը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА