ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ունքը շտկելու փոխարեն աչքն է վնասվելու. Սեքսոպաթոլոգ

07.05.2019 21:57 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ունքը շտկելու փոխարեն աչքն է վնասվելու. Սեքսոպաթոլոգ

Մի քանի օր համացանցում բուռն քննարկման առարկա դարձած սեռական դաստիարկությանն առնչվող գրքի տապալման թեմայի մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:  

Սեռական դաստիարակությունը՝ ազգային անվտանգության խնդիր

«Անցած օրերին սոցիալական ցանցերում գրքույկի և վերոնշյալ իրադարձության առնչությամբ ծավալված թեժ քննարկումից, բուռն բանավեճերից, ինչպես նաև պատշաճության բոլոր սահմաններն անցնող, հաճախ հայհոյանքներով և այլ վիրավորանքներով ուղեկցվող «փոխհրաձգություններից» պարզ երևում էր, որ վերոնշյալ գրքույկի ստեղծումը ձախողված փորձ էր։ Ընդհանրապես, նմանատիպ ձեռնարկների, նյութերի անզգույշ և համառ տարածումը վտանգավոր է հանրության համար՝ հատկապես երեխաների, պատանիների և դեռահասների: Պե՞տք է, որ ծնողները երեխաներին օգնեն, որ որոշակի պատկերացում ունենան իրենց մարմնի, ամոթալի-անամոթալի մասերի, օտարների սեռական ոտնձգությունից  խուսափելու վերաբերյալ:  Պե՛տք է: Բայց ո՛չ այս կերպ», - պարզաբանում է սեքսոպաթոլոգը: 

Նրա  խոսքով` սեռական դաստիարակությանն առնչվող ձեռնարկներ հրատարակելու համար կան պետական համապատասխան հաստատություններ։ Կան հատուկ մասնագետներ։ 

«Այդ գործով թող զբաղվեն վստահելի մարդիկ, ազգային արժեքների, հանրային բարոյականության  նկատմամբ հարգանք ունեցող մասնագետներ, պրոֆեսիոնալ մանկավարժներ, բժիշկներ ու հոգեբաններ։ Բացի այդ, ցանկացած նմանատիպ գրականության, գրքույկների ստեղծման և տարածման նկատմամբ պետք է լինի մասնագիտական հսկողություն, ասել է թե՝ մասնագիտական քննարկում, պետական համապատասխան կառույցի հավանություն, առանց որի նման նյութերի տարածումը չպիտի խրախուսվի: Թե չէ էսպես ում խելքին ինչ փչի՝  մարդկանց դատին կհանձնի»։  

Վ. Շահրամանյանը վստահ է, որ երբ խոսքը երեխայի սեռական զարգացման, սեռական դաստիարակության մասին է, պետք է չափազանց ուշադիր լինել. 

«Պետք է չափազանց ուշադիր լինել երեխաներին հրամցվող տպագիր, պատկերային, տեսաշարժային ու այլև գիտակրթական նյութերի հարցերում: Հակառակ պարագայում ունքը շտկելու փոխարեն աչքն է վնասվելու: Որն է ելքը՝ օգտվել միայն մասնագիտական գրականությունից և հեռու մնալ պատահական ծագում և բովանդակություն ունեցող ձեռնարկներից և գրքույկներից»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА