ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՈՒՄԲՈՒ-ԼՅՈՒՄԲՈՒ «ՄԵՐ ԼՈՆՔԸ», ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 6

10.05.2019 21:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՏՈՒՄԲՈՒ-ԼՅՈՒՄԲՈՒ «ՄԵՐ ԼՈՆՔԸ», ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 6

Բարեւ ձեզ, մեր սիրելի հու-հուներ ջան: Մեր գերագույն գլխավոր վոժդըՆորին Գերազանցություն Հու-հու-դըմփ Առաջինը եւ Միակը փոխանցում է ձեզ, որ չի մոռացել, որ սիրում է ձեզ բոլորիդ, հատկապես` «Մեր լոնքը» ցեղախմբի անդամներիդ: Բայց նա բարկանում է, որ մեր շարքերը կամաց-կամաց կրճատվում են, եւ դա տեղի է ունենում մի շարք դժգոհ հու-հուների պատճառով, որոնց մտքերի մեջ մտել եւ դուրս չի գալիս աղքատությունը, եւ որոնք հին վոժդից  բանան եւ եղնիկի միս են վերցրել, որպեսզի լինեն աղքատ, ոչ երջանիկ ու ոչ հպարտ, ու չտեսնեն, թե ինչեր է անում ձեզ համար մեր  ամենախելացի, ամենագրագետ, ամենատաղանդավոր, ամենախորաթափանց առաջնորդ Հու-հու-դըմփ Առաջինը:Այն օդը, որ դուք շնչում եք, արդեն նույն օդը չէ, ինչ առաջ էր, այն հպարտության եւ երջանկության  օդ է: Ծառերը, որոնք ծաղկում են, այլեւս ծաղկում են որպես ազատ ծառեր, իսկ տերեւները, որ բողբոջում են, այլեւս երջանկության ու հպարտության տերեւներ են: Եվ դուք պետք է նայեք ոչ թե չորացած կամ սխալ էտած ծառերին, այլ այն ծառերին, որոնց մեր քաղաքապետ Մարութա Ապուշայի ձեռքը չի հասել, եւ նրանք  հեղափոխական տերեւներ են տվել: Բոլորն նրանք, ովքեր ասում են, թե Հու-հու-դըմփ Առաջինըմեր արդարագույն վոժդը, ձեզ խոստացել էր ավելի շատ բանան տար, ստախոսներ եւ զրպարտիչներ են, որոնք հին վոժդից  ցուցում են ստացել: Մեր ամենաազնիվ վոժդը իր բոլոր խոստումները կատարել է եւ հանուն ձեզ նույնիսկ ներկայացել է դատարան, սահմանել է «Հու-հույի» օր  եւ կանգ է առել կարմիր լույսի տակ: Իսկ որոշ  երախտամոռ հու-հուներ այլեւս չեն ուզում հանգիստ նստել տեղները եւ չեն գնահատում, որ մեր վոժդը ոչ մի հու-հուի հետ փայ չի մտնում: Ձեզ համար ստեղծված են հարուստ եւ երջանիկ ապրելու բոլոր պայմանները: Դուք կարող եք ազատորեն ընտրել մեր վոժդին եւ քանի անգամ ուզում եք, այդքան անգամ կարող եք ընտրել մեր վոժդին: Կա՞ մեկը, որ ասի մեր վոժդին «ոչ». չկա, որովհետեւ, ով որ ասի մեր վոժդին «ոչ», մենք նրան կնետենք վանդակի մեջ, որովհետեւ նա բանանի եւ եղնիկի մսի դիմաց է այդ «ոչ»-ը ասում: Դուք հիմա պետք է հանգիստ նստեք ձեր տեղները եւ սկսեք մտածել` ինչպես ձեր գլուխներից հանեք աղքատությունը եւ, ինքներդ ձեզ համոզելով, կրկնեք. «Ես երջանիկ եմ, ես հպարտ եմ, ես հարուստ եմ, ես կուշտ եմ» բառերը: Այնքան պետք է կրկնեք, մինչեւ ինքներդ հավատաք դրան: Եթե մեր  ամենահանճարեղ վոժդը` Հու-հու-դըմփ Առաջինը, ու Աննմանը, կարողացել է փոխել անշունչ առարկաների էությունը, ապա դուք պարտավոր եք նույնպես փոխվել: Տեսե՛ք, եթե նախկինում հին վոժդի կողմից  տեղադրված արագաչափերը այն գործիքներն էին, որով ձեզնից տուգանքներ էին գանձվում, ապա այսօր այդ նույն արագաչափերը դարձել են հեղափոխական, եւ շատ հու-հուներ գալիս են եւ խնդրում, որպեսզի ինքնակամ նկարվեն արագաչափերի մոտ եւ մուծեն հեղափոխական տուգանքները: Կան այնպիսի անշնորհակալ հու-հուներ, ովքեր ասում են, թե  բանանի գները թանկացել են: Հաշվի չառնելով, որ սրանք ոչ թե հին, մոնոպոլիստական, այլ նոր, հեղափոխական բանաններ են: Բացի դրանից, մեր  իմաստնագույն վոժդը կոչ արեց ձեզ  ուտել կուկուռուզ: Կուկուռուզը բանանի նման է: Եվ եթե հնարավորություն չունեք առնեք բանան, առեք կուկուռուզ, բայց ձեզ համոզեք, որ ուտում եք բանան եւ եղեք երջանիկ: Դա արվում է ձեր իսկ առողջության համար, քանի որ  ամենահոգատար վոժդը մտածում է ձեր մասին, եւ մեր վոժդի գլխավոր սնխչի` Թորոս Գարդասիլի խորհրդով հայտնաբերել է, որ շատ բանան ուտելը ազդում է հու-հուների սեռական կարողությունների վրա: Մեր հանճարեղագույն վոժդը նաեւ մեծ հայտնագործություն է արել: Նա պարզել է, որ այն ընտանիքները, որ դուք ավանդական կերպով կազմել եք եւ որոնցում ունեցել եք երեխաներ, սխալ ընտանիքներ են, մթության ու անգիտության խավարի մեջ խարխափող, քանի որ դուք մինչ այդ համապատասխան գրքեր չէիք կարդացել: Նա որոշել է ձեզ մանրամասն սովորեցնել` ինչպես անցկացնել ամուսնական առաջին գիշերը: Հանգիստ, առանց ավելորդ շարժումների, նստեք տեղներդ եւ սովորեք իմաստասեր Հու-հու-դըմփից` ինչպես է պետք անցկացնել առաջին ամուսնական գիշերը, որ բանը բանից չանցնի: Իսկ ով որ առանց իմաստասեր Հու-հու-դըմփի խորհուրդների արդեն անց է կացրել այդ ամուսնական առաջին գիշերը` սխալ ձեւով, առանց դրա մասին գիրք կարդալու, պետք է բաժանվեն եւ գիրք կարդալուց հետո կրկին անցկացնեն այդ առաջին գիշերը, որից հետո թարմ տպավորություններով շնորհակալական նամակներ գրեն վոժդին: Ընդ որում, ողջ գիշերվա ընթացքում գիրքը պետք է լինի  ամուսնական զույգի ձեռքերում` երկու օրինակով: Նրանք, ովքեր կկարդան գիրքը, բայց չեն հասկանա, մասնագիտական օգնություն ստանալու համար պետք է դիմեն մեր ցեղի Սոցապնախարարություն: Այդտեղ կան սեքսի ուժեղ մասնագետներ, որոնք ձեզ կներկայացնեն որոշ մանրամասներ, ձեւեր, որպեսզի  հետագայում  ձեզանից 90 տոկոսը չդառնա իմպոտենտ: Կան որոշ անգիտակից եւ հին մտածողություն ունեցող հու-հուներ, ովքեր դժգոհում են նրանից, որ որոշ նոր մտածելակերպ ունեցող հու-հուներ հեղափոխական ընտանիքներ են կազմել կապիկների հետ: Բայց մեր լայնախոհ վոժդը  ասում է, որ եթե հու-հուն կարողանում է բարձր գոռալ «հու-հու», փչել վուվուզել, ճիշտ ժամանակին ծափ տալ եւ երկար քայլել, ապա նա ճշմարիտ հու-հու է, անկախ նրանից, թե ում հետ է ընտանիք կազմել: Եվ մյուս հու-հուները իրավունք չունեն այդպիսի ժամանակակից ու առաջադեմ հեղափոխական հու-հուներին թարս աչքով նայելու: Մի խոսքով, սիրելի հու-հուներ ջան: Դուք ոնց որ թե սկսում եք համը հանել: Նորից ենք ձեզ կրկնում, հանգիստ նստեք տեղներդ, եթե չեք ուզում դառնալ իմպոտենտ:

Տումբու-Լյումբու «Մեր լոնքը»` հաղորդագրություն 6

Կեցցե՜նք մենք, «Մեր լոնքը» ցեղախմբի հու-հուներս, կեցցե՜ մեր առաջնորդ Հու-հու-դըմփ Առաջինը:

ՔԱՂԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА