o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրգանիզմում սպիտակուցի անբավարարության 6 նշան

06.05.2019 17:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Օրգանիզմում սպիտակուցի անբավարարության 6 նշան

Սպիտակուցն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն աշխատանքի համար, եւ նրա անբավարարությունը կարող է արտահայտվել մի շարք ախտանիշներով, ինչպիսին են.

Մազերի եւ եղունգների փխրունություն

Օրգանիզմում կալցիումի պակասի 5 հայտանշան

Մաշկի, եղունգների եւ մազերի որակը կախված է կերակրացանկում սպիտակուցի քանակությունից, քանի որ դրա անբավարարությունը անմիջապես արտացոլվում է մեր արտաքինի վրա։ Եթե օրգանիզմը բավարար քանակությամբ սպիտակուց չի ստանում, եղունգների, մազերի եւ մաշկի կառուցվածքը համալրող սպիտակուցների արտադրությունը դանդաղում է, եւ արդյունքում՝ մազերը դառնում են բեկուն եւ խամրած, եղունգները շերտատվում են, իսկ մաշկը ավելի է հակվում բորբոքվելու։

Կտրվածքների եւ վերքերի դանդաղ ապաքինում

Սպիտակուցը մկանային հյուսվածքի բջիջների, մաշկի եւ արյան կարեւոր տարրն է, ուստի եթե սպիտակուցը կերակրացանկում չի բավականացնում, վնասված մաշկի վերականգնումը շատ ավելի ժամանակ է խլում, քան եթե մարդը բավականաչափ քանակությամբ սպիտակուց ստանար։

Հաճախակի մրսածություն

Սպիտակուցը կարեւոր դեր է խաղում մեր իմունային համակարգի համար, եւ նրա անբավարարությունը թուլացնում է օրգանիզմի իմունային պաշտպանությունը։ Երբ մարդիկ քիչ են սպիտակուցներ օգտագործում, նրանք դառնում եմ ավելի խոցելի վարակների հանդեպ։ Եթե անընդհատ մրսում եւ հիվանդանում եք, վերանայեք ձեր կերակրացանկը եւ փորձեք ավելացնել սպիտակուցային սնունդը, ինչպես նաեւ մրգերն ու բանջարեղենները։

Անընդհատ քաղցի զգացողություն

Սպիտակուցի բավարար քանակությունն ամենօրյա կերակրացանկում ապահովում է կուշտ լինելու կայուն զգացողություն օրվա ընթացքում. դա բացատրվում է մարսողական համակարգի կողմից սպիտակուցի յուրացման գործընթացի երկարատեւությամբ։ Սպիտակուցի անբավարարության դեպքում մարդը կարող է մշտական քաղցածություն զգալ։ Մասնագետները խորհուրդ են տալիս սպիտակուցն օգտագործել օրական երեք անգամ՝ սպիտակուցային մթերքների ձեւով։ Հարկ է նաեւ ամեն օր օգտագործել բարդ ածխաջրեր եւ չհագեցած ճարպեր։

Հաճախակիացած այտուցներ

Մասնագետների խոսքով՝ սպիտակուցի անբավարարության ֆոնին խախտվում է օրգանիզմի ջրա-աղային հավասարակշռությունը, ինչի հետեւանքով նրա հյուսվածքներում ջուր է կուտակվում։ Մշտական այտուցները սպիտակուցի անբավարարության ամենատարածված նշաններից են։ Նման այտուցներ կարող են առաջանալ որովայնի շրջանում, ձեռքերի վրա, կոճերի եւ ոտնաթաթերի շրջանում։

Վատ տրամադրություն

Օրգանիզմի բջիջների միջեւ տեղեկատվության հաղորդման համար ուղեղն օգտագործում է միջնորդներ՝ նեյրոփոխանցողներ, որոնք կազմված են ամինաթթուներից՝ սպիտակուցի շինանյութերից։ Սպիտակուցի անբավարարության պատճառով ուղեղում կարող են առաջանալ խախտումներ, որոնք արտահայտվում են վարքագծում՝ ճնշված տրամադրություն, ընկճախտ, ագրեսիվություն։

Կերակրացանկում սպիտակուցի աղբյուր կարող են լինել այնպիսի մթերքներ, ինչպիսին են տավարի միսը, հնդկահավի միսը, հավը, ոչ յուղոտ խոզի միսը, ձուկը, կաթնամթերքները, ձուն, լոբազգիները եւ այլ մթերքներ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА